Գլուխ ԼԲ. - Անձնուրացությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԲ. - Անձնուրացությունը

1. Հիսուսը. Որդյակ, չես կարող կատարյալ ազատություն վայելել, եթե անմնացորդ չես հրաժարվում եսասիրությունիցդ: Ծանրածանր շղթաներ են իրենց ոտքերի վրա կրում բոլոր հարստություն դիզողներն ու ինքնահավանները, ագահներն ու հետաքրքրասերները, ծույլերն ու հաճոյամոլները, և բոլոր նրանք, ովքեր տևապես փնտրում են իրենց հարմարավետությունները և ո՛չ երբեք իմ կամքը, ովքեր հաճախ են երևակայում ու ծրագրում այնպիսի գործեր, որոնք գերազանցում են իրենց կարողություններին:
Այն ամենը, որ չի բխում Աստծուց, սահմանված է ոչնչանալու:
Միշտ հիշիր այս փոքրիկ, բայց փորձառությամբ փաստված ասացվածքը. «Թո՛ղ ամեն բան և կգտնես ամեն բան», հեռացրու քեզնից ցանկասիրությունդ և կգտնես հանգիստ: Լա՛վ խորհրդածիր այս խոսքերի շուրջ. երբ սկսես գործադրել, կըմբռնես, թե արտահայտված իմաստը որքան իրական է:
 
2. Հավատացյալը. Տեր, առաջարկածդ մի օրվա գործ չէ, և ո՛չ էլ մանկական խաղ: Այդ փոքրիկ նախադասության մեջ համառոտված է վանական կյանքի երկնահաս կատարելությունը:
 
3. Հիսուսը. Որդյակ, կատարելության ուղին քո առջև մատնանշող բացատրություններս լսելով չպետք է ետ ընկրկես և ո՛չ էլ սարսափի մատնվես իսկույն: Ընդհակառակը, դեպի միշտ ավելի բարձր ու վսեմ իրողությունները պետք է ուղղվես, կամ գեթ փափաքես ու կամենաս հասնել: Երանի՜ թե ունենայիր այդքան քաջություն, և հասած լինեիր մի այնպիսի աստիճանի, որ այլևս բռնված չլինեիր անձնասիրությանդ ախտով, այլ՝ պարզորեն հանձնեիր քեզ իմ կամքին և հրամաններին նրա, ում ես ինքս կարգել եմ Հայր միաբանության. այնժամ անսահմանորեն հաճելի կլինեիր ինձ և կյանքդ կանցներ լիակատար հոգեզվարթության ու խաղաղության մեջ:
Շատ ու շատ բաներից դեռ պետք է անջատվես, և եթե ամբողջովին չհրաժարվես ամեն ինչից, չես ստանա ինձնից այն, ինչ խնդրում ես: «Ահա խորհուրդ եմ տալիս քեզ. ինձնից գնիր կրակի բովով անցած ու ազնվացած ոսկին» (Հյտ 3, 18), այսինքն՝ երկնային իմաստությունը, որ ոտնակոխ է անում ստորին իրողությունները: Ջանա՛ ձեռք բերել այդ ոսկին՝ երկնաբույր խոնարհությունը, և մի կողմ՝ աղբանոց նետիր երկրային ու մարդկային որևէ իմաստություն կամ անձնահաճություն:
 
4. Իմ դարատև անփոփոխ ուսուցումս սա՛ է. մարդկանց գնահատմամբ թանկարժեք ու բարձր իրողությունների փոխարեն պետք է ձեռք բերես այն, ինչը նվաստ է աշխարհային որակավորմամբ: Թող մարդկանց կողմից ցածր ու մերժելի համարված և մոռացության մատնված իմ ոսկին արդարացիորեն արժևորվի քո կողմից որպես երկնային իրական միակ իմաստություն, որովհետև ինքն իր մեջ գոռոզամիտ չէ և ո՛չ էլ կամենում է գովասանքներ ընդունել երկրի վրա: Շատերն են այն խոսքերով մեծարում, մինչդեռ գործերով հեռանում են նրանցից: Սա՛ է այն «մեծարժեք գոհարը» (Մտթ 13, 46), որ թաքնված է շատերի տեսողությունից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։