Գլուխ ԼԴ. - Ամեն բանից ավելի՝ Աստծո սերը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԴ. - Ամեն բանից ավելի՝ Աստծո սերը

1. Հավատացյալը. Ահա՛ Աստվածն իմ և իմ ամեն ինչը: Ավելի դեռ ի՞նչ եմ ուզում, տակավին ի՞նչ կարող եմ փափաքել, որ լինի լավագույն: Ո՜վ ախորժալուր ու քաղցրանույշ խոսք, բայց այդպիսի նրանց համար միայն, ովքեր Հիսուսին են սիրում, և ո՛չ թե աշխարհն ու աշխարհայիններին: Աստված իմ և ամենայն ինչ իմ: Հասկացողի համար բավական է ասվածը և հաճելի է, սիրողի համար, կրկնել այն հաճախ: Երբ Դու ներկա ես, Աստված իմ, ամեն բան զվարթադեմ է. երբ բացակա, ամեն բան վերածվում է ձանձրույթի: Դու հանդարտեցնում ես սիրտը, անծայրածիր խաղաղություն ես սփռում նրան մեջ և հոգեթով զվարթություն: Քեզնում է ամեն բան գտնում իր իրական իմաստը, Դու ես պարգևում ամեն ինչի համար Քեզ օրհնելու շնորհը, առանց Քեզ ոչինչ չի կարող հաճելի լինել տևական կերպով: Որպեսզի ինչ որ մի բան լինի առինքնող ու հաճելի, հարկ է, որ ներծծված լինի շնորհովդ և համեմված՝ իմաստությամբդ:
 
2. Ով ճաշակում է Քեզ, զգում Քո անուշությունը, գտնում է քաղցրություն ամեն ինչում. ով չի ճաշակում Քեզ, ով համարում է Քեզ անհամաձայն իր ճաշակներին, ինչո՞ւմ արդյոք կկարողանա գտնել իր հանգիստը: Աշխարհի իմաստունները բավական հեռու են Քո իմաստությունից, ինչպես նաև նրանք, ովքեր թաղված են մարմնապաշտության ճահճուտներում: Որովհետև առաջինները լի են ունայնությամբ, իսկ երկրորդների մոտ է բնակվում մահը:
Նրանք, ովքեր աշխարհային իրողություններն արհամարհելով և մարմնի ցանկությունները մահացնելով հետևում են Քեզ, բացահայտում են իրենց որպես իրական իմաստուններ, որովհետև ունայնություններից անցնում են ճշմարտությանը և մարմնից՝ հոգուն: Այդպիսիների համար հաճելի է միայն Աստված, իսկ այն ամենը, որ բարի են գտնում արարածների մեջ, վերագրում են Արարչի փառքին: Բայց այնուամենայնիվ, անսահմանորեն տարբեր են իրական գեղեցկությունները Արարչի ու արարածի, Հավիտենականի ու մահկանացուի, Անստեղծ Լույսի և այն լույսի, որ մասնակցում է առաջինի պայծառությանը:
 
3. Ո՜վ Լույս հավիտենական, որ գերազանց ես, քան բոլոր լույսերն արարված, շողարձակիր ի վերուստ ճառագայթ մի պայծառափայլ, որ ներթափանցի մինչև սրտիս խորին ծալքերը: Մաքրագործիր, բերկրանքով պատիր, լուսավորիր ու կենագործիր հոգիս իր ամբողջ կարողությամբ, որպեսզի միանա Քեզ սրբաօծ հափշտակությամբ:
Ա՜հ, ե՞րբ է գալու այն երանելի ու սպասված ժամը, որում կհագեցնես ինձ ներկայությամբդ և կլինես իմ համար ամեն ինչ ամեն ինչում: Քանի դեռ սա չունեմ, լիովին երջանիկ չեմ: Ավա՜ղ, դեռ կենդանի է ինձնում հին մարդը, ամբողջովին խաչված չէ ու մեռած: Դեռ նյութում է հոգուն հակառակ բուռն ցանկություններ, սանձազերծում ներքին պայքարներ, խռովում անդորրը հոգու արքայության:
Բայց Դու, որ «տիրում ես ծովի զորությանը և մեղմացնում շառաչը նրա կոհակների, ե՛կ, օգնիր ինձ» (Սղմ 88, 10; 43, 26), «կործանի՛ր հեթանոսներին, որ կամենում են պատերազմել, և ցիրուցան արա նրանց՝ զորությանդ շնորհիվ» (Սղմ 67, 31): Ցույց տուր, աղաչում եմ Քեզ, մեծագործություններդ, և թող փառավորվի Աջդ: Որովհետև ա՛յլ հույս կամ ապաստան չունեմ, եթե ոչ միայն՝ Դու, Տեր Աստված իմ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։