Գլուխ ԾԶ. - Նմանվել Հիսուսին խաչակրությամբ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԶ. - Նմանվել Հիսուսին խաչակրությամբ

1. Հիսուսը. Որդյակ, որքան ավելի անջատվես ինքդ քեզնից, այնքան ավելի կմիանաս ինձ: Ինչպես որ արտաքին ոչինչ չփափաքելով է պահպանվում ներքին խաղաղությունը, այնպես էլ ներքուստ սեփական անձն ամբողջովին թողլքելով է կառուցվում Աստծո հետ միությունը: Կամենում եմ սովորեցնել քեզ անձիցդ կատարյալ անջատումը՝ համակամվելով կամքիս, առանց ըմբոստության ու տրտունջի: «Հետևիր ինձ» (Մտթ 9, 9), «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հվհ 14, 6): Առանց ճանապարհի չես կարող անմոլոր քայլել, առանց ճշմարտության չես կարող ճանաչել, առանց կյանքի չես կարող գոյություն ունենալ: Ես եմ ճանապարհը, որին պետք է հետևես. ճշմարտությունը, որին պետք է հավատաս. կյանքը, որին պետք է հուսաս: Ես եմ ապահով ճանապարհը, անսխալական ճշմարտությունը, անվախճան կյանքը: Ես եմ ուղղաշավիղ ճանապարհը, գերագույն ճշմարտությունը, իրական, երանավետ, անստեղծ կյանքը: Եթե հետևես իմ ճանապարհին, «կճանաչես Ճշմարտությունը, և Ճշմարտությունը կազատի քեզ» (Հվհ 8, 32), և կհասնես հավիտենական կյանքին:
 
2. «Եթե կամենում ես հավիտենական կյանքը ժառանգել, պահիր պատվիրանները» (Մտթ 19, 17): Եթե կամենում ես ճանաչել ճշմարտությունը, հավատա՛ ինձ: «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառիր ինչ ունես» (Մտթ 19, 21): «Եթե կամենում ես աշակերտել ինձ, հրաժարվիր անձիցդ» (Ղկս 9, 23): Եթե կամենում ես երանելի կյանքն ընդունել, արհամարհիր ներկան: Եթե կամենում ես փառավորվել Երկնքում, խոնարհվիր երկրի վրա: Եթե կամենում ես թագավորել իմ հետ, կրիր իմ հետ Խաչը: Որովհետև Խաչի ծառաներն են միայն գտնում երանության և իրական լույսի արահետը:
 
3. Հավատացյալը. Հիսուս, Տեր իմ, կյանքդ աղքատ և հալածված եղավ աշխարհում: Տուր, որ նմանվեմ Քեզ, համբերությամբ կրելով աշխարհի արհամարհանքը: Իրոք, «ծառան տիրոջից ավելին չէ, և ո՛չ էլ աշակերտը՝ ուսուցչից» (Մտթ 10, 24): Թող որ կյանքս հարևնման լինի Քո կյանքին, որովհետև Քո հետ ունեցած նմանության մեջ է միայն կայանում փրկությունս և իրական սրբությունը: Ի՛նչ էլ կարդամ և ունկնդրեմ սրանից դուրս, ի զորու չի լինի մխիթարելու ինձ, և ո՛չ էլ կատարելապես հագեցնելու:
 
4. Հիսուսը. Որդյակ, քանի որ ընթերցել ես և գիտես այս բաները, երանելի կլինես, եթե գործադրես: Ով ճանաչում է պատվիրաններս և գործադրում է դրանք, նա է, որ սիրում է ինձ: Եվ ինձ նույնպես՝ այդպիսին է սիրելի, այդպիսի մարդուն կհայտնեմ անձս, այդպիսի մարդուն իմ աջ կողմում կբազմեցնեմ Հորս Արքայության մեջ:
 
5. Հավատացյալը. Տեր իմ Հիսուս, ինչպես խոստացել էիր, այնպես է կատարվում իրոք, և երանի թե արժանի լինեի խոստումներիդ: Քո ձեռքերից ընդունեցի խաչը, այն ընդունեցի և կկրեմ այն, մինչ ի մահ կկրեմ, այնպես՝ ինչպես դրեցիր ուսերիս: Իրականում, լավ վանականի կյանքը խաչ է, բայց առաջնորդում է դեպի Երկինք: Սկսել եմ. չեմ կամենում ետ դառնալ. կանգ առնելը նույնպես բացառված է:
Հետևաբար, եղբայրներ, առաջ ընթանանք միասին. Հիսուսը մեր հետ է: Հիսուսի սիրո համար հանձն առանք այս խաչը, Հիսուսի սիրո համար էլ հարատևենք այն կրելու մեջ: Մեզ օգնության կհասնի Նա, որ մեր առաջնորդն է, և որ կանխում է մեզ: Ահա՛, մեր Թագավորն ընթանում է մեզ գլուխ անցած, Նա կպատերազմի մեր համար: «Հետևենք Նրան արիությամբ, ոչ ոք թող ետ չընկրկի սարսափահար. պատրաստ լինենք մեռնելու ճակատամարտի դաշտում, քաջերի նման» (1Մկ 9, 10): Չբծավորենք մեր փառքը, խաչից խուսափելով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։