Գլուխ ԻԳ. - Խորհրդածումներ մահվան շուրջ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԳ. - Խորհրդածումներ մահվան շուրջ

1. Շուտով է գալու մահվանդ պահը. տես, թե ինչ վիճակում է հոգիդ: Այսօր կանք, վաղը կանհետանանք: Երբ անհետանանք, մեր հիշատակը նույնպես կջնջվի մարդկանց մտքից: Որքա՜ն հիմար ու կարծր է մարդկային սիրտը, որ ներկայի մասին է միայն մտածում և մոռացության է մատնում ապագան: Բոլոր գործերիդ ու մտածումներիդ մեջ այնպես վարվիր, որ կարծես այսօր իսկ մեկնելու ես: Եթե խիղճդ մաքուր լիներ, մահից չէիր վախենա: Նախընտրելի է մեղքից զգուշանալ, քան փախչել մահից: Եթե այսօր պատրաստ չես, վաղն ինչպե՞ս ես պատրաստ լինելու: Վաղվա օրը ստույգ չէ, և որտեղի՞ց քեզ այդքան վստահություն, թե ապրելու ես մինչև վաղը:
 
2. Ի՞նչ օգուտ ունի երկար կյանքը, երբ շատ քիչ ենք բարեփոխում մեր վարքը: Ավա՜ղ, միշտ չէ, որ երկարակեցությունը վարքի ուղղմանն է ծառայում. ընդհակառակն, երբեմն բազմապատկում է թիվը մեր հանցանքների: Երանի՜ թե գեթ մի օր սրբությամբ ապրեինք այս աշխարհում: Շատերը հաշվում են տարիներն իրենց դարձի, և սակայն այդ տարիներն ամուլ են եղել և շատ քիչ են փոխել նրանց: Եթե մեռնելն ահավոր է, թերևս երկար ապրելն ավելի վտանգավոր է: Երանի՜ նրան, ով իր աչքերի առջև միշտ ունի իր մահվան ժամը և պատրաստվում է ամեն օր: Եթե մահամերձներ տեսնես, հիշիր, որ դու նույնպես անցնելու ես այդ նույն ճանապարհով: Առավոտյան մտածիր, որ կարող է չհասնես երեկոյին, իսկ երեկոյան քեզ մի՛ խոստացիր տեսնել առավոտը: Պատրաստ եղիր միշտ, որպեսզի մահը քեզ անակնկալի չմատնի: Շատերն անսպասելի ու հանկարծահաս մահով կնքեցին իրենց ընթացքը, որովհետև «Մարդու Որդին չկարծված ժամին է գալու» (Ղկս 12, 40): Երբ կհասնի այդ օրհասական պահը, ամբողջովին ա՛յլ կերպ կդատես անցյալդ և դառնակսկիծ կհառաչես գաղջությանդ ու անհոգությանդ համար:
 
3. Քանի՜ցս երջանիկ ու իմաստուն է նա, ով իր կյանքի ընթացքում ջանում է լինել այն, ինչ կամենում է լինել իր մահվան պահին: Որովհետև ոչ մի բան երջանիկ մահով մեռնելու մեծագույն վստահությունը չի տալիս մեզ այնքան, որքան աշխարհի կատարյալ ու ամբողջական արհամարհումը, առաքինության եռանդը, կանոնապահությունը, ապաշխարանքը, ինքնուրացումն ու Հիսուսի սիրո համար համբերությունը նեղությունների բովում: Կարող ես բազում բարեգործություններ կատարել մինչ առողջ ես, բայց անգիտանում եմ, թե ինչ կարող ես անել, երբ հիվանդանաս: Քչերն են իրենց վարքը բարելավում հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև քչերն են սրբանում հաճախակի ուխտագնացություններով:
 
4. Մի՛ հուսա բարեկամներիդ ու ծանոթներիդ. ապագային մի՛ թող փրկությանդ նրբին գործը, որովհետև կարծածիցդ ավելի շուտ են մոռանալու քեզ մարդիկ: Եթե դու այժմ չես մտահոգվում քեզնով, վաղը քո համար ո՞վ է մտահոգվելու: Ժամանակն, արդ, շատ թանկագին է. ահավասի՛կ ընդունելի ժամանակը, ահա՛ փրկության օրը (2Կր 6, 2): Ավա՜ղ, սակայն, քանի որ օգտակար կերպով չես գործածում ժամանակդ, մինչ կարող էիր նրանով արդյունքներ շահել ու հավերժ ապրել: Ահա հասնում է օրը և դու խնդրելու ես ևս մեկ օր, կամ գեթ մեկ ժամ՝ հոգիդ մաքրելու համար. բայց չգիտեմ, կընդունե՞ս արդյոք: Ա՜հ, բարեկամ սիրելի, քեզ մեծ վտանգից կարող ես ազատել, եթե երկնչես մահից ու մաքուր ապրես: Ապրիր այնպես, որ մահվանդ պահին ավելի զվարթության, քան սարսափի պատճառներ ունենաս: Այժմ իսկ սովորիր մեռնել աշխարհի համար, որպեսզի այնժամ ապրես Հիսուսի հետ: Այժմ իսկ սովորիր արհամարհել ամեն բան, որպեսզի այնժամ համարձակությամբ մոտենաս Նրան: Պատժիր մարմինդ ապաշխարությամբ, որպեսզի վերջին ժամին հաստատուն հույս, գեթ փոքրիկ ապահովություն ունենաս:
 
5. Անմիտ, ինչի՞ վրա հիմնվելով ես ինքդ քեզ երկար կյանք խոստանում, երբ մի օրվա գոյությունդ անգամ ապահով չէ: Քանի՜ քանիներ խաբվեցին ու հանկարծամահ եղան, բաժանվեցին իրենց մարմիններից: Քանի՜ անգամներ ես լսել. այսինչ մարդը սպանվեց սրով, մեկ ուրիշը խեղդվեց, երրորդը բարձր տեղից ընկնելով ջախջախվեց: Մեկն ուտելիս մեռավ, մյուսը՝ խաղալիս, մեկը կրակին զոհ գնաց, ուրիշը՝ սրին, երրորդը՝ ժանտախտին, ուրիշ մեկն էլ սրախողխող եղավ ավազակներից:
Եվ այսպես, բոլորի վերջը մահն է. մարդկանց կյանքն անցնում է ստվերի նման (Հոբ 14, 1-10):
 
6. Ո՞վ է հիշելու քեզ մահիցդ հետո, կամ ո՞վ է աղոթելու քո համար: Ուրեմն, պատվական եղբայր, հիմա՛ է ժամանակը, արա՛ ինչ կարող ես, որովհետև մահվանդ ժամն անհայտ է և չգիտես, թե նրանից հետո ինչ է պատահելու քո հետ: Քանի դեռ ժամանակ ունես, հավաքիր անկորնչելի գանձեր: Փրկությանդ մասին միայն մտածիր, և միտքդ նույնպես՝ աստվածային մտածումներով միայն թող զբաղվի: Այժմ իսկ քո համար բարեկամներ գտիր՝ պատվելով Աստծո Սրբերին և հետևելով նրանց օրինակին, որպեսզի երբ հասնի կյանքիդ վախճանը, երկնային հավիտենական հարկերի ներքո ընդունեն քեզ (Ղկս 16, 9): Որպես պանդուխտ ապրիր այս աշխարհում, որպես հյուր, որի համար անարժեք են արարածները: Սիրտդ ազատ պահիր և այն առ Աստված միայն բարձրացրու, որովհետև երկրի վրա մնայուն բնակարան չունես (Եբր 13, 14): Ամեն օր հառաչանքներդ, արցունքներդ ու աղոթքներդ թող բարձրանան դեպի Երկինք, որպեսզի մահիցդ հետո էլ հոգիդ իր ընթացքն առնի ու դեպի Աստված սլանա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։