Գլուխ ԻԹ. - Օրհնել Աստծուն ընդմեջ նեղությունների – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԹ. - Օրհնել Աստծուն ընդմեջ նեղությունների

1. Հավատացյալը. «Թող հավիտյան օրհնվի անունդ, Տեր» (Տբթ 3, 13), որովհետև կամեցար, որ ենթարկվեմ այս նեղությանն ու փորձությանը: Չեմ կարող խուսափել սրանից, բայց կարիքն ունեմ հայցելու օգնությունդ, որպեսզի իմ համար բարի վախճան ունենա այս իրավիճակը: Տեր, գտնվում եմ նեղության մեջ և սիրտս հեռու է խաղաղ լինելուց, այո՛ շատ եմ տառապում այս փորձության պատճառով: «Այժմ, Հայր, ի՞նչ ասեմ. "Ազատի՞ր ինձ այս նեղությունից": Բայց ճիշտ սրա համար եմ եկել» (Հվհ 12, 27), որպեսզի Դու փառավորվես՝ փրկելով ինձ այս մեծամեծ փորձանքներից: Փրկիր ինձ, Տեր, որովհետև ես՝ թշվառս ի՞նչ կարող եմ անել կամ ո՞ւր գնալ առանց Քեզ: Տուր ինձ համբերություն այս անգամ ևս: Օգնիր ինձ, և որքան էլ խռովված լինեմ, չեմ հուսահատվի:
 
2. Իսկ այժմ, այսօրինակ տրտմությունների մեջ ի՞նչ պետք է ասեմ: «Տեր, թող Քո կամքը կատարվի» (Մտթ 26, 42): Ավա՜ղ, արժանի եմ նեղություններ ու վշտեր կրելուն: Հարկ է, որ լավ տառապեմ և երանի՜ թե համբերությամբ, մինչև կանցնի փոթորիկը և կվերահաստատվի անդորրը: Քո ամենակարող Աջը կարող է ազատել ինձ այս փորձությունից և մեղմել նրա սաստկությունը, որպեսզի չընկճվեմ, այն նույն կերպ, ինչպես շատ անգամներ վարվեցիր իմ հետ անցյալում, ողորմած Աստված իմ: Այս փոփոխությունը Աջդ միայն կարող է ի կատար ածել. այն որքան դժվարին է իմ համար, նույնքան ավելի դյուրին է Քո համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։