Գլուխ ԻԲ. - Խորհրդածումներ մարդկային խեղճության շուրջ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԲ. - Խորհրդածումներ մարդկային խեղճության շուրջ

1. Թշվառ ես, ո՛ւր էլ գնաս, ո՛ր կողմ էլ դառնաս, եթե առ Աստված չուղղվես: Ինչո՞ւ ես վրդովվում, եթե ամեն բան կամքիդ ու բաղձանքներիդ համաձայն չի ընթանում: Ո՞վ է տեսնում իր փափաքների լիուլի կատարումը. ո՛չ ես, ո՛չ դու, ո՛չ էլ ուրիշ մեկն այս աշխարհում: Այս կյանքում ոչ ոք – թագավոր լինի, թե քահանայապետ – զերծ չէ տագնապներից ու նեղություններից: Ո՞վ է ամենաերջանիկը մարդկանց մեջ, եթե ոչ՝ նա, ով սիրով է կրում իր նեղությունները, հանուն աստվածային սիրո:
 
2. Տկարներն ու նախանձներն ասում են. «Որքա՜ն երջանիկ է այսինչ անուն մարդը, որքա՜ն հարուստ է, հզոր ու պատիվներով ճոխացած»: Բայց դու երկնային բարիքներին միայն հառիր քո հայացքը և շուտով կհամոզվես, որ աշխարհի վաղանցուկ բարիքները ոչինչ են ու անստույգ. դրանք հոգնություն են միայն պատճառում հոգուն, որովհետև իրենց հետ բերում են վախ ու մտահոգություն: Մարդու երջանկությունը նյութական բարիքների առատության մեջ չէ, քանի որ այդ բարիքների չափավոր քանակն արդեն բավական է:
Իրոք որ մեծ թշվառություն է այս աշխարհում ապրելը: Մարդ որքան ավելի է ձգտում առաջադիմելու ներանձնական կյանքում, այնքան ավելի դառն է թվում նրան ներկա կյանքը, որովհետև ավելի հստակ է տեսնում և ավելի լավ զգում մարդկային անկյալ բնության տկարությունն ու ապականությունը: Ուտել, խմել, արթուն մնալ, քնել, հանգստանալ, աշխատել և ենթարկվել բնության բոլոր պահանջներին. սրանք իրական վիշտ ու տառապանք են բարեպաշտ մարդու համար, որը կամենում է շղթայազերծվել երկրային կապանքներից և ազատագրվել մեղքից: Որովհետև մարմնի այս բոլոր կարիքները ծանրածանր բեռ են ներանձնական կյանքին նվիրվող մարդու համար: Այս էր ահա պատճառը, որից մղված՝ Մարգարեն անձկալի աղոթքներով խնդրում էր ազատվել, ասելով. «Տեր, ազատիր ինձ մարմնի կարիքներից» (Սղմ 24, 17): Վա՜յ նրանց, ովքեր գիտակից չեն իրենց թշվառությանը. բայց առավել ևս վա՛յ նրանց, ովքեր սիրում են այդ թշվառությունն ու ներկա անցողիկ կյանքը: Կան մարդիկ, որ թեև մուրալով ու աշխատելով միասին հազիվ են կարողանում գտնել օրվա հացը, և սակայն այնքա՜ն անհագորեն են կառչում այս կյանքին, որ եթե հնարավորությունն ունենային այս աշխարհում ցմիշտ ապրելու, չէին մտածի անգամ Աստծո Արքայության մասին:
 
3. Որքա՜ն անմիտ են այդպիսի մարդիկ, ու անհավատ. այնքա՜ն խորն են թաղվել նյութական վայելքների մեջ, որ ի սպառ մոռացել են ճաշակը հոգևոր բարիքների: Թշվառականներ, ապագայում դառնությամբ տեսնելու են, թե քանիցս անարգ էր և ունայն իրենց այդքա՜ն սիրելի աշխարհը: Աստծո Սրբերն ու հավատարիմ բարեկամները, մինչդեռ, արհամարհեցին այն ամենն, ինչը հաճելի է մարմնին, ինչն անցողիկ տեսք ունի և հրապույր: Նրանց ամբողջ հույսն ու երազանքները դեպի հավիտենական բարիքները ձգտեցին միայն: Նրանց սրտերը սլացան դեպի անտեսանելին ու անկորնչելին. վախից դողում էին, որ միգուցե արարածների սերն իրենց դեպի վար՝ դեպի երկիր քաշի:
 
4. Մի՛ վհատվիր, եղբայր: Հոգևոր կյանքում առաջադիմելու դժվարությունների պատճառով հույսդ մի՛ կտրիր: Դեռ մի փոքրիկ ժամանակ ունես: Ինչո՞ւ ես հետաձգում առաջադրանքներիդ գործադրումը. վե՛ր կաց, ոտքի՛, գործի անցիր իսկո՛ւյն, և ասա՛. «Ահա՛ հարմար ժամանակն աշխատելու, պայքարելու և թերություններս ուղղելու»:
Երբ կյանքը ծանր ու դաժան կթվա քեզ, այնժամ է, որ պատեհ առիթն ունես մտածելու:
Հարկ է կրակի ու ջրի միջով անցնել՝ հանգստավայր հասնելու համար (Սղմ 65, 12): Եթե մարմինդ բռնությամբ չճնշես, չես կարող հաղթել մոլություններիդ: Քանի դեռ այս տկար մարմինն ենք կրում, ենթակա ենք մեղանչումի, և չենք կարող ապրել առանց ձանձրույթի ու վշտի: Այո՛, քաղցր կլիներ վայելումն ամեն տեսակ թշվառություններից զերծ անդորրի. բայց քանի որ մեղքով կորստյան մատնեցինք մեր անմեղությունը, կորստյան մատնեցինք նաև մեր իրական երջանկությունը: Հարկ է, ուրեմն, համբերությամբ սպասել Աստծո ողորմությանը, մինչև «անցնի անօրենությունը և այս մահկանացու վիճակն ընկղմվի անանց կյանքի մեջ» (2Կր 5, 4):
 
5. Ա՜հ, քանիցս անչափելի է մարդկային տկարությունը, որ միշտ դեպի չարն է հակված: Այսօր խոստովանում ենք մեր մեղքերը և վաղը կրկին ընկնում նույնի մեջ: Առաջադրում ենք զգուշանալ, և մի ժամ անց նորից բռնվում ենք նույն թակարդի մեջ, կարծես թե առաջադրած չլինեինք ոչինչ: Քանի՜ քանի՜ պատճառներ ունենք խոնարհվելու և երբեք չհանդգնելու բարձրանալ, քանի որ այսքա՜ն տկար ենք ու փոփոխամիտ: Մի ակնթարթում անհոգության պատճառով կորցնում ենք այն, ինչը դժվարությամբ էինք ձեռքբերել երկարատև ջանքերի գնով: Ի՞նչ ենք լինելու մեր կյանքի մայրամուտին, եթե արևածագին արդեն այսքան վատասիրտ ենք: Վա՜յ մեզ, եթե փորձենք հանգիստ վայելել, կարծես արդեն իսկ խաղաղության մեջ ենք ու ապահով, երբ մեր վարքը սրբության ստվերն անգամ չունի տակավին: Դեռևս շատ բաներ ունենք սովորելու, հնազանդ աշակերտների նման՝ լավագույն կյանքին վարժվելու: Թերևս դեռ կան վարքի ուղղման ու առաքինության ասպարեզում առաջադիմելու գեթ փոքրիկ հույսեր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։