Գլուխ ԽԸ. - Հավիտենական երանությունն ու այս կյանքի խեղճությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԸ. - Հավիտենական երանությունն ու այս կյանքի խեղճությունները

1. Հավատացյալը. Ո՜վ երանավետ բնակավայր վերին Արքայության, ո՜վ շողարձակ օր հավիտենության, անմայրամուտ, գերագույն ճշմարտությունից ճառագայթված. օր հարազվարթ, միշտ ապահով ու անփոփոխ: Երանի՜ արդեն իսկ ծագած լիներ այդ օրը, և այս բոլոր վաղանցուկ իրողությունները մայր մտած լինեին: Այդ գեղեցիկ օրն արդեն փայլում է Սրբերի համար հավիտենական պայծառությամբ: Երկրաբնակ աքսորականներս ենք միայն, որ նշմարում ենք այն հեռվից, հայելային ցոլացմամբ կարծես:
 
2. Երկնաքաղաքացիները ճաշակում են քաղցրությունն այդ օրվա, մինչ Եվայի աքսորական որդիները հառաչում են, թե ներկա այս կյանքը դառն է ու տաժանալի: «Ներկա կյանքի օրերը սակավաթիվ են, լի տրտմությամբ, վշտերով ու անձկությամբ» (Ծնդ 47, 9; Ժող 2, 23), որոնցում մարդն ապականվում է բազում մեղքերով, շղթայված է բազում կրքերով, ճնշված՝ վախերով, անթիվ մտահոգությունների մեջ կորած, ո՛չ սակավ հետաքրքրություններում ցրված, բազում ունայնությունների մեջ ընկղմված, ամեն քայլափոխի սխալներով շրջապատված, անհամար հոգնությունների մեջ սպառված, փորձությունների բեռան ներքո կքված, զգայարանների հաճոյամոլությունից չարչարված և անվերջանալի կարիքներից տանջված:
 
3. Ա՜հ, ե՞րբ են վերջանալու այս չարիքները, ե՞րբ եմ ազատվելու կրքերի թշվառ ստրկությունից. ե՞րբ եմ, Տեր, հիշելու միայն Քեզ. ե՞րբ եմ կատարելապես երջանիկ լինելու Քեզնում. ե՞րբ է ընթացքս մաքրվելու հոգևոր ու մարմնավոր բոլոր խոչընդոտներից. ե՞րբ եմ ունենալու խաղաղություն կայուն, անխռով ու ապահով, խաղաղություն ներքուստ և արտաքուստ. ե՞րբ վերջիվերջո կտեսնեմ Քեզ, Հիսո՜ւս, և ե՞րբ կհիանամ Արքայությանդ փառքով. ե՞րբ կլինես իմ համար ամեն ինչ ամեն ինչում. ե՞րբ կլինեմ Քո հետ Արքայությանդ մեջ, որն «ընտրյալներիդ համար պատրաստել ես աշխարհի արարումից ի վեր» (Մտթ 25, 34): Ես լքված եմ այստեղ, խեղճ ու թափառական եմ այս օտար երկրում, ուր օր ու գիշեր հառնում են իմ դեմ մեծամեծ մարտեր ու հակառակություններ:
 
4. Մխիթարիր աքսորս, դարմանիր վիշտս, որովհետև բոլոր փափաքներս դեպի Քեզ են ուղղված միայն: Ինչ այս աշխարհը նվիրում է իբրև սփոփանք, բեռ է իմ համար ու ծանրություն: Կամենում եմ տեսնել Քեզ, բայց չեմ կարողանում. կամենում եմ ընկղմվել երկնային իրողությունների մեջ, բայց շղթայում են ինձ երկրայինն ու չսանձված կրքերը. կամենում եմ ամեն ինչից գերիվեր բարձրանալ հոգիով, բայց մարմինը կամքիս հակառակ հարկադրում է ինձ ենթակա մնալ իր կարիքներին: Այսպիսով ես՝ խեղճ թշվառս, պայքարում եմ ինքս իմ դեմ, ծանրածանր բեռ եմ ինքս իմ համար, որովհետև հոգիով կամենում եմ վեր համբառնալ, մինչ մարմինը քաշում է ինձ դեպի ներքև:
 
5. Ա՜հ, որքան եմ տառապում, երբ խորհրդածում եմ երկնային իրողությունների շուրջ և իսկույն մարմնավոր մտքերը ծառանում են աղոթող մտքիս առաջ: Աստված իմ, «մի՛ հեռացիր ինձնից» (Սղմ 70, 12) և «բարկանալով մի՛ լքիր ինձ՝ ծառայիդ» (Սղմ 26, 9): «Թող ահեղագոչ մտրակեն փայլակներդ և ցիրուցան անեն այս երևակայական պատկերները. նիզակներովդ հարվածիր ու շանթահար կործանիր թշնամու հարուցած պատրանքները» (Սղմ 143, 6): Քեզնում ամփոփիր բոլոր զգացումներս, այնպես արա, որ մոռացության մատնեմ երկրային իրողությունները, տուր ինձ զորություն արհամարհելու, անմիջապես հակահարված տալու և ինձնից դուրս նետելու կրքերի հանդուգն պարտադրումները: Զորավիգ եղիր ինձ, Ճշմարտություն հավիտենական, որպեսզի ոչ մի ունայնություն չկարողանա հմայել ինձ կամ հրապուրել: Ե՛կ, երկնային Քաղցրություն, և թող որ հայացքիդ առաջ անէանան անմաքրությունները: Ներիր ինձ և գթառատ եղիր իմ հանդեպ, եթե աղոթքների պահին միտքս տարվում է ա՛յլ իրողություններով: Խոստովանում եմ անկեղծորեն, որ իմ համար այլևս սովորություն է դարձել ցրված աղոթելը: Շատ անգամներ այնտեղ չեմ, ուր մարմնով գտնվում եմ, ոտքի կանգնած կամ նստած, այլ՝ ավելի այնտեղ, ուր թափառում են մտքերս: Այնտեղ եմ, ուր մտքերս են, իսկ միտքս այնտեղ է, ուր ինձ սիրելի առարկան է կամ անձը: Եվ իսկույն մտքիս ներկայանում է այն, ինչը ձգում է ինձ կամ ինչը հաճելի է ինձ ըստ բնության և ըստ սովորության:
 
6. Այս իսկ պատճառով, ո՜վ Ճշմարտություն, ասացիր բացահայտ. «Ուր ձեր գանձն է, այնտեղ կլինի նաև ձեր սիրտը» (Մտթ 6, 21): Եթե սիրում եմ Երկինքը, սիրով ու հոժարությամբ մտածում եմ երկնային իրողությունների շուրջ. եթե սիրում եմ աշխարհը, համ եմ առնում աշխարհային վայելքներից միայն և տրտմում եմ աշխարհային անհաջողությունների համար. եթե նախընտրում եմ մարմինը, հաճախ երևակայում եմ բաներ, որ վերաբերվում են մարմնին. եթե գերադասում եմ հոգին, հմայքով եմ խորհրդածում հոգևոր իրողությունների շուրջ. եթե սիրում եմ ինչ որ մի բան, հաճույքով եմ խոսում նրա շուրջ և լսում ուրիշների խոսքերը միևնույն նյութի մասին. նաև տուն եմ տանում իմ հետ նրա հիշատակը: Բայց երանելի է այն մարդը, Տեր, որն ի սեր Քո հրաժարվում է արարածներից, սանձահարում է բնությունը և հոգու եռանդով կործանում մարմնի ցանկասիրությունները, հստակ մտքով մաքրափայլ աղոթք Քեզ ընծայել կարողանալու և հրեշտակային օրհներգող խմբերին միանալուն արժանի գտնվելու համար, ներքուստ ու արտաքուստ հեռանալով երկրային հաճոյամոլություններից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։