Գլուխ ԽԶ. - Վստահությունն Աստծո հանդեպ և թունախայթ խոսքերը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԶ. - Վստահությունն Աստծո հանդեպ և թունախայթ խոսքերը

1. Հիսուսը. Որդյակ, հարատև եղիր և հույսդ իմ վրա դիր: Իրականում, խոսքերն ա՛յլ բան չեն, եթե ոչ միայն՝ խոսքեր: Թռչում են օդի մեջ, բայց չեն կարողանում ճեղքել քարը: Եթե հանցավոր ես, պատրաստ եղիր նորոգվել բարի կամքով, իսկ եթե խիղճդ ոչինչ չի վկայում քո դեմ, հոժարությամբ կրիր այդ փոքրիկ նեղությունն ի սեր Աստծո: Դեռևս անբավարար է, որ երբեմն համբերում ես չնչին հակաճառումներին, բայց տակավին ունակ չես կրելու ծանր ընդդիմություններ: Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու են այդօրինակ ոչնչություններն անգամ հոշոտում սիրտդ: Որովհետև դեռ մարմնավոր ես և մարդկանց ուշադրություն ես դարձնում ավելի, քան հարկավոր է: Եվ քանի որ սարսափում ես արհամարհված լինելուց, չես կամենում հանդիմանվել թերություններիդ համար, այլ՝ ջանում ես ծածկել դրանք չքմեղանքներով:
 
2. Բայց քննիր քեզ է՛լ ավելի լավ, և կտեսնես, թե ինչպես աշխարհի ոգին դեռ կենդանի է քեզնում, մարդկանց հաճո լինելու ունայն փափաքի մեջ խտանալով: Երբ խուսափում ես թերություններիդ համար նվաստացված ու արհամարհված լինելուց, հստակ է, որ իսկապես խոնարհ չես, ո՛չ էլ մեռած՝ աշխարհին, և ո՛չ էլ «աշխարհն է խաչված քո համար» (Գաղ 6, 14): Լսիր խոսքս և կարևորություն չես ընծայի մարդկանց տասնյակ հազարավոր խոսքերին: Նույնիսկ եթե հնարավոր ամենաչարաղետ բամբասանքներն ուղղեն քո դեմ, ինչո՞վ կկարողանան վնասել քեզ: Մի մազ անգամ կկարողանա՞ն խլել գլխիցդ:
 
3. Կծու խոսքերին ի լուր խռովվում է սիրտը նրա, ով չի պահում իր սիրտը ամփոփության մեջ և ինձ նույնպես տևապես չունի իր աչքերի առաջ: Մինչդեռ ով վստահում է ինձ, չգործելով իր սեփական կարծիքների համաձայն, չի սարսափում մարդկանցից: Ես եմ դատավորը և ինձ հայտնի են բոլոր գաղտնիքները, ճանաչում եմ գործի ընթացքը, գիտեմ, թե ո՛վ կատարեց անթույլատրելի արարքը և թե ո՛վ կրեց պատիժը: Քո դեմ հնչած խոսքերը գալիս են ինձնից, դեպքերը պատահում են իմ թույլտվությամբ, որպեսզի «հայտնի դառնան խորհուրդները բազում սրտերի» (Ղկս 2, 35): Ես կդատեմ անօրենին ու անմեղին, բայց նախևառաջ կամենում եմ ծածուկ դատաստանով փորձել և՛ մեկին, և՛ մյուսին:
 
4. Մարդկանց վկայությունը հաճախ չի համապատասխանում իրականությանն ու ճշմարտությանը, մինչդեռ իմ դատաստանը ճշմարիտ է, անխախտ ու անհետսկոչելի: Բայց այն նաև ծածուկ է և շատ քչերին է հայտնվում, այն էլ՝ բացառիկ դեպքերում: Սակայն չի սխալվում երբեք, – դա անհնարին է, – նույնիսկ երբ այդպիսին է թվում որոշ հիմարների: Հարկ է, ուրեմն, որ իմ վճիռներին դիմես և չհիմնվես սեփական կարծիքներիդ վրա: Արդարը չի կորցնում իր հոգու խաղաղությունը, ի՛նչ էլ պատահի իրեն: Եվ թեև պատահում են ի՛նչ ի՛նչ անարդարություններ, շատ ուշադրություն չի դարձնում դրանց: Բայց և ո՛չ իսկ ուրախանում է ունայնամտորեն, եթե իրական փաստերի հիման վրա արդարացվում է այլոց կողմից: Որովհետև խորհում է, որ «ես եմ քննում սրտերն ու երիկամները» (Սղմ 7, 10), որ չեմ դատում ըստ մարդկային արտաքին երևույթների: Եվ հաճախ հանցավոր եմ նկատում մեկին, ով մարդկանց համաձայն արժանի է գովասանքի:
 
5. Հավատացյալը. Տեր Աստված իմ, «դատավոր արդար, զորեղ ու երկայնամիտ» (Սղմ 7, 12), որ ճանաչում ես մարդկանց տկարությունն ու հակումը դեպի չարը: Դու եղիր իմ ուժն ու վստահությունը, որովհետև ինձ բավական չէ վկայությունն իմ խղճի: Հայտնի է Քեզ ամեն բան, մինչդեռ իմ ճանաչողական հորիզոնը սահմանափակ է: Այս իսկ պատճառով, պարտավոր եմ խոնարհվել հանդիմանություններին ի լուր և համբերել հեզությամբ: Ներիր ինձ գթությամբ, այն բոլոր անգամների համար, որ չվարվեցի այսպես, և պարգևիր ինձ շնորհը մեծագույն համբերության: Այո՛, այս ներումդ ստանալու համար կարիքն ունեմ ավելի Քո մեծ ողորմության, քան իմ հավակնոտ արդարամտության, որով փորձում եմ պաշտպանել խղճիս վկայությունները, խիղճ, որը սակայն այնքան էլ հստակ տեսանելի չէ իմ համար: Քանի որ «եթե նույնիսկ խիղճս ոչինչ չվկայի իմ դեմ, դրանով չեմ կարող արդար նկատել անձս» (1Կր 4, 4), որովհետև առանց ողորմությանդ ոչ ոք չի կարող արդարանալ Քո առաջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։