Գլուխ ԾԴ. - Բնության և շնորհի տարբերությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԴ. - Բնության և շնորհի տարբերությունները

1. Հիսուսը. Որդյակ, խնամքով քննիր բնության ու շնորհի շարժումները, որովհետև հակոտնյա են միմյանց, բայց տարբերությունն այնքան նրբին է, որ հոգևոր և ի ներքուստ լուսավորված մարդու համար անգամ դժվար է նկատել ու զանազանել: Բոլորն էլ անկասկած ձգտում են բարիքի, և իրենց խոսքերում ու գործերում իրոք հանդես են բերում բարու մի չնչին քանակություն. հետևանքում, շատերն են խաբվում այս երևութական բարիքից:
 
2. Բնությունը խարդախ է ու նենգ, շատերին է հմայում, ծուղակի մեջ գցում, խաբում: Միշտ ինքն իրեն ունի որպես նպատակ: Մինչդեռ շնորհն «ընթանում է պարզությամբ» (Առկ 10, 9), «խուսափում է չարի տեսքից անգամ» (1Թղ 5, 22), որոգայթներ չի լարում ու չի դարանակալում: Ամեն բան կատարում է միմիայն Աստծո՝ իր նպատակի համար, որի մեջ է գտնում իր հանգիստը:
 
3. Բնությունը չի ցանկանում սանձվել, ճնշվել, գերազանցվել, ենթարկվել. երբեք չի հնազանդվում հոժարությամբ: Շնորհը, մինչդեռ, ապրում է ժուժկալությամբ, դիմադրում է զգացմունքայնությանը, ենթարկվում է սիրով, ընդունում է պարտվածի իր պարագան, չի կամենում վայելել իր սեփական ազատությունը. սիրում է կարգուկանոնը, օրենքների պահպանումը, չի ցանկանում տիրել ոչ ոքի. ծարավի է Աստծո հետ ապրելուն, կամենում է միշտ լինել ու մնալ Աստծուն ենթակա, և ի սեր Աստծո՝ պատրաստ է խոնարհվելու մեծավորների հրահանգների առաջ: Բնությունը հետաքրքրվում է իրեն հարմար իրողություններով միայն և ուշադրություն է դարձնում ուրիշներից ստանալիք շահին: Շնորհն, ընդհակառակը, փնտրում է ո՛չ թե այն, ինչը հարմար ու նպաստավոր է իրեն, այլ այն, ինչն օգտակար է շատերին: Բնությունը հաճույքով է ընդունում իրեն ընծայված պատիվն ու մեծարանքը: Շնորհը, մինչդեռ, ամեն պատիվ ու փառք վերագրում է միմիայն Աստծուն:
 
4. Բնությունը սարսափում է խոնարհեցումներից ու արհամարհանքից: Շնորհն, ընդհակառակն, վայելում է «Հիսուսի անվան համար ընդունած նախատինքները» (Գործք 5, 41): Բնությանը սիրելի են պարապությունն ու մարմնի հանգիստը: Շնորհը, մինչդեռ, չի կարող անգործ մնալ և սիրով է փարվում հոգնություններին: Բնությունը փնտրում է հազվագյուտ ու գեղեցիկ իրերը, և խուսափում է պարզ ու հասարակ առարկաներից: Այդպիսին չէ շնորհը, այլ՝ հոժարությամբ է գործածում արհամարհված ու հին առարկաները, չի մերժում կոպիտ ու անարվեստ իրերը, չի զայրանում կամ տրտմում, երբ ստիպված է լինում հագնել հնամաշ զգեստներ: Բնությունն անհագ տենչ ունի երկրային հարստությունների, որպես միակ արժեք ճանաչում է դրամական շահը, տրտմում է կորուստների համար, և չի կարողանում համբերությամբ կրել և ո՛չ իսկ փոքրիկ ընդդիմությունները: Ընդհակառակն, շնորհը նվիրվում է հավիտենական իրողություններին, չի վրդովվում կորուստների համար, չի զայրանում վիրավորանքներին ի լուր, որովհետև իր գանձն ու բերկրանքը Երկնքում են, ուր ոչինչ չի կորում:
 
5. Բնությունն ագահ է, առավել մեծ հոժարությամբ ընդունում է, քան տալիս, սիրում է այն, ինչն իր սեփականն է ու անձնականը: Շնորհը, մինչդեռ, գթառատ է, նվիրվում է բոլորին, չի փնտրում ունենալ անձնական տիրույթներ, գոհանում է քչով, և իրեն ավելի երանելի է զգում երբ տալիս է, քան երբ վերցնում: Բնությունը հակված է դեպի արարածները, մարմինը, ունայնություններն ու ցանկասիրությունը: Շնորհն այդպիսին չէ, այլ՝ ձգտում է դեպի Աստված և առաքինությունները, հրաժարվում է արարածներից, փախչում աշխարհի ժխորից, ատում է մարմնի այլանդակ ցանկությունները, չափավորում է օրինավոր հաճույքներն ու սթափումները, և խուսափում է մարդկանց ուշադրությունն իր վրա հրավիրելուց: Բնությունը ծարավով է նետվում արտաքին զվարճությունների մեջ, որոնցով կարծում է հագեցնել զգայարանները: Ընդհակառակն, շնորհն Աստծո մեջ է միայն գտնում իր մխիթարությունը, և վայելում է գերագույն Բարիքը, արժեք չընծայելով տեսանելի բարիքներին:
 
6. Բնությունն ամեն բան կատարում է սեփական շահի համար, կամ որովհետև այդպես հարմար է իրեն: Բնությունն ուղղակի անկարող է որևէ բան ձրի կատարելու, այլ՝ իր պարգևների համար հատուցում ստանալու հույսն ունի. կա՛մ գովք, կա՛մ կաշառված ծառայություն: Ուզում է, որ իր հարգանքն ու նվերները գնահատվեն ու մեծարվեն: Շնորհը, մինչդեռ, հետաքրքրված չէ ժամանակի հետ անցնող իրողություններով, իր բարեգործությունների փոխարեն չի խնդրում մի ա՛յլ վարձատրություն, եթե ոչ՝ Աստծուն միայն: Երկրային բարիքները շնորհը գործածում է այն քանակությամբ, որքանով դրանք կարող են օգնել իրեն հավիտենական բարիքների ձեռքբերման գործում:
 
7. Բնությանը հաճելի են բազում ծանոթություններն ու ընկերությունները, հպարտանում է իր ծննդավայրով, նշանավոր նախահայրերով. քծնում է հզորներին, շողոքորթում՝ հարուստներին, և ծափահարում՝ իրեն նմաններին միայն: Մինչդեռ շնորհը սիրում է թշնամիներին անգամ, չի հպարտանում ընկերների բազմությամբ և ո՛չ էլ ծննդյան վայրով կամ ընտանիքով, բացառությամբ՝ եթե փայլում են աստվածսիրությամբ ու առաքինություններով: Շնորհը նախընտրում է աղքատներին, քան հարուստներին, կարեկցում է անմեղին ավելի, քան մեղսակցում հզորին, ուրախանում է ճշմարտասերների հետ, ո՛չ թե ստախոսների: Բարիներին քաջալերում է ձգտելու միշտ ավելի լավագույն առաքինությունների, որպեսզի քայլ առ քայլ առավել նմանվեն Աստծո Որդուն:
 
8. Բնությունն իսկույն տրտնջում է, եթե զրկվում է ինչ որ մի բանից, կամ եթե ներկայացվում է իրեն տհաճ մի բան: Շնորհը կրում է աղքատությունը անվեհերությամբ: Բնությունն ամեն ինչ դեպի իր օգուտն է ուղղում, պայքարում է ու վիճում իր շահի համար: Շնորհն ամեն բան ուղղում է առ Աստված, որից են բխում բոլոր բարիքները: Ոչ մի բարեգործություն շնորհը չի վերագրում սեփական անձին, շնորհն ինքնահավան չէ, չի վիճաբանում և իր կարծիքը չի թելադրում ուրիշների, այլ՝ այն ամեն ինչում, որ խորհում է կամ խոսում, ենթարկվում է հավիտենական իմաստությանը և որպես դատավոր ճանաչում Աստծուն: Բնությունը ծարավի է ճանաչելու գաղտնիքներ և տեղեկանալու նորությունների, կամենում է տեսնել և զգայական փորձառությունն ունենալ շատ բաների. ցանկանում է ճանաչվել և հիացում շահող գործեր կատարել: Շնորհը, մինչդեռ, չի կամենում իմանալ ո՛չ նորություններ, և ո՛չ էլ հետաքրքրությունը գրգռող իրողություններ, որովհետև այդ նորություններն ա՛յլ բան չեն, եթե ոչ՝ մոռացումը հին հուշերի, որովհետև աշխարհիս վրա ոչինչ նոր չէ, ոչինչ՝ տևական: Այս իսկ պատճառով, շնորհն ուսուցանում է արգելակել զգայարանները, խուսափել ունայն ցուցամոլությունից, խոնարհությամբ թաքցնել այն, ինչն իրենում արժանի է գովքի ու հիացման, ամեն ինչում և յուրաքանչյուր գիտության մեջ փնտրել օգտակար պտուղներ և փառքն ու պատիվը Աստծո: Չի կամենում, որ ծափահարվեն ո՛չ ինքը, ո՛չ իր գործերը, այլ՝ փափաքում է, որ միայն Աստված օրհնվի Իր պարգևների համար, որոնք շնորհում է ձրիաբար, զուտ սիրուց մղված:
 
9. Այս Շնորհը գերբնական լույս է, յուրահատուկ պարգևն է Աստծո, որոշիչ նշանն է ընտրյալների, և գրավականն է հավիտենական փրկության: Բարձրացնում է մարդուն գերիվեր, քան երկրային իրողությունները, սովորեցնում է սիրել երկնայինները: Մարմնի համաձայն ապրված կյանքը գոյափոխում է հոգևորի: Որքան ավելի է շղթայվում ու հպատակեցվում բնությունը, այնքան ավելի առատ շնորհ է տարածվում հոգուց ներս: Եվ օրեցօր, աստվածային շնորհի նորանոր այցելությունների հետևանքում, ներքին մարդն ավելի ու ավելի է նմանվում Աստծո պատկերին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։