Ընդդեմ չափազանց գործունեության – Գրադարան – Mashtoz.org

Ընդդեմ չափազանց գործունեության

Երբեմն նաև թվում է, թե այս գիրքը դուրս է գալիս կյանքի բոլոր տեսակ գործունեությունների դեմ, դատապարտելով դրանք որպես մտացրումի աղբյուրներ, որոնք հեռացնում են հոգին լռությունից և վերին իրականությունների շուրջ խորհրդածումից: Արդեն նշեցինք, որ գիրքը հասցեագրված է եղել նրանց, ովքեր կամովին հեռանում են աշխարհից, փակվելու համար ինչ որ մի վանքի մենության մեջ, նվիրվելով բացարձակապես աղոթքին և քրիստոնեական կյանքի արմատականությանը: Բայց եթե ընթերցում ենք գիրքն ուշադրությամբ և միմյանց համեմատելով նրա զանազան մասերը, տեսնում ենք, որ նրա բացասական տրամադրվածությունը աշխարհի հանդեպ չի կամենում վերածվել այսպես ասած արհամարհանքի առաքինության ընդդեմ այն ամենի, ինչը որ ուղղակիորեն աղոթք չէ կամ ապաշխարություն: Չարաչար կսխալվենք այդպես մտածելով: Որովհետև եթե կամենում ենք նմանվել Հիսուսին, չենք կարող մոռանալ, որ Նա Իր կյանքի մեծ մասն անցկացրեց զբաղվելով հյուսնի ոչ այնքան հեշտ արհեստով, սկզբում որպես աշակերտ հայրագիր Սուրբ Հովսեփին, ապա նաև որպես վարպետ, պահելու համար Իր և Իր Մոր մարմնեղեն գոյությունն իրենց աղքատիկ առօրյայում: Ինչպես նաև, ավելի լավ հասկանալու համար հեղինակի միտքը, հարկ է ճշտել, թե ի՞նչ են նշանակում իր համար  «աշխարհ» և  «բնություն» բառերը:
Քրիստոնեական աստվածաբանության համար  «աշխարհ» բառը նշանակում է չորս բան. 1) Սխալ սկզբունքներ, որոնց համաձայն ապրելով՝ մարդիկ շեղվում են բարեպաշտությունից. 2) Խռովություններ ու հալածանքներ քրիստոնյաների դեմ. 3) Հաճույքների ու զվարճությունների անսանձ ու անհագ փնտրտուք. 4) Գայթակղություններ և չար օրինակներ, ներառյալ չար դաստիարակությունը: Մեր հեղինակի համար կարևոր են առաջին և երրորդ նշանակությունները:
Իսկ ինչ վերաբերվում է  «բնություն» բառին, հարկ է իսկույն նշել, որ հեղինակն այս բառը օգտագործելով՝ անշուշտ չի հասկանում բուսական ու կենդանական աշխարհը, որ շրջապատում է մեզ: Չի հասկանում նաև մարդու մարմնեղեն կառուցվածքը, և երբ բացասական հատվածներում օգտագործում է այս բառը, չի ներկայանում իբրև մարդատյաց, ինչպես վարվում են արևելյան՝ չին և հնդիկ փիլիսոփաները:  «Բնություն» բառը մեր հեղինակի համար ունի ամբողջովին հոգեբանական և բարոյական իմաստ, որպես հոմանիշ ունենալով  «բնավորություն»,  «նկարագիր»,  «խառնվածք» բառերը: Մարդկային խառնվածքները հիմնականում չորսն են. տաքարյուն, ջղային, ցասկոտ և սառնարյուն կամ չխանդավառվող: Այս խմբերից որին էլ որ պատկանենք, հեղինակի փափաքն այն է, որ ուղղենք և դաստիարակենք մեր  «բնության» բացասական կետերը, խնամելով դրական հատկությունները:
Գրքի նպատակն է մարդկանց ներկայացնել իրական (անվախճան) արժեքները, կրթել նրանց իրական սկզբունքներով: Բայց գրքի առանցքային նպատակը հռչակելն է, որ մարդիկ չեն կարող երջանկություն գտնել ստեղծելով իրենց սեփական աշխարհը, ընկղմվելով անսանձ հաճույքների ու զվարճությունների մեջ. նույնիսկ սիրելի աշխատանքը երբեմն դառնում է ձանձրալի: Վանականը չի հեռանում մարդկանցից, արվեստից, լուրերի ու նորությունների ժխորից (այսօր կարելի է ավելացնել նաև հեռուստացույցը, լրագրերն ու համացանցը), որովհետև արհամարհում է դրանք, որովհետև իրեն բարձր է դասում բոլորից և ամեն ինչից, համարելով իրեն սուրբ, իսկ մյուսներին՝ պիղծ: Ո՛չ: Իրական վանականը հեռանում է այդ ամենից, որովհետև չունի դրանց կարիքը, դրանք ոչնչով չեն կարող ավելացնել իր ճաշակած ներքին հոգևոր խաղաղությունն ու երանությունը. ավելին՝ կարող են խլել իրենից դրանք: Երբ ունես Աստծուն, որ Ինքնին Երանությունն է և Երանացնողը, ինքնաբերաբար չես կամենում ունենալ այլևս ուրիշ ոչինչ:
Այս գիրքը ահազանգ է ընդդեմ չափազանցված գործունեապաշտության (ակտիվիզմի), ընդդեմ այն աշխարհի, որը կամենում է կլանել մեզ մակերեսայնության մեջ, մի հորդոր է՝ անհոգ չգտնվելու մեր ներքին հոգևոր կյանքի նկատմամբ, այն չքմեղանքով, թե շատ ու շատ բաներ ունենք սովորելու, տեսնելու, անելու:  «Աստծո Արքայությունը քո ներսում է: Միայն մի բան կա անհրաժեշտ»: Ավետարանի այս խոսքերն են այն հիմքը, որի վրա կառուցված է այս գիրքը, առաջին տողից մինչև վերջինը: Հետևաբար, դատապարտությունն ուղղված չէ գործունեությանն ինքն իր մեջ, այլ՝ այն չափազանց ու խենթ մտահոգվելուն և խռովվելուն ընդմեջ հազար ու մի ձեռնարկների և ապագայակառույց ծրագրերի, – լինեն դրանք կարևոր, թե ոչ, – որոնցով վտանգի ենք ենթարկում մեր մտերիմ հարաբերություններն Աստծո և մարդկանց հետ: Բավական է, որ ընթերցենք գրքի սկզբունքներից միայն մեկը, ըմբռնելու համար հեղինակի մտքի հավասարակշռությունը.  «Ներանձնական կյանքին անձնատուր միտքը շուտով է ամփոփվում, որովհետև երբեք ամբողջովին չի տրվում արտաքին զբաղմունքներին: Արտաքին աշխատանքները կամ օգտակար զբաղմունքները նրան չեն խանգարում. նա հարմարվում է դրանց դեպքերի բերման համաձայն» (Գիրք Բ, Ա 7): Մենք՝ երկրի բնակիչներս, կարիքը չունենք, որ ինչ որ մեկը հորդորի մեզ ապրելու ցրված, հետևելով մեր անձնական անթիվ ու անհամար շահերին, հաճոյամոլությանը, իրերին ու անձերին: Արդեն իսկ ապրում ենք այդպես: Մինչդեռ կարիքն ունենք, որ ինչ որ մեկը անհոգնելի կերպով – երբեմն թերևս նաև խստությամբ և սպառնալով – ցնցի մեզ, որպեսզի չթմրենք այդ մտահոգությունների ներսում, որպեսզի չմթագնի մեր տեսողությունը և չմոռանանք, որ մեր կյանքի միակ նպատակը Աստված Ինքն է և այն ամենը, ինչը որ առաջնորդում է մեզ դեպի Նա և մոտեցնում մեզ Նրան. աղոթքը, առաքինությունը, արդարությունը, բարությունը, գութը, եղբայրսիրությունը, կամ ավելի ընդարձակ իմաստով՝ մարդասիրությունը, ինքնատիրապետումը կամ զսպվածությունը, մարմնի, հոգու և մտքի անկարգ ցանկությունների սանձումը, խոնարհությունը, համբերությունը, արթուն հսկումը հոգևոր և մտային խաբեությունների դեմ, և այլն, և այլն:
Սա՛ է այս գրքի  «պատգամը», այս վեհ հորդորներում է կայանում նրա գեղեցկությունն ու մշտատև այժմեականությունը:  «Վերադարձիր ինքդ քո մեջ». ահա՛ ամբողջ գիրքը սնող ավիշը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։