Գլուխ Խ. - Մեզնում չունենք պարծենալու արժանի ոչինչ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Խ. - Մեզնում չունենք պարծենալու արժանի ոչինչ

1. Հավատացյալը. Տեր, «ի՞նչ է իրենից ներկայացնում մարդը, որ հիշում ես նրան, կամ ի՞նչ արժեք ունի մարդու որդին, որ հոգատարություն ես ցուցաբերում նրա հանդեպ» (Սղմ 8, 5): Ի՞նչ արժանիք ունի մարդը, որ տալիս ես նրան Քո շնորհը: Տեր, ինչպե՞ս կարող եմ տրտնջալ, եթե լքես ինձ, կամ ո՞ր իրավունքներիս վրա արդարացիորեն հիմնվելով կարող եմ բողոքել, եթե մերժես գոհացում տալ խնդրանքներիս: Մի բան միայն կարող եմ խորհել և խոսել ամենայն իրավացիությամբ. «Տեր, ես ոչի՛նչ եմ, ոչի՛նչ չեմ կարող, ինքս ինձնում չունեմ բարի ոչի՛նչ: Ավելին. թերանում եմ միշտ և ամեն ինչում, շարունակ հակվելով դեպի ոչինչը: Եվ եթե չօգնես ինձ և չքաջալերես ներքուստ, կընկղմվեմ հեղգության ու սանձարձակության տիղմերի մեջ»:
 
2. Բայց Դու, Տեր, միշտ անփոփոխ ես և ապրում ես հավիտյան, միշտ բարի ես, արդար և սուրբ, ամեն բան լավ ես կատարում, արդարորեն ու սրբորեն, և ամեն բան տնօրինում ես մեծ իմաստությամբ: Մինչդեռ ես, որ հակված եմ ավելի ետ ընկրկելու, քան առաջադիմելու, չեմ տևում միևնույն վիճակում և բարձրության վրա: Եվ սակայն, երբ կամենում ես և դեպի ինձ ես երկարում օգնական բազուկդ, իսկույն ամեն բան փոխվում է և ընթանում դեպի լավագույնը: Որովհետև Դու, առանց մարդկային որևէ օգնության, կարող ես զորավիգ լինել ինձ և դարձնել հաստատահիմն, այնպես, որ այլևս չտարվեմ զանազան իրողություններով, այլ՝ միայն դեպի Քեզ ուղղեմ սիրտս և միմիայն Քեզնում գտնեմ հոգուս հանգիստը:
 
3. Եթե իսկապես հրաժարվեի մարդկային բոլոր մխիթարություններից, – լինի հոգեսիրությունից, թե Քեզ փնտրելու կարիքներից մղված, – քանի որ մարդկանցից ոչ ոք չի կարող լիացնել հոգուս պապակը, այնժամ կկարողանայի հուսալ շնորհիդ այցելությանը և ցնծալ ընդմեջ հոգևոր նորանոր մխիթարությունների:
 
4. Երախտագիտություն եմ հայտնում Քեզ, Տեր, այն բոլոր բարիքների համար, որ պատահում են ինձ. Քեզ, որիցդ են բխում բոլոր բարիքները: Քանզի ես ունայնություն և ոչինչ եմ Քո առջև, մարդ եմ դյուրափոփոխ ու դյուրաբեկ: Ինչո՞վ կարող եմ ուրեմն պարծենալ, և ինչպե՞ս կարող եմ փափաքել ընդունել պատիվ ու մեծարանք: Թերևս ոչնչությա՞նս համար: Կլիներ գագաթնակետը հիմարության: Հպարտությունը մահասփյուռ ժանտախտ է, մեծագույն ունայնություն, որովհետև հեռացնում է իրական փառքից և մերկացնում զրկում երկնային շնորհից: Մարդիկ իրենք իրենց հաճելի թվալով՝ տհաճ են դառնում Քեզ. մարդկային գովասանքներ փնտրելով՝ զուրկ են մնում իրական արժեքներից:
 
5. Բայց իրական փառքը և սուրբ բերկրանքը Քո՛ Անունը հռչակելն է, և ո՛չ թե՝ ինքներս մեր. վայելելն է հանուն Քո՛, և ո՛չ թե՝ հանուն մեր եսի. ո՛չ թե արարածներով հրճվելն է, այլ՝ Արարիչով զմայլվելը:
Թող գովյալ լինի Քո՛ Անունը, ո՛չ իմը. թող մեծարվեն Քո՛ գործերը, ո՛չ թե իմոնք. թող օրհնվի Քո՛ սուրբ Անունը, Հիսուս, և ինձ թող չուղղվի ոչ մի գովասանք մարդկանցից: Դո՛ւ ես իմ փառքը, Դո՛ւ ես բերկրանքն իմ սրտի:
 
6. Թող հրեաները փնտրեն միմյանց տրվող մարդկային փառքը, ես Քեզնից եկող փառքն եմ փնտրում միայն, Աստված իմ: Եվ իրականում, որևէ մարդկային փառք, որևէ երկրային պատիվ, աշխարհային որևէ բարձրություն միմիայն ունայնություն են ու տխմարություն, հավիտենական փառքիդ համեմատ: Աստված իմ, ո՜վ Ամենասուրբ Երրորդություն, Քեզ են միայն վայելում գովք ու պատիվ, մեծարանք ու փառք հավիտյանս հավիտենից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։