Հեղինակն ու իր միջավայրը – Գրադարան – Mashtoz.org

Հեղինակն ու իր միջավայրը

Այս զարմանահրաշ գիրքը, որ բոլոր դարերում և բոլոր ժողովուրդների մոտ գտնում է նույնիսկ Ավետարանի հետ համեմատելի ընդունելություն (Բոսսուեն, իրոք, որակավորեց այն իբրև  «հինգերորդ Ավետարան»), իր ճակատին երբեմն չի կրում իր շարադրողի անունը: Բանասերների համար դժվար է առանց որևէ վարանումի նշել հեղինակի ինքնությունը: Հավանական թեկնածուները երկուսն են. իտալացի Ջովաննի Ջերսենիոն (1180-1240) և ֆյամինգ Թովմա Գեմբացին (1380-1471): Մենք հետևում ենք ավանդությանը և որպես հեղինակ ընդունում Թովմա Գեմբացուն. և կփափաքեինք ավելացնել նրա անվանը նաև  «Սուրբ» ածականը, չվարանելով սրբության հարցում նրա, ով դարերի ընթացքում կրթեց և մարդկությանը պարգևեց Եկեղեցու կողմից սրբադասված արդարների բազում սերունդներ, այսօր ևս շարունակելով իր այդ վեհագույն գործի ընթացքը: Բայց ո՛վ էլ լինի հեղինակը, այս գլուխգործոցը ոչինչ չի կորցնում իր հետապնդած նպատակից. հրավիրել մարդկանց կապվելու կյանքի էական (որով և՝ իրական) արժեքներին, մերժելով աշխարհի պատրանք-հմայքը: Եվ իսկապես, եթե Ավետարանում Հիսուսը ներկայանում է որպես Ճշմարտություն, իսկ Ամենասուրբ Հաղորդության մեջ՝ իբրև Կյանք, այս գրքում Նա ներկայանում է որպես Ճանապարհ: Եվ հետո, այն հանգամանքը, որ հեղինակն անհայտ է թողել իր անունը, այնքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք ժամանակաշրջանը, որում նա ապրել է: Ինչպիսի՜ ժառանգություն է ավանդել մեզ Միջնադարը. և սակայն, քանի՜ քանի՜ գլուխգործոցներ – սրբազան երաժշտության մեղեդիներից մինչև գեղազարդ խճանկարներն ու հսկայակերտ արձանները մեծամեծ եկեղեցիների – սրբազան լռության մեջ են հարգում իրենց ստեղծողի անունը: Այդ տաղանդավոր մտքերը բոցավառված էին ա՛յլ գաղափարներով, քան իրենց անունը հաջորդներին հասցնելու խղճուկ նպատակի հետապնդումը: Աշխատում էին Աստծո փառքի համար, իրենց եղբայրների հոգևոր օգուտի համար, գեղեցիկը ստեղծելու համար, իրենք էլ Արարիչ Աստծուն նմանվելով. հասնելով այդ նպատակին, չէին ցանկանում ուրիշ ոչինչ իրենց համար: Ահա՛ Նմանության գրքի հեղինակի ստորագրությունը. «Սիրիր անծանոթ մնալ և ոչինչ համարվել» (Գիրք Ա, Բ 3):
Մի բան ապահով է. Նմանության գիրքը գրվել է մի վանականի կողմից, ուրիշ վանականների համար: Այդ միջավայրի ցայտուն արտահայտություններն են գրքի բառապաշարը, ասելու ձևերը, մտահոգությունները, զուտ հոգևոր ձայներանգը: Շուտով, սակայն, գիրքը դուրս է եկել վանքերից ու մենարաններից, ընդառաջ բոլոր նրանց, ովքեր կրոնավորներ չլինելով հանդերձ՝ զգում են կարիքը ունկնդրելու խոսքեր ճշմարտության ու կյանքի, ընդմեջ այն ժխորի, խաբեությունների ու դատարկության, որոնք տիրում են աշխարհին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։