Գլուխ ԾԹ. - Հույս և վստահություն առ Աստված – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԹ. - Հույս և վստահություն առ Աստված

1. Հավատացյալը. Տեր, այս կյանքիս ընթացքում դեպի ո՞ւր ուղղեմ վստահությունս, կամ ո՞ւր գտնեմ մխիթարությունս այս աշխարհում: Մի՞թե Դու չես, Աստված իմ, անթիվ ու անքանակ ողորմությունների Տերը: Ո՞ւր կարողացա ապահով լինել առանց Քեզ, և ընդհակառակն՝ ո՞ւր ապերջանիկ եղա Քո հետ: Նախընտրում եմ աղքատ լինել ի սեր Քո, քան հարուստ առանց Քեզ: Նախընտրում եմ պանդուխտ լինել Քո հետ երկրի վրա, քան դրախտը վայելել առանց Քեզ: Ուր Դու ներկա ես, այնտեղ է Երկինքը, մինչ ուր բացակա ես, մահն է տիրում ու դժոխքը: Դու ես փափաքներիս միակ առարկան, և այս իսկ պատճառով՝ չեմ կարող չհետևել Քեզ արտասվելով, աղաղակելով ու աղաչելով: Ոչ ոք չի կարող կարիքներիս մեջ ավելի լավագույն օգնություն ընծայել ինձ, քան միայն Դու, Աստված իմ: «Դու ես իմ հույսը» (Սղմ 141, 6), իմ վստահությունը, մխիթարիչս ու ամեն ինչում հավատարիմ ընկերս:
 
2. «Բոլորն իրենց շահն են փնտրում» (Փլպ 2, 21): Դու ես միայն, որ մտածում ես փրկությանս ու օգուտիս մասին, և որ ամեն բան ծառայեցնում ես իմ բարիքին: Եթե նույնիսկ ենթարկում ես զանազան փորձությունների ու նեղությունների, ամեն բան տնօրինում ես իմ օգուտի համար, որովհետև սովոր ես հազարավոր կերպերով փորձել նրանց, որոնց սիրում ես: Փորձությունների մեջ չպետք է սակավ փառաբանվես, սիրվես ու օրհնություն ընդունես, քան երբ լիացնում ես ինձ երկնային մխիթարություններովդ:
 
3. Դու ես, ուրեմն, Տեր, իմ հույսն ու ապավենը. Քեզ եմ վստահում իմ բոլոր նեղություններն ու տրտմությունը, որովհետև Քեզնից դուրս ամեն բան տեսնում եմ սասանելի ու անհաստատ: Չեն կարող օգնել բազում ընկերները, չեն կարող պաշտպանել հզոր թիկնապահները, չեն կարող գործնական պատասխան տալ խորագետ խորհրդականները, չեն կարող սփոփել իմաստունների գրությունները, չեն կարող ազատել թանկարժեք առարկաները, և ո՛չ էլ գաղտնածածուկ անձավները կարող են ապահովություն խոստանալ, եթե Դու զորավիգ չլինես, չօգնես, չմխիթարես, չսփոփես, չուսուցանես ու չպաշտպանես: Այն բոլոր իրողությունները, որ թվում է թե հայթայթում են մեզ անդորր ու երջանկություն, ոչինչ են առանց Քեզ, և ոչնչով չեն ծառայում խաղաղությանը: Դու Ինքդ ես, հետևաբար, նպատակակետը բոլոր բարիքների, լիությունը կյանքի և խոսքի խորքը: Եվ ծառաներիդ միակ վիթխարի մխիթարությունը ամեն ինչից վեր Քեզ հուսալու մեջ է կայանում:
 
4. «Աչքերս դեպի Քեզ են սևեռված, Քեզ եմ վստահում, Աստված իմ, Հայր գթությանց» (Սղմ 140, 8; 23, 2; 2Կր 1, 3): Երկնային օրհնությամբդ օրհնիր և սրբիր հոգիս, որպեսզի սուրբ բնակավայր դառնա Քո համար և գահ հավիտենական փառքիդ: Եվ թող ոչինչ չգտնվի լույսիդ տաճարում, որ կարող լինի տհաճություն պատճառել վեհությանդ հայացքին: Դեպի ինձ հայիր «ըստ Քո բազում գթության և ըստ Քո մեծ ողորմության» (Սղմ 50, 3): Ընդունիր ծառայիդ աղոթքը, որ արտաքսված նետված է մահվան ստվերներով ծածկված այս հովտի մեջ: Այս անցողիկ կյանքի անդնդային վտանգների մեջ պաշտպանիր և փրկիր փոքրիկ ծառայիդ հոգին, և շնորհիդ գավազանով առաջնորդիր ինձ խաղաղության արահետներով, դեպի հայրենիքն անմայրամուտ լույսի. ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։