Գլուխ ԼԵ. - Այս կյանքի ընթացքում փորձությունները չեն դադարում երբեք – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԵ. - Այս կյանքի ընթացքում փորձությունները չեն դադարում երբեք

1. Հիսուսը. Որդյակ, այս կյանքիդ ընթացքում ոչ մի վայրկյան ապահով չես, այլ՝ քանի դեռ ապրում ես, կարիքն ունես հոգևոր զենքերի: Շրջապատված ես թշնամիներով և հարձակումների ես ենթարկվում աջից ու ձախից: Եթե, հետևաբար, չորս կողմից չես պաշտպանվում համբերության վահանով, չես կարող երկար ժամանակ անխոցելի մնալ: Եթե սիրտդ անհետսկոչելի կերպով չես հաստատում ինձնում, իմ սիրո համար ցանկացած տառապանք կրելու սրտաբուխ կամքով, չես կարող դիմանալ այս պայքարում և ո՛չ էլ հասնել երկնաբնակ երանելիների դափնեպսակին: Հարկ է, որ դյուցազնորեն դիմադրես փորձություններին և ժայռակործան բռունցք գործադրես նրանց դեմ: «Հաղթողին կշնորհեմ ծածուկ մանանայից» (Հյտ 2, 17), մինչդեռ ծույլերը դատապարտված են իրենց թշվառության մեջ լքվելու:
 
2. Եթե հանգիստ ես փնտրում այս կյանքի ընթացքում, ուրեմն ինչպե՞ս ես կամենում հասնել հավիտենական հանգստին: Մի՛ տրամադրվիր հարմարավետ հանգստին, այլ՝ մեծ համբերության: Փնտրիր իրական խաղաղությունը, ո՛չ երկրի վրա, այլ՝ Երկնքում. ո՛չ մարդկանց կամ ուրիշ արարածների մեջ, այլ՝ ինձնում միայն: Աստծո սիրո համար ամեն բան պետք է կրես հոժարությամբ. հոգնություն և վիշտ, փորձություններ, նեղություններ, անձկություններ, խեղճություններ, հիվանդություններ, անարդարություններ, բամբասանքներ ու զրպարտություններ, հանդիմանություններ, նվաստացումներ, ամոթահարումներ, ուղղումներ ու արհամարհանքներ: Սրանք բոլորը բարի ներգործություն ունեն առաքինությունների զարգացման վրա, փորձում են իմ անկեղծ աշակերտներին և հյուսում երկնային դափնեպսակը: Ես հավիտենական վարձատրությամբ եմ հատուցում նույնիսկ փոքրիկ ու կարճատև հոգնությունները, և թեթև նվաստացումների փոխարեն՝ շնորհում եմ փառք անսահման ու աննկարագրելի:
 
3. Մի՞թե կարծում ես, թե հոգևոր շարունակական մխիթարություններ ես վայելելու կամքիդ համաձայն: Սրբերս միշտ չէ, որ ունեցան սփոփումներ, ընդհակառակը՝ կրեցին բազում տրտմություններ, զանազան փորձություններ ու մեծամեծ ցամաքություններ: Բայց ամեն ինչում հարատևեցին համբերության մեջ և ավելի ինձ վստահեցին, քան իրենք իրենց, քաջ իմանալով, որ «ժամանակավոր տառապանքները անհամեմատելի են ապագա փառքի հետ» (Հռմ 8, 18): Ցանկանում ես իսկո՞ւյն ունենալ այն, ինչ շա՜տ շատերը ստացան ի գին մեծ ջանքերի, հետ բազում արցունքների ու նեղությունների: «Քաջալերվի՛ր, թող հոգիդ լինի զորեղ և վստահի ինձ» (Սղմ 26, 14), մի՛ հուսահատվիր, ետ մի՛ ընկրկիր, այլ՝ մարմնով ու հոգով ճակատամարտի նետվիր ի փառս իմ: Ես կվարձատրեմ քեզ առատորեն, ես կընկերակցեմ քեզ ընդմեջ բոլոր նեղություններիդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։