Գլուխ ԾԱ. - Հարմարվել խոնարհ գործերին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԱ. - Հարմարվել խոնարհ գործերին

1. Հիսուսը. Որդյակ, չես կարող առաքինության հանդեպ վառ փափաքդ միշտ ունենալ, և ո՛չ էլ սավառնել հայեցողության վերամբարձ գագաթներում, այլ՝ սկզբնական ապականության պատճառով երբեմն պարտավոր ես զբաղվել առավել խոնարհ գործերով և նույնիսկ կամքիդ հակառակ ու տաղտկությամբ՝ կրել այս ապականյալ կյանքի ծանր բեռը: Քանի դեռ մարմինդ մահկանացու է, քանի դեռ չի նորոգվել հարությանս փառքով, կզգաս ձանձրույթ ու հոգնություն: Հարկ է, որ կրես մեղքերիդ դառն հետևանքները, որովհետև այլևս չես կարող հարատևել հոգևոր իրողությունների և աստվածային հայեցողության միևնույն մակարդակում:
 
2. Այսպիսի դեպքերում, պետք է դիմես արտաքին վայելուչ գործերի օգնությանը, պետք է մխիթարվես բարի գործերով, հաստատուն վստահությամբ սպասելով այցելությանս: Պարտավոր ես համբերությամբ կրել աքսորդ ու հոգևոր ցամաքություններդ, մինչև որ կրկին այցելեմ քեզ և ազատեմ բոլոր անձկություններից: Այնժամ մոռացնել կտամ քեզ բոլոր նեղություններդ և վայելել ներքին անդորրն ու խաղաղությունը: Առջևդ կտարածեմ հովիտներն Աստվածաշնչի, որպեսզի ընդարձակված սրտով սկսես սլանալ պատվիրաններիս ճանապարհով: Այնժամ կասես. «Ներկա տառապանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզնում» (Հռմ 8, 18):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։