Գլուխ ԻԶ. - Սրտի ազատությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԶ. - Սրտի ազատությունը

1. Հավատացյալը. Տեր, միտքը երկնային իրողություններում սևեռված պահելը և բազում հոգսերի միջով անցնելն առանց դրանց պատճառով տառապելու – ո՛չ թե անհոգությամբ, այլ՝ այն առանձնաշնորհմամբ, որով հոգին ազատ է մնում արարածներին մոլի կրքոտությամբ կապվելուց – հատուկ է կատարյալ մարդուն:
 
2. Պաղատում եմ Քեզ, ողորմած Աստված իմ, ազատիր ինձ այս կյանքի մտահոգություններից, որպեսզի խրվելով չխեղդվեմ դրանց մեջ. մարմնի կարիքների չափազանց բավարարումից, որպեսզի չհաղթվեմ հաճոյամոլության ցանկություններից. հոգևոր կյանքի բոլոր արգելքներից, որպեսզի նեղությունների բովում չհուսահատվեմ: Չեմ ասում, թե ազատիր ինձ միայն այն իրողություններից, որոնց փափաքում են աշխարհամոլները յոթնապատիկ տոչորմամբ, այլ նաև այն խեղճություններից, որոնք մահկանացուներիս տրված ընդհանուր անեծքի հետևանքում տառապագին ծանրանում են հոգուս վրա, արգելելով նրան մուտք գործել, ե՛րբ կամենում է, դեպի հոգու ազատություն:
Աստված իմ, անասելի քաղցրություն, դառնացրու իմ համար մարմնական բոլոր մխիթարությունները, որոնք հեռացնում են ինձ երկնային իրողությունների սիրուց և խաբեությամբ ձգում են ինձ դեպի իրենք, ներկա վայելքներ խոստանալով: Թող չհաղթեն ինձ, Աստված իմ, թող չհաղթեն ինձ մարմինն ու արյունը, թող չխաբեն ինձ աշխարհն ու իր վաղանցուկ փառքը, թող թիրախ չդառնամ սատանայի չարագործությունների համար: Տուր ինձ ուժ՝ դիմադրելու, համբերություն՝ տառապելու և աննկունություն՝ հարատևելու համար: Աշխարհի բոլոր մխիթարությունների փոխարեն, տո՛ւր ինձ նրբին զմայլանքը հոգու, իսկ մարմնավոր ցանկությունների փոխարեն, լիացրո՛ւ ինձ Քո սիրով: Ուտելը, խմելը, հագնվելն ու մարմնի մյուս բոլոր կարիքները ծանր բեռ են եռանդուն հոգու համար: Այնպես արա, որ ես դրանք օգտագործեմ չափավորությամբ և դեպի դրանք չնետվեմ անզուսպ կամեցողությամբ: Լավ չէ այս բոլոր իրողությունները կտրուկ կերպով մերժելը, որովհետև պարտավոր ենք կերակրել ու խնամել մարմինը: Բայց սուրբ օրենքն արգելում է մեզ փնտրել ավելորդը և այն, որ պարզապես հաճույքին է ծառայում, այլապես մարմինը կապստամբի հոգու դեմ: Անհրաժեշտ չափավորության մեջ, աղաչում եմ Քեզ, թող առաջնորդի և ուղղի ինձ Քո աջը, չզիջելու և տեղի չտալու համար չափազանցություններին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։