Գլուխ ԻԴ. - Չմտահոգվել ուրիշների արարքներով – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԴ. - Չմտահոգվել ուրիշների արարքներով

1. Հիսուսը. Որդյակ, մի՛ եղիր հետաքրքրասեր և մի՛ խառնվիր քեզ չվերաբերվող հարցերին: Ի՞նչ կարևորություն ունեն քո համար այս կամ այն իրողությունները: «Դու ինձ հետևելուդ մասին միայն մտածիր» (Հվհ 21, 22): Քեզ չի վերաբերվում, որ մեկն այսպես է կամ այնպես, կամ որ մի ուրիշը գործում կամ խոսում է այս կամ այն կերպ: Դու ուրիշների փոխարեն հաշիվ չես ներկայացնելու, այլ՝ պատասխան ես տալու քո՛ գործերի համար: Հետևաբար, ինչո՞ւ ես քննում ուրիշների գործերը: Ես ճանաչում եմ բոլորին և տեսնում եմ այն ամենը, որ կատարվում է աշխարհում, գիտեմ, թե ինչպիսի տրամադրություններ ունի մարդկանցից յուրաքանչյուրը, թե ինչ է խորհում, ինչ կամենում և կամ թե դեպի ուր են ուղղված իր փափաքները: Ուրեմն, ամեն բան ինձ վստահիր: Դու պահիր հոգիդ խաղաղության մեջ և թող, որ ամբարիշտն իրեն այս կամ այն պատին խփի այնքան, որքան կամենում է: Իր գլխին է բարդվելու այն ամենը, որ անում է կամ ասում, որովհետև ինձ խաբել անհնարին է:
 
2. Մի՛ վազիր այն ստվերի ետևից, որ կոչվում է «ՄԵԾ ԱՆՈՒՆ», մի՛ փափաքիր մտերիմ լինել բազմաթիվ մարդկանց, և մի՛ կամեցիր ոմանց յուրահատուկ բարեկամությունն ունենալ: Այս իրողությունները հոգում ծնում են ցրվածություն և մեծ խավար: Սիրով կպարգևեի քեզ իմ խոսքը և կհայտնեի քեզ գաղտնիքներն իմ, եթե հավատարմությամբ սպասեիր գալստյանս և սրտիդ դռները լայն բացեիր իմ առաջ: Խոհեմ եղիր, հարատև՝ աղոթքում, և խոնարհեցրու անձդ՝ քեզ ներկայացող բոլոր առիթներում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։