Գլուխ ԻԵ. - Իրական խաղաղությունն ու ճշմարիտ առաջադիմությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԵ. - Իրական խաղաղությունն ու ճշմարիտ առաջադիմությունը

1. Հիսուսը. Որդյակ, հիշիր խոսքերս. «Ձեզ խաղաղություն եմ տալիս, ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս, բայց չեմ տալիս ձեզ այնպես, ինչպես այս աշխարհը» (Հվհ 14, 27): Բոլորն են փափաքում խաղաղություն, բայց ո՛չ բոլորն են հոժարությամբ ընդունում այն միջոցները, որոնք տանում են դեպի իրական խաղաղությունը: Իմ խաղաղությունը ընկերակցում է հեզերին և սրտով խոնարհներին: Խաղաղությունդ համբերության մեջ միայն կարող ես գտնել: Եթե լսես ինձ և գործես խոսքերիս համաձայն, կկարողանաս վայելել մեծ խաղաղություն:
 
2. Հավատացյալը. Ի՞նչ պետք է անեմ, Տեր:
 
3. Հիսուսը. Ամենուր և ամեն ինչում ուշադիր եղիր խոսքերիդ ու գործերիդ և ամեն բան կատարիր ի՛նձ միայն հաճույք պատճառելու դիտավորությամբ, և մի՛ կամեցիր, ո՛չ էլ փնտրիր ինձնից դուրս որևիցէ մի բան: Կտրուկ դատաստաններ մի՛ կայացրու այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ սոսկ հպանցիկ կամ մակերեսային ծանոթություն ունես, մի՛ խցկվիր քեզ չհանձնված գործերից ներս, այլոց խոսքերի ու գործերի մեջ, և այդպիսով քիչ ու հազվադեպ կխռովվես:
 
4. Բայց ինչ վերաբերվում է երբեք չխռովվելուն կամ հոգևոր ու մարմնավոր նեղություններ չկրելուն, սրանք այս կյանքին հատուկ չեն, այլ՝ բնորոշ են հավիտենական անդորրին: Հետևաբար, մի՛ կարծիր, թե գտել ես իրական խաղաղությունը, որովհետև բացակայում են փորձությունները. թե ամեն բան լավ է ընթանում, որովհետև լուռ են բոլոր ընդդիմախոսները. թե արդեն իսկ հասել ես կատարելությանը, որովհետև ի կատար ածված ես տեսնում կամքդ: Քեզ ջերմեռանդ և մխիթարություններով ողողված զգալով չես դառնում մեծ մեկը, ո՛չ էլ պատկանում ես ընտրյալների դասին: Այո՛, որովհետև այս չափանիշներով չէ, որ որակավորվում է իրական առաքինասերը, և այս զգացումներում չէ, որ կայանում են հոգու առաջադիմությունն ու կատարելությունը:
 
5. Հավատացյալը. Ուրեմն ինչո՞ւմ են կայանում, Տեր:
 
6. Հիսուսը. Ամբողջ սրտով Աստծո կամքին հանձնվելու մեջ, առանց փնտրելու անձնականը, ինչպես փոքրիկ իրողություններում, այնպես էլ մեծերում, ինչպես ժամանակի, այնպես էլ հավիտենականության մեջ: Եվ ամեն ինչին միևնույն աչքով նայելով և ամեն ինչ միևնույն նժարի վրա կշռելով, մշտապես երախտագիտությունդ հայտնիր ինձ ինչպես հաջողություններում, այնպես էլ նեղությունների բովում:
Եթե այնքան ուժեղ ու համբերատար լինես հույսի մեջ, որ կարողանաս տրամադրել սիրտդ կրելու չարաչար տառապանքներ, ներքին մխիթարություններից զրկվելու հետ մեկտեղ, եթե կարողանաս չարդարացնել անձդ, ասելով, թե անարդարացիորեն ես կրում այդօրինակ դաժան տառապանքներ, այլ ընդհակառակն՝ կարողանաս գովաբանել ինձ որպես արդար և սուրբ՝ իմ բոլոր որոշումների համար, այնժամ այո՛ կքայլես խաղաղության իրական և ուղղաշավիղ ճանապարհում և կկարողանաս հուսալ վերստին տեսնել երեսս անհուն խնդությամբ: Իսկ երբ կհասնես անձիդ լիակատար արհամարհմանը, այնժա՛մ միայն կկարողանաս վայելել խաղաղության լիությունը, որքան որ հնարավոր է երկրային քո այս աքսորում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։