Գլուխ ԼԸ. - Ինքնատիրապետումը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԸ. - Ինքնատիրապետումը

1. Հիսուսը. Որդյակ, պետք է մեծ ջանասիրությամբ ուշադրություն դարձնես այս հանգամանքին. ամենուր և քո բոլոր արտաքին գործերում կամ ձեռնարկներում լինել ներքուստ ազատ և տերը անձիդ, և որ ամեն բան ենթակա լինի քեզ, ո՛չ թե դու առարկաներին ու դեպքերին: Պետք է դու լինես արարքներիդ տերն ու չափավորողը, և ո՛չ թե դրանց ծառան կամ վարձկանը: Եղիր ինչպես իրական ազատ «իսրայելացի» և մասնակցիր Աստծո որդիների երանությանն ու ազատությանը, որոնք ներկա իրողություններից վեր կանգնած՝ հայում են հավիտենական իրողություններին: Նրանք ձախ աչքով են դիտում վաղանցուկ բաներին, մինչդեռ աջով՝ երկնայիններին: Նրանց չեն հրապուրում ժամանակավոր բարիքները, դրանց կապվելու համար, այլ ավելի՝ իրենք են ծառայեցնում այդ բարիքներն ըստ բանական պահանջի, Արարչի կողմից հաստատված կանոնների համաձայն. Արարչի, որ չկամեցավ Իր արարչության մեջ որևիցէ մի բան դուրս թողնել կանոններից:
 
2. Եթե դեպքերի ու պատահարների մեջ կանգ չառնես արտաքին երևույթների վրա և եթե մարմնեղեն աչքով միայն չքննես այն ամենը, որ տեսնում ես կամ լսում, այլ՝ բոլոր իրավիճակներում Մովսեսի նման իսկույն շտապես դեպի Տապանակը, խորհուրդ ստանալու համար, կունկնդրես աստվածային պատասխանս և կվերադառնաս ներկա ու ապագա բազում խորհուրդների շուրջ լուսաբանումներ ստացած: Մովսեսը միշտ դիմում էր Տապանակի Տիրոջը, լուծելու համար կասկածներն ու հարցումները, և աղոթքի միջոցով էր պաշտպանվում վտանգներից ու մարդկանց չարությունից: Դու նույնպես, պետք է փախչես սրտիդ խորքերը, մեծագույն թախանձանքով աղերսելով աստվածային օգնությունը: Եթե Հեսուն և իսրայելացիները խաբվեցին գաբավոնացիներից, դա եղավ, որովհետև «Տիրոջից խորհուրդ չհարցրեցին» (Հս 9, 14), այլ՝ չափազանցյալ վստահություն ընծայելով քաղցր խոսքերին, խաբվեցին կեղծ գթասրտությունից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։