Գլուխ ԾԳ. - Աշխարհասերները չեն ճաշակում շնորհի քաղցրությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԳ. - Աշխարհասերները չեն ճաշակում շնորհի քաղցրությունը

1. Հիսուսը. Որդյակ, շնորհս շատ թանկագին է և չի խառնվում կամ հաշտվում օտար իրողությունների ու երկրային մխիթարությունների հետ: Հարկ է, որ շնորհի ճանապարհը մաքրես բոլոր խոչընդոտներից, եթե կամենում ես վայելել այն: Սիրիր միայնությունը, լռությունը, մի՛ փնտրիր զրույցներ ոչ ոքի հետ: Այլ՝ նվիրիր Աստծուն աղոթքներ միշտ ավելի հրաշունչ, հարատև պահպանելու համար հոգուդ զղջումն ու խղճիդ մաքրությունը: Համարիր աշխարհն իբրև ոչինչ, և արտաքին բոլոր իրողություններից ավելի գերադասիր նվիրումդ Աստծուն: Անհնարին է ծառայել ինձ և միաժամանակ վայելել երկրի անցողիկ հաճույքները: Անհրաժեշտություն է ծանոթներից ու բարեկամներից հեռանալը և միտքն անջատ պահելը երկրային վայելքներից: Պետրոս Առաքյալը քրիստոնյաներին հորդորում է «այս աշխարհում ապրել որպես ճամփորդներ ու օտարներ» (1Պտ 2, 11):
 
2. Ա՜հ, որքան վստահ կլինի մահվան ժամին նա, ով ոչնչով շղթայված չէ երկրի վրա: Բայց հոգեպես տկար անձը չի կարող հասկանալ, թե ինչպես կարելի է սիրտն անջատ պահել ամեն ինչից, և միայն մարմնով ապրող մարդուն ծանոթ չէ ներքին մարդու ազատությունը: Եվ սակայն, եթե որևէ մեկը կամենում է իսկապես հոգևոր լինել, հարկ է, որ հրաժարվի ինչպես հեռավորներից, այնպես էլ մերձավորներից, և ամեն ինչից ավելի՝ ստրկության մեջ պետք է պահի իր իսկ անձը: Եթե հաղթես քեզ լիովին, մյուս բոլոր իրողությունները կնվաճես մեծագույն դյուրությամբ: Կատարյալ հաղթանակը ինքն իրեն պարտության մատնելն է: Ով հպատակ է պահում իր իսկ անձը, այնպես, որ զգայարանները հնազանդվեն մտքին, իսկ միտքը՝ ինձ, ամե՛ն ինչում և ամբողջովի՛ն, ահա այսպիսի անձն է հաղթական և տեր աշխարհի:
 
3. Եթե կամենում ես բարձրանալ այս լեռան գագաթը, հարկ է, որ սկսես արիությամբ, կացինն արմատին դնես, արմատախիլ կործանես ու անէացնես այն անօրեն գաղտնի հակումը, որ ունես անձիդ, եսասիրությանդ և նյութական ամեն տեսակ բարիքների հանդեպ: Եսասիրությունից են ծնվում բոլոր չարիքները: Եթե հաղթես ու գերազանցես այս ախտին, իսկույն կվայելես խաղաղություն ու անդորր: Բայց քանի որ քչերն են կամենում հաղթել իրենց անձնասիրությանը և շղթայազերծվել անմնացորդ կերպով, հետևանքում՝ մնում են իրենք իրենց մեջ արգելափակված և չեն կարողանում վերամբառնալ իրենցից ավելի վեր: Ով, մինչդեռ, կամենում է ազատորեն ընթանալ իմ հետ, հարկ է, որ սանձի իր չար ու անօրեն ցանկությունները և տիրելու տենչով չկապվի արարածներից ոչ մեկին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։