Գլուխ ԽԳ. - Աշխարհային ունայն գիտությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԳ. - Աշխարհային ունայն գիտությունը

1. Հիսուսը. Որդյակ, թող քեզ չհմայեն մարդկանց գեղեցիկ ու նրբիմաստ խոսքերը, որովհետև «Աստծո Արքայությունը ճառախոսությունների մեջ չի կայանում, այլ՝ առաքինության» (1Կր 4, 20): Ուշադիր եղիր խոսքերս լսելիս, որոնք բոցավառում են սրտերը, լուսավորում՝ մտքերը, մղում են զղջման և սփռում մխիթարություններ հազարատեսակ: Երբեք մի՛ կարդա ավելի գիտուն կամ ավելի հանճարեղ երևալու դիտավորությամբ. դրա փոխարեն, աշխատիր արմատախիլ անել մոլություններդ: Այս վերջինն առավել օգտակար է քեզ, քան բազում խրթին խնդիրների շուրջ ծանոթությունը:
 
2. Շատ բաներ ընթերցելուց և սովորելուց հետո էլ կարիքն ունես միշտ վերադառնալու այս միակ կարևոր սկզբունքին. Ես եմ, որ տալիս եմ մարդուն գիտություն, և խոնարհներին պարգևում եմ առավել լուսավոր իմացականություն, քան մարդկային բազմամյա ուսուցումները: Ում ուսուցիչը ես եմ, իմաստուն կդառնա կարճ ժամանակամիջոցում և կառաջադիմի հոգևոր ասպարեզում: Վա՜յ նրանց, ովքեր կամենում են մարդկանցից իմանալ հետաքրքրասիրությունը գրգռող բաներ և շատ քիչ ուշադրություն են դարձնում, թե ինչպես կարող են ծառայել ինձ: Հասնելու է ժամանակը, երբ գալու եմ – ուսուցիչների Ուսուցիչս, Փրկիչս, Հրեշտակների Տերս – ունկնդրելու դասախոսությունները բոլորի, այսինքն՝ քննելու յուրաքանչյուրի խիղճը: Այնժամ «խուզարկելու եմ Երուսաղեմը լապտերը ձեռքիս» (Սոփ 1, 12) և «ամենախավար գաղտնարաններն անգամ լուսավորվելու են» (1Կր 4, 5), և համրանալու են պատճառաբանումները մարդկային լեզուների, իրենց փաստարկումների հետ միասին:
 
3. Ես մի ակնթարթում հավիտենական ճշմարտության ճանաչողությանն եմ վերամբարձում խոնարհ միտքը, ավելի՝ քան եթե տասնյակ տարիներ սովորեր համալսարաններում: Ես ուսուցանում եմ առանց խոսքերի ժխորի, առանց կարծիքների բախման, առանց սնափառ պերճախոսության և առանց փաստարկումների պատերազմի: Ես ուսուցանում եմ արհամարհել երկրային իրողությունները, մերժել անցողիկ հաճույքները, փնտրել ու ճաշակել հավիտենական իրողությունները, խուսափել պատիվներից, համբերել նեղություններին, ամեն հույս դնել իմ վրա, ոչինչ չփափաքել ինձնից դուրս և եռանդով սիրել ինձ, բոլոր գոյություններից գերիվեր:
 
4. Ոմանք ինձ այսպես սիրելով՝ սովորեցին աստվածային ճշմարտությունը, որի մասին, հետո՛, խոսեցին զմայլանքով: Այդպիսիք մեծապես շահեցին ամեն բան թողնելով, քան թե՝ նրբին հարցեր ուսանելով: Ոմանց ուսուցանում եմ ընդհանուր գիտելիքներ, իսկ ոմանց՝ յուրահատուկ: Ոմանց հայտնում եմ քնքշությամբ, ընդմեջ խորհրդանշանների ու պատկերների, մինչդեռ ուրիշների բացահայտում եմ խորհուրդներս մեծ շողարձակմամբ: Գրքերի լեզուն նույնն է, բայց բոլորին նույն կերպ չի կրթում, որովհետև ես եմ ճշմարտության Ուսուցիչը, քննողը սրտերի. ինձ հայտնի են բոլորի մտածումները: Ես եմ, որ մղում եմ գործի և բաշխում պարգևներս, ինչպես հարմար եմ նկատում յուրաքանչյուրի համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։