Գլուխ ԻԴ. - Վերջին դատաստանն ու մեղավորների պատիժը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԴ. - Վերջին դատաստանն ու մեղավորների պատիժը

1. Ամեն բանի վախճանն ունեցիր ուշադրությանդ կենտրոնում. մտքիդ առջև թող գծագրվի այն օրը, երբ կանգնելու ես ահեղ դատավորի առաջ, որի համար գաղտնիքներ չկան, որը չի կաշառվում դրամով, որը չքմեղանքներ չի ընդունում և դատում է արդարությամբ: Թշվառ ու անմիտ մեղավոր, դու, որ բարկացած մարդու կերպարանք տեսնելիս իսկ սարսափում ես, ի՞նչ ես պատասխանելու Աստծուն, որին հայտնի են բոլոր անօրենություններդ: Ինչո՞ւ չես պատրաստվում այդ ահավոր օրվան, որում ոչ ոք չի կարող պաշտպանվել կամ արդարանալ ուրիշի միջնորդությամբ, որում ամեն մարդ ինքն իր համար արդեն բեռ է ու ծանրություն: Այժմ ջանքերդ դեռ արդյունավետ են, արցունքներդ՝ ընդունելի, հառաչանքներդ՝ լսելի, վիշտդ գոհացում է տալիս երկնային արդարությանը և մաքրում հոգիդ:
 
2. Համբերությամբ զինված մարդու համար մեծ ու փրկարար քավարան է այս երկիրը: Նախատինք ստանալիս նա ավելի ընկերոջ չարության համար է ցավում, քան իր ընդունած վիրավորանքի: Անկեղծորեն աղոթում է իրեն տրտմություն պատճառողների համար և նրանց ներում է ամբողջ սրտով: Եթե ինքն է ակամա վշտացնում մեկին, պատրաստակամորեն շտապում է ներում հայցելու: Ավելի կարեկցելու է տրամադիր, քան բարկանալու: Բռնություն է բանեցնում իր անձի վրա, որպեսզի մարմինը հոգուն հպատակեցնի ամեն ինչում: Նախընտրելի է ա՛յժմ մաքրել մեղքերը, ա՛յժմ ջնջել մոլությունները, քան դրանց քավությունը թողնել հանդերձյալ կյանքին: Ա՜հ, որքան ենք մոլորվում՝ անկարգ սիրով սիրելով մեր մարմինը:
 
3. Ի՞նչ է լափելու դժոխքի կրակը, եթե ոչ՝ մեր մեղքերը: Որքան դու քեզ խնայես, որքան փայփայես մարմինդ, այնքան ավելի հավաքած կլինես անշեջ կրակի համար: Ինչով որ մարդ մեղանչում է, նույնով էլ պատժվելու է՝ առավել մեծ խստությամբ: Ծույլերն այնտեղ խարանվելու են հրավառ խայթոցներով: Որկրամոլները տառապելու են քաղցից ու ցամաքելու են ծարավից: Այնտեղ անմաքուրներն ու հաճոյամոլները մխրճվելու են եռացող ձյութի ու ժանտահոտ ծծումբի մեջ, իսկ նախանձները կատաղած շների նման կաղկանձելու են մոլեգին ցավերից ստիպված: Յուրաքանչյուր մոլություն ունենալու է իրեն հատուկ պատիժը: Հպարտներն ամոթահար են մնալու, իսկ ագահները մատնվելու են հետին չքավորության: Այնտեղի չարչարանքների մի ժամն ավելի սարսափելի է, քան հարյուր տարվա ամենախիստ ապաշխարանքը երկրի վրա: Այստեղ աշխատանքը երբեմն դադարում է և բարեկամներն հանդիպում են միմյանց ու մխիթարում: Հավիտենության մեջ, դատապարտվածների համար դադար ու սփոփանք չկա: Ուրեմն, այժմ սոսկա՛ ու դողա՛ մեղքերիդ ի տես, որպեսզի դատաստանի օրը ապահովություն ունենաս երանելիների հետ: Որովհետև այդ օրը «արդարները համարձակությամբ կանգնելու են նրանց առջև, ովքեր չարչարեցին իրենց ու արհամարհեցին» (Իմ 5, 1): Այնժամ իբրև դատավոր է ներկայանալու նա, ով այժմ իրեն մեծ խոնարհությամբ ենթարկում է մարդկանց դատաստանին: Այնժամ խոնարհները և հոգով աղքատները վստահությամբ են լցվելու և սարսափն է պատելու հպարտներին:
 
4. Այնժամ է միայն հստակ երևալու, որ աշխարհի վրա իմաստունը նա էր, ով սովորել էր արհամարհվել և անմիտ երևալ Քրիստոսի սիրո համար:
Այնժամ համբերությամբ կրված չարչարանքը հրճվանք է պատճառելու, իսկ հպարտությունը մնալու է համր (Սղմ 106, 42): Այնժամ արդարները ցնծալու են բերկրալի խնդությամբ, իսկ ամբարիշտները ծածկվելու են տրտմության ստվերներով: Այնժամ իրենց զգայարանները սանձած մարմինները հրճվելու են այնպես, որ կարծես թե միշտ ապրել են փափկություններով շրջապատված: Այնժամ աղքատիկ հագուստները շողալու են, իսկ պերճափայլ բեհեզները՝ նսեմանալու: Այնժամ խարխուլ խրճիթներն ավելի անգին են համարվելու, քան ոսկեզօծ պալատները: Այնժամ ավելի օգտակար է նկատվելու հարատև համբերությունը, քան աշխարհի ամբողջ զորությունը. և պարզ ու խոնարհ հնազանդությունն ավելի վեհ ու վսեմ է երևալու, քան աշխարհի ամբողջ գիտությունը: Այնժամ մաքուր ու հանգիստ խիղճը ավելի մեծ հրճվանք է պատճառելու, քան խոր իմաստությունը: Այնժամ հարստության արհամարհանքն ավելի ծանր է կշռելու նժարի վրա, քան աշխարհի բոլոր գանձերը: Այնժամ մեկ ջերմեռանդ աղոթքի հիշատակն անգամ ավելի մխիթարիչ է լինելու, քան հիշատակը ճոխ խնջույքների: Այնժամ ավելի քչախոսությանդ համար ես ուրախանալու, քան շատախոսությանդ: Այնժամ բարեգործություններն ավելի պատվական են երևալու մարդկանց աչքին, քան լավագույն ճառերը: Այնժամ նեղություններով ու խիստ ապաշխարանքներով անցկացված կյանքն ավելի հաճելի է թվալու, քան աշխարհի բոլոր բերկրանքներն ի միասին: Սովորիր այժմ սիրով համբերել ինչ ինչ փոքրիկ չարչարանքների, որպեսզի այնժամ է՛լ ավելի ծանրերից ազատվես: Այժմ իսկ փորձիր, թե ինչի կարող ես դիմանալ հետո: Եթե այժմ թեթև նեղությանն անգամ չես կարողանում դիմանալ, կամ չնչին ցավի, ինչպե՞ս ես, ուրեմն, կրելու հավիտենական տանջանքները: Եթե այժմ մի փոքրիկ վիշտ քեզ այդքան անհամբեր է դարձնում, դժոխքի չարչարանքներն ապա ի՞նչ են անելու: Չես կարող երկու ուրախությունները միասին ունենալ. այս աշխարհի փափկությունները վայելել և հետո էլ թագավորել Քրիստոսի հետ:
 
5. Եթե հարկ լիներ մի քանի րոպեից մեռնել, ի՞նչ օգուտ պիտի ունենային մինչ այժմ ապրած ուրախությունն ու պատիվները: Հետևաբար, ամեն բան ունայն է, բացի Աստծուն սիրելուց և Նրան ծառայելուց (Ժող 1, 2): Ով սիրում է Աստծուն ամբողջ սրտով, չի վախենում ո՛չ մահից, ո՛չ դատաստանից, ո՛չ դժոխքից, և ո՛չ էլ չարչարանքներից, որովհետև կատարյալ սերն է առ Աստված բարձրանալու ամենաապահով ուղին: Իսկ մահից ու դատաստանից վախենում է նա, ով սիրում է մեղքը: Սրանով հանդերձ, եթե Աստծո սերն անգամ չի հեռացնում քեզ մեղքից, լավ է՝ եթե գեթ վախը քեզ զսպի ու հեռացնի: Ով իր սրտում չունի Աստծո երկյուղը, չի կարող հարատևել բարու մեջ, այլ՝ շուտով կբռնվի սատանայի վարմ որոգայթներում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։