Գլուխ ԾԷ. - Չհուսահատվել սայթաքումների դեպքում – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԷ. - Չհուսահատվել սայթաքումների դեպքում

1. Հիսուսը. Որդյակ, ինձ ավելի հաճելի են համբերությունն ու խոնարհությունը, երբ ամեն բան ձախ է ընթանում, քան բազում մխիթարություններն ու ջերմ եռանդը խաղաղության օրերում: Ինչո՞ւ ես այդքան վշտանում քո դեմ ասված կամ արված փոքրիկ ընդդիմությունների պատճառով: Եթե նույնիսկ է՛լ ավելի ծանր կերպով դուրս գային քո դեմ, չպետք է վրդովվեիր: Շատ կարևորություն մի՛ ընծայիր. առաջին անգամը չէ, նորություն չէ, և վստահ՝ չի լինելու նաև վերջինը, եթե երկար ապրես: Քաջարի ես, երբ խոչնդոտները բացակայում են: Ինչպես նաև լավորակ խորհրդատու ես և մխիթարության հարմար խոսքեր ես արտասանում ուրիշների համար: Մինչ հազիվ մի անակնկալ նեղություն բախում է դուռդ, «մնաք բարով» ես ասում իմաստությանն ու զորությանը: Տե՛ս, թե քանի՜ցս մեծ է տկարությունդ և թե քանի՜ցս հաճախ հնարավորությունն ունես զգալու այն, ոչինչ ընդդիմությունների դեպքում: Եվ այնուամենայնիվ, եթե այսպիսի կամ նման դեպքեր են պատահում, քո իսկ բարիքի համար են:
 
2. Ջանա՛ մոռանալ, որքան լավ որ կարող ես, և եթե ենթարկվում ես նեղությունների, ո՛չ հուսահատվիր, և ո՛չ էլ մտահոգվիր երկար ժամանակ: Գեթ համբերությամբ տառապիր, եթե չես կարողանում ուրախությամբ: Եվ եթե նույնիսկ չես կարողանում հոժարությամբ լսել որոշ կարծիքներ, և դրանց պատճառով խռովվում ես, տիրապետիր քեզ, զսպիր, և թող բերանիցդ դուրս չգան անվայել խոսքեր, որոնք կարող են գայթակղեցնել պարզամիտներին: Շուտով փոթորիկը կհանդարտվի և վշտիդ կհաջորդի խաղաղությունը, շնորհի այցելության հետևանքում: «Ես ողջ եմ» (Ես 49, 18), պատրաստ օգնելու քեզ և մխիթարելու սովորականից է՛լ ավելի, եթե հավատաս ինձ և կանչես եռանդով:
 
3. Հոգիդ անդորրի մեջ պահիր և պատրաստվիր դե՛ռ ավելի մեծ պայքարների: Իրականում, անօգուտ բան չէ հաճախ տառապելն ու փորձվելը: Մարդ ես, ո՛չ Աստված. մարմնեղեն ես, և ո՛չ հրեշտակ: Ինչպե՞ս կարող ես հարատևել առաքինության միևնույն աստիճանում, երբ նույնը չկարողացան առաջին հրեշտակը երկնքում և առաջին մարդը դրախտում: Ես Նա Եմ, ով փրկություն է շնորհում վշտահարներին, մինչև աստվածությունս բարձրացնելով նրանց, ովքեր խոնարհվելով ընդունում են իրենց տկարությունը:
 
4. Հավատացյալը. Տեր, թող օրհնյալ լինի խոսքդ. այն «լեզվիս վրա ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը» (Սղմ 18, 11): Արդյոք ի՞նչ էի անելու նեղությունների ու անձկությունների մեջ ընկղմված, եթե չմխիթարեիր ինձ Քո սուրբ խոսքերով: Որպեսզի վերջիվերջո հասնեմ փրկության նավահանգիստ, ի՞նչ կարևորություն ունի, թե ինչպիսի կամ քանի նեղություններ եմ պարտավոր կրելու: Տուր ինձ բարի վախճան և երջանիկ խաղաղ մեկնում այս աշխարհից: Գթությամբդ հիշիր ինձ, Աստված իմ, և ուղղաշավիղ արահետով առաջնորդիր դեպի Արքայությունդ. ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։