Գլուխ ԾԸ. - Չփորձել քննել աստվածային խորհուրդները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԸ. - Չփորձել քննել աստվածային խորհուրդները

1. Հիսուսը. Որդյակ, մի՛ պատճառաբանիր չափազանց բարձր իրողությունների և աստվածային գաղտնի խորհուրդների շուրջ. թե ինչո՛ւ է մեկը լքված, մինչ մի ուրիշը վայելքների մեջ է, ինչո՛ւ է մեկը վշտացած, մինչ մյուսը ողողված է մխիթարություններով: Սրանք հարցեր են, որ գերազանցում են մարդկային մտքի ըմբռնողական հնարավորություններին, և չկա ճառախոսություն կամ վիճաբանություն, որ ի զորու լինի քողազերծելու աստվածային դատաստանները: Հետևաբար, երբ թշնամին մտքումդ արթնացնում է որոշ հարցադրումներ, կամ երբ հետաքրքրասերները պահանջում են լուսաբանումներ, բոլորին պատասխանիր Մարգարեի խոսքերով. «Տեր, Դու արդար ես և ուղիղ են Քո դատաստանները» (Սղմ 118, 137), և կամ այս մյուս խոսքերով. «Տերունական դատաստանները ճշմարիտ են և բոլորն էլ արդար» (Սղմ 18, 10): Որդյակ, վճիռներս հարկավոր է հարգել, ո՛չ թե քննել, որովհետև գերիվեր են, քան մարդկային իմացականությունը:
 
2. Հետազոտություններ մի՛ ծավալիր և ո՛չ էլ վիճաբանիր Սրբոց արժանիքների շուրջ. թե որն է մյուսից ավելի մեծ, և կամ թե ով է առավել փառավորված Երկնքում: Այսպիսի տրամադրություններից ծնվում են վեճեր ու անօգուտ լեզվակռիվներ, ուռճանում են հպարտությունն ու սնափառությունը, որոնցից էլ բխում են նախանձ ու տարակարծություններ, որովհետև մեկն ունայնամտությամբ նախընտրում է այսինչ Սրբին, իսկ մյուսը՝ մի ուրիշին: Որոշ բաներ իմանալ և քննել կամենալը ապարդյուն է, ինչպես նաև տհաճ՝ Սրբերին, որովհետև ես երկպառակության Աստվածը չեմ, այլ՝ Աստվածը խաղաղության: Իսկ այդ խաղաղությունն ավելի իրական խոնարհության մեջ է կայանում, քան անձնական հռչակման:
 
3. Ոմանք բարեպաշտ եռանդով առավել համակրանք են զգում որոշ Սրբերի հանդեպ, բայց այս զգացումն ավելի մարդկային է, քան աստվածային: Ե՛ս կատարելության հասցրեցի Սրբերին, ե՛ս նրանց պարգևեցի շնորհը, ե՛ս նրանց հաղորդակից դարձրեցի փառքիս: Հայտնի են ինձ նրանցից յուրաքանչյուրի արժանիքները, որովհետև ե՛ս նրանց կանխեցի քաղցրությունիցս բխող օրհնություններով: Ե՛ս նախասահմանեցի իմ ընտրյալներին հավիտենությունից էլ առաջ, ե՛ս նրանց ընտրեցի աշխարհից, ո՛չ թե նրանք ինձ: Ե՛ս նրանց կանչեցի շնորհով, ձգեցի ողորմությամբ, ընկերակցեցի ընդմեջ զանազան փորձությունների: Ե՛ս նրանց վրա հեղեցի սփոփարար մխիթարություններ, ե՛ս նրանց շնորհեցի հարատևություն, ե՛ս վարձատրեցի նրանց համբերությունը:
 
4. Ես գիտեմ, թե նրանցից ով է առաջինը և ով վերջինը, և բոլորին էլ սիրում եմ հավասարապես անհուն սիրով: Ե՛ս պետք է փառավորվեմ բոլոր Սրբերի մեջ, ե՛ս պետք է օրհնվեմ ամեն ինչից ավելի և մեծարվեմ նրանցից յուրաքանչյուրի մեջ, որոնց մեծվայելչությամբ բարձրացրեցի ու նախասահմանեցի, առանց նախապես պահանջելու նրանցից որևէ արժանիք: Ով, հետևաբար, արհամարհում է իմ այս Սրբերից փոքրագույնին, չի հարգում նաև մեծին, որովհետև մեծ թե փոքր, բոլորին էլ ես ստեղծեցի: Եվ ով ոչինչ է համարում Սրբերիցս որևէ մեկին, նվաստացնում է ինձ և նրանց բոլորին, որ իմ հետ Երկնքում են: Այնտեղ բոլորը մեկ միասնություն են աստվածային սիրո մեջ, ունեն միևնույն զգացումներն ու կամքը, և որպես միևնույն Հոր որդիներ, սիրում են միմյանց եղբայրական փոխադարձ սիրով:
 
5. Եվ – ինչն ավելի վեհ է ու գերազանց – սիրում են ո՛չ թե իրենք իրենց կամ իրենց արժանիքները, այլ՝ ինձ միայն: Հափշտակված իրենցից վեր և ձերբազատված իրենց անձնասիրությունից, բոլորն էլ ընկղմված են սիրույս մեջ, ուր վայելում են քաղցրիկ հանգիստ: Ոչինչ չի կարող շեղել նրանց կամ դեպի վար քաշել, որովհետև զեղման չափ լի են հավիտենական Ճշմարտությամբ, որովհետև բոցավառված են աստվածային անմար սիրո կրակներով: Ուրեմն, թող ըստ մարմնի և ըստ աշխարհի մտածող մարդիկ չաստիճանավորեն իմ Սրբերին. մարդիկ, որ իրենց անձնական հաճույքները միայն գիտեն սիրել, որ կտրում կամ ավելացնում են ըստ իրենց քմահաճույքի, և ո՛չ թե ըստ հավիտենական Ճշմարտության կամքի:
 
6. Այսպիսի մարդկանց մեծամասնության մեջ գործում է անգիտությունը, հատկապես նրանց մեջ, ովքեր աստվածային շնորհներով քիչ լուսավորված լինելով՝ հազվադեպ են կարողանում սիրել որևէ մեկին հոգևոր մաքուր սիրով: Ինչպես նաև, բնական զգացումներից և զուտ մարդկային համակրանքից մղված հակվելով դեպի այս մեկը կամ այն մյուսը, ինչպես վարվում են երկրային իրավիճակներում, կարծում են, թե երկնայիններում նույնպես պատահում է այդպես: Անհնարին է նկարագրել այն տարածքը, որ բաժանում է թերի հոգիների կարծիքներն այն սկզբունքներից ու գաղափարներից, որոնցով սնվում են երկնային հայտնությամբ լուսավորված հոգիները:
 
7. Հետևաբար, որդյակ, պախարակելի հետաքրքրությամբ միջամուտ մի՛ եղիր այնպիսի իրողությունների մեջ, որոնք գերազանցում են իմացականությանդ սահմանները, այլ՝ ավելի աշխատիր, որ գեթ վերջինը լինես Երկնքի Արքայությունում: Եթե մեկն իմանար, թե ով է ամենասուրբը կամ ամենամեծը Երկնքում, ի՞նչ օգուտ կունենար իր համար այս գիտությունը, եթե առիթ չհանդիսանար խոնարհության և ինձ է՛լ ավելի փառավորելու: Ով խորհում է իր մեղքերի մեծության ու առաքինությունների սակավության շուրջ, և թե որքա՜ն հեռու է Սրբերի կատարելությունից, ինձ ավելի հաճելի գործ է կատարում, քան Սրբերի մեծության ու փոքրության շուրջ պատճառաբանողը: Նախընտրելի է Սրբերի բարեխոսությունը հայցել բարեպաշտ աղոթքներով ու արցունքներով, և խոնարհ սրտով խնդրել նրանց փառահեղ օգնությունը, քան պարապ փնտրտուքով փորձել քննել երկնային խորհուրդները:
 
8. Սրբերն ավելի գոհ կլինեին, եթե մարդիկ մի կողմ թողնեին ավելորդ շատախոսությունները, որովհետև իրենք չեն պարծենում իրենց արժանիքներով, որովհետև իրենց չեն վերագրում ոչ մի բարիք, այլ՝ միայն ինձ, որովհետև ե՛ս իրենց շնորհեցի ամեն բան ըստ իմ անհուն սիրո: Սրբերն այնքան լի են աստվածային սիրով ու երանությամբ, որ ոչինչ չի պակասում իրենց փառքին և ոչինչ չի կարող պակասել իրենց վայելած բերկրանքին: Բոլոր Սրբերն առանց բացառության, որքան ավելի բարձր են փառքի մեջ, այնքան ավելի խոնարհ են, միացած ինձ և ինձ հաճելի: Այս իսկ պատճառով, գրված է. «Իրենց պսակները դնում էին Աստծո գահի առաջ, գետնատարած երկրպագում էին Գառանը, և պաշտում էին ի հավիտյանս հավիտենից Կենդանի եղողին» (Հյտ 4, 10; 5, 13-14):
 
9. Շատերը կամենում են իմանալ, թե ով է ամենամեծը Երկնքում, և սակայն անգիտանում են, թե իրենք արժանի՞ են լինելու դասվելու գեթ ամենափոքրերի մեջ: Մեծագույն իրողություն է Երկնքում նույնիսկ ամենափոքրը լինելը, ուր բոլորն էլ մեծ են, որովհետև բոլորն էլ կոչվելու և իսկապես լինելու են Աստծո որդիներ: «Ամենափոքրը բարձրացվելու է ավելի վեր, քան բյուրավոր հազարները», մինչդեռ մեղավորը հարյուր տարի ապրելուց հետո մեռնելու է (Ես 60, 22; 65, 20): Երբ Առաքյալները հարցրեցին ինձ, թե ով է ամենամեծը Երկնքի Արքայությունում, ստացան ահա այս պատասխանը. «Եթե հոգեպես չնորոգվեք և չլինեք ինչպես այս մանուկները, Երկնքի Արքայություն չեք մտնի: Ով խոնարհվում է ինչպես այս մանուկը, նա է ամենամեծը Երկնքի Արքայությունում» (Մտթ 18, 3-4):
 
10. Վա՜յ նրանց, ովքեր չեն կամենում հոժարությամբ խոնարհվել մանուկների նման, որովհետև Երկնքի Արքայության դուռը ցածր է ու նեղ, և անհնարին է նրանից ներս մտնել վեր ցցված քթով: «Վա՜յ հարուստներին, որովհետև երկրի վրա են գտնում իրենց մխիթարությունը» (Ղկս 6, 24), և մինչ աղքատները կմտնեն Աստծո Արքայություն, իրենք դրսում մնացած կողբան ու կհեկեկան: Ցնծացե՛ք, խոնարհներ, և ուրա՛խ եղեք, աղքատներ, որովհետև ձերն է Աստծո Արքայությունը, եթե հարատև հավատարիմ մնաք Ճշմարտությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։