Գլուխ ԽԵ. - Հավատք չպետք է ընծայել բոլորին անխտիր – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԵ. - Հավատք չպետք է ընծայել բոլորին անխտիր

1. Հավատացյալը. «Օգնիր ինձ, Տեր, նեղության օրում, որովհետև ունայն է մարդկային օգնությունը» (Սղմ 59, 13): Քանի՜ անգամներ չգտա հավատարմություն այնտեղ, ուր հույսն ունեի գտնելու, և ընդհակառակն՝ գտա այնտեղ, ուր չէի սպասում երբեք: Հետևաբար, ունայն է մարդկանց հուսալը, մինչդեռ «արդարների փրկությունը Քեզնում է, Աստված» (Սղմ 36, 39): Օրհնյալ եղիր, Տեր, այն ամենի համար, որ պատահում է մեզ: Տկար ենք ու դյուրափոփոխ, հեշտությամբ ենք սխալվում և միշտ պատրաստ ենք փոխելու մեր կարծիքները:
 
2. Կա՞ արդյոք մի մարդ այնքա՜ն զգույշ ու շրջահայաց, մինչև իսկ փոքրիկ սխալների ու տատամսումների չենթարկվելու աստիճան: Եվ սակայն, Քեզ հուսացողները, Տեր, և պարզ սրտով Քեզ փնտրողները դյուրությամբ չեն ընկնում: Իսկ եթե նույնիսկ մատնվում են որոշ նեղությունների, որքան էլ դրանք ծանրանան իրենց վրա, շուտով ազատվում են կամ մխիթարվում Քեզնից, որովհետև Դու մինչև վերջ չես լքում Քեզ հուսացողներին: Հազվագյուտ է հավատարիմ բարեկամը, որ աներկմիտ ու անսասան է մնում ընկերոջ նեղություններում: Տեր, միայն Դու ես միշտ հավատարիմ, և ուրիշ ոչ ոք Քեզ նման չէ:
 
3. Քանիցս գիտակից են սրբակյաց հոգիներից մեկի հետևյալ խոսքերը. «Հոգուս հիմքն ու կայունությունը Հիսուսն Ինքն է»: Եթե նույնպիսին լիներ նաև իմ պարագան, դյուրությամբ չէի խռովվի մարդկային երկյուղների պատճառով, և ո՛չ էլ կզայրանայի մարդկանց խոսքերին ի լուր: Ո՞վ կարող է նախատեսել ամեն բան: Ո՞վ կարող է պատսպարվել ընդդեմ գալիք չարիքների: Սպասված ծանոթ չարիքներն անգամ հաճախ վնասում են մեզ. ի՞նչ կանեն ուրեմն չսպասված չարիքները: Բայց ինչո՞ւ ե՛ս, խեղճ անմիտս, կանխապես չնախատեսեցի, ինչո՞ւ այսքան հեշտորեն հավատք ընծայեցի ուրիշներին: Թեև վանական ենք, բայց միշտ մարդ ենք, տկար մարդիկ, թեև շատերը կարծում են և անվանում են մեզ հրեշտակներ: Ո՞ւմ հավատամ, Տեր, ո՞ւմ, եթե ոչ միայն՝ Քեզ: Դու ես ճշմարտությունը, որ ո՛չ խաբում ես և ո՛չ էլ խաբվում: Ընդհակառակն, «ամեն մարդ ստախոս է» (Սղմ 115, 2), դյուրասասան, անկայուն ու դյուրաբեկ, հատկապես՝ խոսքերում. այն աստիճան, որ իսկույն չպետք է հավատալ այն ամենին, որ ճշմարիտ է թվում իր պատճառաբանումներում:
 
4. Մեծագույն կանխիմացությամբ խորհուրդ տվեցիր մեզ զգուշանալ մարդկանցից, ասելով. «Մարդու թշնամին իր ընտանիքն է» (Մտթ 10, 36), և որ չպետք է հավատանք, երբ ասեն. «Ահա այստեղ է Քրիստոսը, կամ թե՝ ահա այնտեղ է» (Մտթ 24, 23): Վշտակիր փորձառությամբ սովորեցի սա և երանի՜ թե այսուհետև կարողանամ ավելի զգույշ լինել և չհամառեմ անմտությանս մեջ: «Ուշադիր եղիր», ասում է ինձ մեկը, «և գաղտնի պահիր այն, ինչ ասում եմ»: Եվ մինչ ես փակ եմ պահում բերանս, կարծելով, որ ասվածը գաղտնիք է, ինքը չի կարողանում լռել, հայտնում է այն, ինչը կամենում էր, որ ես գաղտնի պահեի, հանկարծակի մատնում է և՛ ինձ, և՛ իրեն, ապա լքում ինձ ու անհետանում: Հեռու պահիր ինձ, Տեր, այդպիսիներից, որպեսզի նմանների ձեռքը չընկնեմ, և ո՛չ էլ ես ինքս վարվեմ այդպես: Հավատարիմ ու մնայուն խոսքեր դիր շուրթերիս վրա, և հեռացրու ինձնից չարախոս լեզուներին: Չպետք է անեմ այն, ինչ ես ինքս չեմ կամենում կրել:
 
5. Քանի՜ցս գեղեցիկ և խաղաղության պահպանման համար նպաստավոր է ուրիշների մասին չխոսելը, ամեն ինչին անխտիր չհավատալը, լսածը դյուրությամբ չհաղորդելը, մեր հոգևոր ներքին տրամադրությունները շատ քչերին հայտնելը, միշտ Քեզ փնտրելը, որ ընթերցում ես սրտի մեջ, չտարուբերվելը խոսքերի քամիներից, և ընդհակառակն՝ կամենալը, որ ներքին կամ արտաքին ամեն բան կատարվի կամքիդ համաձայն: Երկնային շնորհը պահպանելու համար քանի՜ցս ապահով է մարդկային պերճանքից խուսափելը և հիացում ու ծափահարություններ ընդունել չփափաքելը, այլ ընդհակառակն՝ եռանդով նվիրվելն այն ամենին, որն հայթայթում է մեր համար բարեպաշտություն և վարքի ու բարքի բարելավում: Շա՜տ շատերի համար կործանարար եղավ իրենց առաքինությունների բեմ ելնելն ու ժամանակից շուտ գովասանք ընդունելը: Մինչ որքա՜ն օգտակար եղավ այս կյանքի ընթացքում գաղտնի պահված շնորհը. մի կյանք, որ շարունակական փորձություն է ու պայքար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։