Գլուխ ԻԳ. - Հոգու խաղաղությունը պահպանելու պայմանները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԳ. - Հոգու խաղաղությունը պահպանելու պայմանները

1. Հիսուսը. Որդյակ, այժմ քեզ կուսուցանեմ խաղաղության և իրական ազատության ճանապարհը:
 
2. Հավատացյալը. Տեր, արա՛ ինչ ասում ես, որովհետև ճիշտ այդ գիտությունն է, որ փնտրում եմ:
 
3. Հիսուսը. Աշխատիր, որդյակ, ավելի ուրիշների կամքը կատարել, քան քոնը: Գերադասիր միշտ ավելի քիչ ունենալ, քան շատ: Փնտրիր շարունակ վերջին տեղը և ստորադասիր քեզ ուրիշներից: Տևապես փափաքիր և աղոթիր, որ քեզնում անմնացորդ կերպով ի կատար ածվի Աստծո կամքը:
Ահա՛, եթե ապրես այս տրամադրություններով, կօթևանես խաղաղության ու անդորրի բնակավայրում:
 
4. Հավատացյալը. Տեր իմ, ուսուցումդ այո՛ հակիրճ է, բայց պարփակում է իրենում բազում իմաստություն ու կատարելություն: Խոսքերդ սակավ են, բայց իմաստալի ու արդյունառատ: Եթե հավատարմորեն հետևեի խրատներիդ, դյուրին չէր լինի ինձ վրդովելը: Որովհետև ամեն անգամ, երբ զգում եմ ինձ խռովված և կարծես թե ծանր բեռով սրտիս վրա, տեսնում եմ ինձ ու խոստովանում հեռացած Քո այս ուսուցումից: Բայց Դու, որ ամեն բան կարող ես և որ մեր հոգիների բարիքն ես միայն կամենում, բազմապատկիր շնորհիդ ներգործությունն ինձնում, որպեսզի կարողանամ գործադրել խորհուրդներդ և աշխատել ի նպաստ փրկությանս գործի:
 
5. Տեր Աստված իմ, մի՛ հեռացիր ինձնից, Աստված իմ, «շտապիր ինձ օգնության» (Սղմ 70, 12), որովհետև արթնացան ինձնում հպարտ մտածումներ և երկյուղն ալեկոծում է հոգիս: Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այս պայքարից ողջ ու անվնաս: Ինչպե՞ս կարող եմ պարտության մատնել սրանց:
«Ես», ասում ես Դու, «կընթանամ քո առջևից և կխորտակեմ երկրի գոռոզամիտներին» (Ես 45, 2), կբացեմ բանտի դռները և կհայտնեմ քեզ բազում ապաստարաններ:
Խոսքերիդ համաձայն վարվիր, Տեր, և թող Քո ներկայությանն անէանան մտածումներն այս ունայն: Սա՛ է հույսն իմ և միակ սփոփանքը. օգնությանդ դիմել բոլոր նեղությունների մեջ, Քեզ վստահել, Քեզ կանչել սրտանց, համբերությամբ սպասելով անպատում մխիթարությանդ:
 
6. Լուսավորիր ինձ, Հիսուս, մտքի լույսերով և սրտիցս դուրս վտարիր խավարն ու ստվերները: Արգելակիր բազում ցրումներս և խափանիր կամքս բռնադատող փորձությունները: Զորությամբդ պայքարիր իմ փոխարեն և հաղթիր այլանդակ գազաններին՝ խաբող ցանկություններին, որպեսզի Քեզնով վերադառնա խաղաղությունը և լիաձայն փառատրությունդ վերստին կարկաչի սուրբ ապարանքում, որ է մաքուր խիղճը:
Հրամայի՛ր փոթորիկին ու փայլակներին, ասա՛ ծովին. «Խաղաղվի՛ր», և հողմին. «Մի՛ փչիր» (Մրկ 4, 39), և իսկույն կտիրի մեծ հանդարտություն: «Առաքիր լույսդ և ճշմարտությունդ» (Սղմ 42, 3), որպեսզի փայլեն երկրի վրա, որովհետև ես «հող եմ խոպան ու անպտուղ» (Ծնդ 1, 2), եթե Դու չես լուսավորում ինձ: Ի վերուստ հեղիր շնորհներդ, զովացրու սիրտս երկնային ցողով, ոռոգիր աշխարհը աստվածապաշտության կենդանի ջրերով, որպեսզի հոգիների ճյուղերը ծանրաբեռնվեն բարի լավագույն պտուղներով: Մեղքերի ծանրության տակ կքված հոգիս վեր բարձրացրու և բոլոր իղձերս ու փափաքներս դեպի երկնային իրողություններն ուղղիր: Որպեսզի ճաշակելով քաղցրությունը վերին երանության, ձանձրույթ զգամ երկրային իրողությունների շուրջ մտածելու դեպքում: Դուրս կորզիր ու ազատիր ինձ արարածների պարգևած վաղանցուկ մխիթարություններից, որովհետև ստեղծված ոչ մի բան չի կարող լիովին հագեցնել և սփոփել ծարավս: Շղթայիր ինձ Քեզ սիրույդ անքակտելի զոդերով, որովհետև միայն Դու բավական ես Քեզ սիրողին, մինչ առանց Քեզ անհամ են բոլոր գոյությունները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։