Գլուխ ԼԶ. - Մարդկային ունայն դատաստանները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԶ. - Մարդկային ունայն դատաստանները

1. Հիսուսը. Որդյակ, հաստատիր սիրտդ իմ մեջ և մի՛ մտահոգվիր մարդկանց դատաստանների պատճառով, երբ խիղճդ առանց ինքնախաբության վկայում է, թե անպարտ ես և չարիք չես հասցնում ոչ ոքի: Բարի ու երանելի է տառապելն այսպես, և ծանր չէ նրա համար, ով խոնարհ է սրտով և ով ավելի Աստծուն է վստահում, քան ինքն իրեն: Բազմաթիվ են չարախոս շատախոսները, պետք չէ հավատք ընծայել նրանց բամբասանքներին: Ինչպես նաև, հաշվի առ այն պարագան, որ որքան էլ գործես, անհնարին է, որ հաճելի լինես բոլորին:
 
2. Պողոս Առաքյալը, ի սեր իմ խաղաղության, ջանաց հաճելի լինել բոլորին և յուրաքանչյուրի հետ հաղորդակցվել ըստ խոսակցի մտայնության: Եվ սակայն, մեծ արժեք չընծայեց մարդկային դատաստաններին: Այլոց հոգևոր օգտի և փրկության համար՝ գործի դրեց ներքին իր բոլոր պաշարները, իր ուժերի սահմաններում, բայց չկարողացավ խուսափել այն բանից, որ ոմանք երբեմն բացասական դատաստաններ կայացնեին իր մասին և թերագնահատեին իրեն: Հետևաբար, ամեն բան ինձ վստահեց, որովհետև ինձ ամեն բան հայտնի է: Չարաբան լեզուների, անհիմն մտքերով առաջնորդվողների և նրանց դեմ, ովքեր հիմարաբար դուրս են նետում այն ամենը, որ տվյալ պահին կամենում են ասել, պաշտպանվեց համբերության ու խոնարհության վահանով: Բայց երբեմն էլ պատասխանեց, որպեսզի իր լռությունից գայթակղություն չծնվեր թուլամիտների համար:
 
3. Ինչո՞ւ ես վախենում մահկանացու մարդկանցից, որոնք այսօր կան, իսկ վաղը կանհետանան: Երկնչիր Աստծուց և չես սարսափի մարդկանց սպառնալիքներից: Ի՞նչ կարող է անել քեզ որևէ մեկը խոսքով կամ զրպարտությամբ: Ավելի իրեն է վնասում, քան քեզ, որովհետև ո՛վ էլ լինի, չի կարող փախչել աստվածային դատաստանիցս: Ինձ ունեցիր աչքերիդ առաջ և մի՛ վիճիր կամ դժգոհիր: Եթե քեզ թվում է, թե վատթար վիճակում ես գտնվում կամ կրում մի ամոթ, որին չես արժանացել, մի՛ զայրացիր և անհամբերությանդ պատճառով մի՛ գեղազրկիր հավիտենական դափնեպսակդ: Նախընտրելի է, որ հայացքդ դեպի ինձ ուղղես, ինձ, որ կարող եմ ազատել քեզ ցանկացած նվաստացումից, ինձ, որ «հատուցում եմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Մտթ 10, 27):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։