Գլուխ Լ. - Աստծո օգնությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Լ. - Աստծո օգնությունը

1. Հիսուսը. Որդյակ, ես եմ «Տերը, որ մխիթարում է նեղության օրերում» (Նամ 1, 7): Երբ նեղության մեջ ես, շտապիր իմ մոտ: Երկնային մխիթարության ընդունման մեծագույն արգելքն այն է, որ չափազանց ուշ ես դիմում աղոթքի: Այո՛, անձանձրույթ կերպով ինձնից խնդրելուց առաջ փնտրում ես զանազան ուրիշ միջոցներ, կամ էլ թափառում ես արտաքին իրողություններում: Եվ միևնույնն է, այս բոլորը վերջում գտնում ես սակավ նպաստավոր, մինչև չես ըմբռնում, որ ես եմ «Նա, որ փրկում է Իրեն հուսացողներին» (Սղմ 16, 7), որ ինձնից դուրս չկա ազդու օգնություն, ո՛չ էլ օգտակար խորհուրդ, և ո՛չ էլ հարատև դարման: Բայց այժմ, փոթորիկից հետո ոտքի կանգնելով, սփոփվիր ողորմությանս լույսով, որովհետև ես քո մոտ եմ վերանորոգելու համար ամեն բան, ո՛չ միայն ամբողջությամբ, այլ նաև առատությամբ ու առանց սահմանափակումների:
 
2. Մի՞թե կա որևէ մի գործ՝ գերազանց իմ կարողություններից: Կամ ի՞նչ է, կլինե՞մ երբևէ նման մի մարդու, որ ասում է և չի անում: Ո՞ւր է հավատքդ: Հաստատահիմն եղիր ու հարատև: Համբերատար եղիր ու կորովի. իր հարմար ժամին կցողվես երկնային մխիթարությամբ: Սպասիր ինձ, սպասիր. կգամ ու կամոքեմ վիշտդ: Իրական փորձություն է այն, որից մղված նեղսրտում ես, ունայն վախ է այն, որ սարսափեցնում է քեզ: Ինչի՞ է ծառայում ապագայով մտահոգվելը, եթե ոչ միայն՝ տրտմությունն ավելացնելուն: «Յուրաքանչյուր օրվա հոգսերը արդեն իսկ բավական են այդ օրվա համար» (Մտթ 6, 34): Ունայն ու ապարդյուն է ապագա իրողություններով ուրախանալը կամ զայրանալը. ապագա, որ թերևս չես էլ ապրելու:
 
3. Բայց մարդկային է նման երևակայական պատկերներով տարվելը, և նաև տկար հոգու նշան է թշնամու թելադրանքներից այդքան դյուրավ դյութվելը: Թշնամու համար կարևորություն չունի, թե խաբում է ու պատրում իրականով կամ կեղծով, թե պարտության է մատնում ներկա իրողությունների կապվածությամբ կամ ապագայի շուրջ վախերով: «Թող ուրեմն չզարհուրի սիրտդ և խուճապի չմատնվի» (Հվհ 14, 27): Հավատա՛ ինձ և վստահիր ողորմությանս: Երբ կարծում ես, թե հեռու ես ինձնից, հաճախ սովորականից ավելի մոտ եմ լինում քեզ: Երբ կարծում ես, թե ամեն բան կորած է գրեթե անվերադարձ, հաճախ ճիշտ դա է արժանիքներ շահելու հարմարագույն առիթը: Եթե ինչ որ մի բան ձախ է ընթանում, չի նշանակում, թե ամեն ինչ կորած է: Եզրահանգումներ չպետք է կայացնես պահի ազդեցության ներքո, չպետք է կանգ առնես խորհրդածելու ընդդիմությունների շուրջ, ո՛ր կողմից էլ հասնեն դրանք, ո՛չ էլ կարծես, թե վերստին ոտքի կանգնելու որևէ հույս անէացած է:
 
4. Մի՛ կարծիր, թե ամբողջովին լքել եմ քեզ, որովհետև մի փոքրիկ ժամանակի համար ուղարկում եմ փորձություններ և կամ որովհետև որոշ ժամանակով զրկվում ես փափաքելի մխիթարությունից. այսպես են քայլում դեպի երկնային Արքայություն առաջնորդող ճանապարհում: Եվ անկասկած, նեղություններին վարժվելը ավելի օգտակար է քեզ և իմ մյուս բոլոր ծառաներին, քան եթե ամեն բան ընթանար ձեր կամքի համաձայն: Ես ճանաչում եմ բոլոր գաղտնախորհուրդ մտածումները. գիտեմ, որ փրկությանդ համար անհրաժեշտ է մերթ ընդ մերթ զուրկ մնալը հոգևոր քաղցրություններից, որպեսզի չհպարտանաս հաջողություններիդ պատճառով, ո՛չ էլ ինքնահաճությամբ լցվես, համարելով քեզ այն, ինչ չես: Իրավունքներիս սահմանների մեջ է դադարեցնելն այն, ինչ տալիս էի, և հետո կրկին շնորհել, երբ կկամենամ ես ինքս:
 
5. Երբ կպարգևեմ, իմացիր, որ իմն են. երբ կկասեցնեմ դրանց հոսքը սրտիցդ ներս, վերցրած չեմ լինի այն, ինչ քեզ է պատկանում, որովհետև «բոլոր շնորհներն ու կատարյալ պարգևներն ի վերուստ են տրված» (Հկբ 1, 17): Եթե առաքում եմ քեզ նեղություններ ու հակառակություններ, մի՛ զայրացիր, ո՛չ էլ հուսահատվիր, որովհետև ես կարող եմ շուտով սփոփել քեզ և զվարթության փոխել որևէ վիշտ: Բայց առանց այս պատճառի իսկ, ես արդար եմ և արժանի ընդունելու փառք ու գոհություն, երբ այսպես եմ վարվում քո հետ:
 
6. Եթե ուղղամիտ դատաստաններ ես կայացնում և տեսնում ես ճշմարիտը, չպետք է խորապես տրտմես հակառակություններին ի տես, այլ ընդհակառակը՝ պետք է վայելես դրանք և երախտագիտությունդ հայտնես ինձ դրանց համար: Եվ ավելին. պարտավոր ես որպես իրական միակ բերկրանք նկատել այն, որ չեմ խնայում քեզ՝ առաքելով այդ վշտերը: «Ինչպես Հայրն է ինձ սիրում, այնպես եմ սիրում ես ձեզ», ասացի իմ նախասիրած աշակերտներին (Հվհ 15, 9): Սակայն չուղարկեցի նրանց, անշուշտ, զվարճանալու ժամանակավոր հաճույքներով, այլ՝ նետեցի նրանց մեծ պայքարների մեջ. չուղարկեցի ճոխանալու պատիվներով, այլ՝ ընդունելու մերժում ու արհամարհանք. ո՛չ պարապության, այլ՝ ջանք ու քրտինքի. ո՛չ հանգստի, այլ՝ առատ պտղաբերելու շնորհիվ համբերության:
Հիշի՛ր, որդյակ, այս խոսքերս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։