Գլուխ ԼԹ. - Շահից ծնվող մտահոգությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԹ. - Շահից ծնվող մտահոգությունները

1. Հիսուսը. Որդյակ, ինձ վստահիր գործերդ և ես դրանք կտնօրինեմ լավագույն կերպով: Կարգադրումներիս հետևիր և իսկույն կզգաս օգուտը:
 
2. Հավատացյալը. Այո՛, Տեր, Քեզ եմ հանձնում իմ գործերը, քանի որ իմ մտահոգությունները դատարկ են ու ապարդյուն: Երանի՜ թե միտքս ապագա հոգսերով չծանրաբեռնեի, այլ՝ պատրաստակամորեն նվիրվեի կատարելու այն, ինչ հաճելի է Քեզ:
 
3. Հիսուսը. Որդյակ իմ, մարդը հաճախ չափազանց անձկությամբ է փափաքում որոշ իրողություններ, բայց հազիվ է դրանք ձեռքբերում, սկսում է ա՛յլ կերպ գնահատել իրադրությունը, որովհետև զգացումները չեն խարսխվում միշտ միևնույն առարկայի վրա, այլ՝ քարշ են գալիս մեկից դեպի մյուսը:
Ոչինչ արժեցող իրողություն չէ հրաժարվելը նաև ոչինչ արժեցող իրողություններից:
Մարդու հոգևոր իրական առաջադիմությունը կայանում է ինքնամերժման և անձնուրացման մեջ: Ինքն իրենից հրաժարված անձը մեծապես ազատ է ու վստահ: Բայց հին թշնամին, որ խոչնդոտներ է հարուցում բարիների ճանապարհին, երբեք չի հրաժարվում փորձելուց, նյութում է խաբեություններ, անզգույշներին որոգայթների մեջ որսալու համար: Ասացի Առաքյալներիս և նույնը կրկնում եմ բոլոր ժամանակների բոլոր մարդկանց.
 «Հսկեցեք և աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մտթ 26, 41):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։