Ընդդեմ մտքի պաշտամունքի – Գրադարան – Mashtoz.org

Ընդդեմ մտքի պաշտամունքի

Գրքի ընթերցման ժամանակ դժվար չէ հանդիպել մի քանի ջատագովական արտահայտությունների ընդդեմ անվերջանալի վիճաբանություններում կորող որոշ աստվածաբանների խրթին մտազննումների, որոնք թեև հաճելի ու գրգռիչ են բանականության համար, այնուամենայնիվ թողնում են հոգևոր չքավորության զգացում: Հետևաբար այն աղեղները, որոնք մեր հեղինակը երբեմն արձակում է աստվածաբանական և իմաստասիրական ուսումների դեմ, բացատրվում են նրանով, որ շատ շատերի համար Աստծո կողմից հայտնված ճշմարտությունները հանդիսանում են նյութ ցամաք վիճաբանությունների, կարծես թե դրանք Տիրոջ կողմից հայտնվել են, որպեսզի ոմանք համալսարաններում քննարկեն դրանք, կոտորակեն, զննեն, տան իրենց կարծիքները և այլն: Գաղտնի թե բացահայտ, մեր հեղինակի անվստահությունն ու կասկածամտությունը իմաստասիրական (փիլիսոփայության) ուսումների հանդեպ պետք է բացատրվի ո՛չ միայն պատմական, և ո՛չ էլ միայն ասկետիկ տեսանկյուններից մեկնելով: Յուրաքանչյուր քրիստոնյայի, հատկապես քահանաների ու վանականների սերտ պարտականությունն է իրենց մտային կարողությունների խորացումը: Աշխարհում տիրող կրոնական ներկա անտարբերության ու հաճոյամետ գաղափարներով միայն խանդավառվելու գլխավոր պատճառներից մեկը հենց կրոնական տգիտությունն է, այսինքն՝ քրիստոնեական ուսմունքի ու սկզբունքների անգիտությունը, հավատքի ասպարեզում շատերի անհասունությունն ու մակերեսայնությունը: Սակայն, կա նաև հակառակ ծայրահեղությունը. վերոհիշյալ գիտություններին բուռն և բացարձակապես տեսական կերպով մոտեցումը: Աստվածային հայտնությունները կյանք են և ապրում, և տրված են մարդուն, որպեսզի հավատա ու ապրի, ո՛չ թե՝ որպեսզի ձևափոխի դրանք իր կարճլիկ մտքի պատճառաբանումներով: Այդպիսով, այն թանկարժեք գիտությունը, որ պետք է ուղղեր մարդուն առ Աստված, ի վերջո հեռացնում է մարդուն Նրանից, որովհետև դառնում է մի տեսակ կռապաշտություն: Սեփական մշակույթի բարձրության ամուլ գիտակցությունն ու գոռոզ գերագնահատումն, իրոք, սնուցում է հպարտությունը. մտքի ապօրինի (նպատակաշեղ) գործածումն ամլացնում է մեր զգայական (հատկապես՝ հիանալու և հուզվելու) կարողությունները, որոնք այնքա՜ն կարևոր են Աստծուն և մերձավորին սիրելու գործում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։