Գրքի կառույցը, նյութը և ոճը – Գրադարան – Mashtoz.org

Գրքի կառույցը, նյութը և ոճը

Սա մի գիրք է, որի յուրաքանչյուր արտահայտությունը թվում է գրված նրա համար, ով ընթերցում է, և հենց այն պահի համար, որում ընթերցվում է: Բոլոր մտքերը հիմնված են Աստվածաշնչի վրա: Կրում է իրենում գաղտնիքը մի երիտասարդության – հոգու երիտասարդության – և ստիպում է զգալ նրա կարոտը բոլոր նրանց, ովքեր այն կորցրել են: Բաժանվելով տարբեր ծավալի չորս մասերի, կամ գրքերի, չի ներկայանում իբրև ճառախոսություն, այլ՝ մատուցում է հոգևոր ուսուցումներ վճռական (վերջնականապես լուծված, քննարկման կարիք այլևս չունեցող) ոճով: Եվ իրոք, գրքում շատ հազվադեպ կարելի է հանդիպել պատճառաբանումների, փաստարկների բերման (բացառությամբ աստվածաշնչյան հիմնավորումների): Ինչը որ ծանր է որոշ հոգիների համար, որոնք կուզենային, որ այսպես ասած ընկնեին իրենց ետևից, համոզեին, ճիգ գործադրեին իրենց դարձի բերելու համար, և այլն: Այդպիսի անձանց սրտերում թաքնված են կայծեր հպարտության (թեև անգիտակից կերպով, բայց միշտ ներկա): Այս գիրքը ցույց է տալիս ճշմարտությանը հասնելու ճանապարհը, – միա՛կ ճանապարհը, – որից դուրս այլընտրանք չկա: Իսկ ճշմարտությունը գրեթե միշտ նույնանում է խոնարհության հետ և շատ դժվար է դրանք միմյանցից բաժանելը: Նաև իր այս ոճով (այսինքն՝ պարզապես ուսուցանելով, առանց վիճելու, առանց մտահոգվելու, թե ընթերցողը կընդունի իրեն կամ ոչ) գրքի հեղինակը հրավեր է ուղղում մեզ խոնարհության: Մարդը ծարավի է երջանկության, և Աստված հայտնում է միակ իրական երջանկությանը հասնելու միջոցները: Մեր ազատ կամքին է մնում որոշելը, թե կքայլե՞նք այդ մատնանշված ճանապարհով, թե՞ կհետևենք պատրանքների, որոնք մի օր ցիրուցան են լինելու, թողնելով մեզ ձեռնունայն ... անհուսորեն ձեռնունայն:
 
Առաջին մասը (Գիրք Ա.), որ հաշվում է 25 փոքրիկ գլուխներ, մի հավաքածու է գիտակից և անկեղծ քրիստոնեական կյանքի համար օգտակար մտքերի ու հորդորների: Երկրորդ մասը (Գիրք Բ.), ամենակարճը, որովհետև ներառում է իր մեջ հազիվ 12 գլուխ, բոցավառ հրավեր է՝ տրվելու ներանձնական կյանքին, այսինքն՝ անհոգությամբ մոռացության չմատնելու ներքին հոգևոր կյանքը: Հաջորդում է երրորդ մասը (Գիրք Գ.), 59 գլուխներով, և հետևաբար՝ ամենաընդարձակ մասն է: Նախորդ երկու մասերից տարբերվում է նրանով, որ ներկայանում է սիրալի երկխոսության ձևով ընդմեջ Աստծո և մարդու, մատուցելով խոսքեր մխիթարության և հորդորի՝ ճաշակելու աստվածապաշտ կյանքի հետևանքը հանդիսացող ներքին խաղաղությունն ու հոգեզվարթությունը: Հեղինակն այստեղ բացահայտում է իր խորը ծանոթությունը մարդու հոգեբանության, նրա ձգտումների ու կարիքների, և հոգևոր կյանքի հետ: Չորրորդ մասը (Գիրք Դ.), որ տարածվում է 18 գլուխների վրա, մեծագույն բարեպաշտությամբ խոսում է Ամենասուրբ Հաղորդության զանազան տեսանկյունների, հատկապես՝ այն ներքին տրամադրությունների մասին, որոնք անհրաժեշտ են՝ պտղառատ կերպով հաղորդվելու համար:
 
*******
 
 «Ինքդ քեզնից դուրս մի՛ եկ, որովհետև ներքին մարդու մեջ է բնակվում ճշմարտությունը» գրում է Սուրբ Օգոստինոսը:  «Երբ կբացահայտես անձնական ոչնչությունդ, այնժամ կգերազանցես ինքդ քեզ»: Վերադառնալ մեր անձերից ներս, ապրումով և փորձառությամբ ճանաչելու համար մեր ամբողջական չնչինությունը, ոչնչությունը. ապա նաև հանդիպել Աստծուն, որ բնակվում է Իր փոքրիկ արարածների սրտում, կամենալով սիրվել և երախտագիտության ընծաներ ընդունել նրանցից: Ահա սա՛ է առանցքային նյութը այն գրքի, որ մեծագույն իրավացիությամբ է կոչվում Նմանություն Հիսուս Քրիստոսի: Այն առաջնորդ է դեպի ծածուկ Ճշմարտությունը, դեպի քրիստոնյա կոչվելուն արժանի կյանքը, որը հյուսված է իրական իմաստության (ո՛չ իմաստակության), աղոթքի և բարու դերձաններով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։