Գլուխ Ծ. - Վշտակիր հոգու աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ծ. - Վշտակիր հոգու աղոթքը

1. Հավատացյալը. Տեր Աստված, Սուրբ Հայր, օրհնյալ եղիր այժմ և հավիտյան, որովհետև ինչպես կամեցար, այնպես եղավ, և ինչ որ կամեցար, բարի է: Թող ծառադ միայն Քեզնում գտնի իր ուրախությունը, ո՛չ թե իր անձում, և ո՛չ էլ ուրիշ որևէ իրողության մեջ: Որովհետև միայն Դու ես իրական խնդությունը, հույսն իմ ու իմ դափնեպսակը, իմ բերկրանքն ու փառքը: Ի՞նչ ունեմ, եթե ոչ՝ այն, որ ստացել եմ Քեզնից, և այն էլ՝ առանց արժանի լինելու: Ամեն բան Քոնն է, ինչ տվեցիր և ինչ կատարեցիր: «Խեղճ աղքատ եմ ես, և մանկությունիցս ի վեր նեղություններով հեղեղված» (Սղմ 87, 16), և երբեմն հոգիս տրտմում է արցունքներ հեղելու աստիճան, կամ ներքուստ վրդովվում՝ վերահաս նեղությունների պատճառով:
 
2. Կամենում եմ վայելել խաղաղություն, հայցում եմ Քեզնից խաղաղությունը Քո որդիների, որոնց սնում ես մխիթարությունների լույսով: Եթե տաս ինձ խաղաղությունդ, եթե լիացնես ինձ սրբաբույր հոգեզվարթությամբ, հոգիս ամբողջովին փառաբանական գովերգի կվերածվի, ողորմությանդ ուղղված: Մինչ եթե հեռանաս ինձնից, ինչպես վարվում ես հաճախ, չեմ կարողանա անարգելք սլանալ պատվիրաններիդ ճանապարհով, ծնկներս կծալվեն և ողբալով կուրծքս ծեծել կմնա ինձ միայն: Որովհետև «այսօր այլևս երեկվա պես չէ, կանթեղդ չի փայլում գլխիս վերևում» (Հոբ 29, 3), և թևերիդ հովանու ներքո չլինելով՝ անպաշտպան եմ տեսնում ինձ փորձությունների դեմ:
 
3. Հայր արդար և միշտ արժանի գովքի, հասել է ծառայիդ փորձության մատնելու ժամը: Հայր սիրելի, լավ է ու բարի, որ այս պահիս ծառադ մի քիչ նեղություն կրի ի սեր Քո: Հայր հավետ երկրպագելի, հասել է ի հավիտենից Քեզ հայտնի ժամը, որ ծառադ որոշ ժամանակով արտաքուստ կքվի ու ընկճվի, ներքուստ Քեզ միացած ապրել շարունակելով հանդերձ: Հարկ է, որ մի փոքրիկ ժամանակամիջոցի համար նա արհամարհվի, նվաստացվի ու անշքանա մարդկանց առաջ, չարչարվի կրքերի բովում ու հիվանդություններում, Քեզ հետ նոր լույսի արևածագին հարություն առնել և երկնաբնակ ընտրյալների հետ փառավորվել կարողանալու համար: Սուրբ Հայր, Դու այսպես կարգադրեցիր ու կամեցար, և ինչ որ հրամայեցիր, կատարվեց:
 
4. Այո՛, սա՛ է այն շնորհը, որ պարգևում ես ամենասիրելի որդիներիդ. վիշտ կրել և նեղությունների ենթարկվել այս աշխարհում, ե՛րբ և ո՛ւմ միջոցով կկամենաս: Երկրի վրա ոչինչ չի պատահում առանց Քո կամքի, առանց նախախնամությանդ և առանց որևէ իմաստի: «Լավ է, Տեր, որ խոնարհեցնում ես ինձ, որպեսզի սովորեմ կատարել կամքդ» (Սղմ 118, 71), և որպեսզի անէանան ինձնում սրտի հպարտությունն ու հավակնոտությունը: Օգտակար է ինձ, որ «երեսս երբեմն ամոթով ծածկվի» (Սղմ 68, 11), որպեսզի մխիթարությանս համար Քեզ միայն փնտրեմ, և ո՛չ թե ոմանց մարդկանցից: Այսպես սովորեցի պատկառել անքննելի դատաստանիցդ, որովհետև Դու տառապանքի ես ենթարկում արդարին մեղավորի հետ, բայց ո՛չ առանց իրավացիության ու արդարության:
 
5. Երախտագիտությունս եմ հայտնում Քեզ, որովհետև պատժում ես մեղքերս, մտրակում ես անխնա հարվածներով, առաքում ես վշտեր, ծանրաբեռնում ներքին և արտաքին անձկություններով: Քեզնից բացի, ուրիշ ոչ ոք և ոչինչ ինձ չի մխիթարում, Տեր Աստված իմ, որ «հասցնում ես մեզ մինչև գերեզման, ապա ազատում» (Տբթ 13, 2): Կամքդ թող կատարվի ինձնում և մտրակդ թող օգնի ինձ:
 
6. Ահա՛, Հայր Ամենասիրելի, ես ձեռքերիդ մեջ եմ և խոնարհվում եմ ուղղումներիդ խարազանի առաջ. մտրակիր թիկունքս ու պարանոցս, որպեսզի անօրեն հակումներս ենթարկվեն ամենասուրբ կամքիդ: Դարձրու ինձ աշակերտ հեզ և խոնարհ, ինչպես վարվում ես նախասիրյալ ծառաներիդ հետ, որպեսզի հավատարիմ լինեմ կամքիդ ամենաթեթև արտահայտումներին անգամ: Քո սրբագրմանն եմ հանձնում ինձ և ինձ վերաբերվող ամեն բան: Գիտես բոլորն ի միասին և նրանցից յուրաքանչյուրը, Քեզ ոչինչ անծանոթ չէ մարդկանց խղճերում: Ինչ պատահելու է ապագայում, կատարվելուց առաջ արդեն հայտնի է Քեզ, և կարիքը չունես, որ մեկն ուսուցանի Քեզ կամ տեղյակ պահի երկրի վրա կատարվող դեպքերի շուրջ: Դու քաջ գիտես, թե ի՛նչն է օգտակար հոգևոր առաջադիմությանս և թե քանի՛ցս նպաստավոր են նեղությունները մոլությունների ժանգից մաքրվելու գործում: Ինձնում նույնպես կատարիր կամքդ լիովին, մեղքերիս տգեղությունից զզվելով մի՛ հեռացիր ինձնից. մեղքեր, որոնք ոչ ոք չի ճանաչում այնքան խոր ու հստակ գիտությամբ, որքան միայն Դու:
 
7. Տեր իմ, տուր ինձ իմանալ այն, ինչը լավ է իմանալ. սիրել այն, ինչն իսկապես արժանի է սիրո. փնտրել այն, ինչը հաճելի է Քեզ ամեն ինչից ավելի. գնահատել այն, ինչն արժեքավոր է Քո որակավորմամբ. մերժել այն, ինչն անարգ է Քո համար: Մի՛ թող, որ դատեմ «երևույթների համաձայն» (Ես 11, 3), և ո՛չ էլ՝ որ մտածեմ ըստ անմիտ անձանց սկզբունքների, այլ՝ այնպես արա, որ իրական իմաստությամբ ընտրությունս կարողանամ կատարել ընդմեջ տեսանելի ու հոգևոր իրողությունների, և հատկապես, որ կամքդ փնտրեմ միշտ ու անդադար: Հաճախ են սխալվում ըստ զգայարանների դատող մարդիկ: Այդպիսիք են աշխարհասերները, որ սիրում են միայն այն, ինչ տեսնում են: Մի՞թե մեկն ավելի է արժենում, երբ մի ուրիշը մեծարում է նրան որպես այդպիսին: Երբ հպարտը մեծարում է հպարտին, ստախոս է և խաբում է մի ա՛յլ ստախոսի, ունայնամիտը՝ ունայնամտին, կույրը՝ կույրին, թերամիտը՝ թերամտին: Եվ իրականում ծաղրում է, որովհետև նրան վերագրում է գոյություն չունեցող հատկություններ: Որովհետև մարդկանցից յուրաքանչյուրն ա՛յն է միայն, ինչ որ է Քո գնահատմամբ, ոչի՛նչ ավելի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։