Մարիամի բացակայությո՞ւն – Գրադարան – Mashtoz.org

Մարիամի բացակայությո՞ւն

Նկատելի է նաև, որ այս գեղեցիկ գիրքը միայն մի անգամ է հիշում – և այն էլ՝ անցողիկ կերպով – Ամենասուրբ Կույսին: Անբացատրելի բացակայություն, որ ցավ է պատճառում բարեպաշտների սրտին: Ապշեցուցիչ է, թե ինչպես Եկեղեցու Հայրերի ուսմունքից և ապրումներից այսքա՜ն խորը կերպով ներշնչված հեղինակը – այն աստիճան, որ գրեթե բառ առ բառ արձագանքում է Աստվածամոր առաքինություններին սիրահար հեղինակի՝ Սուրբ Բեռնարդոսի արտահայտությունները – չի ձոնել գովքի և ո՛չ իսկ մի գլուխ, ո՛չ իսկ մի էջ կամ գոնե մի պարբերություն Տիրամորը:
Որևէ բացատրություն տալը դժվարին առաջադրանք է: Մեր հեղինակին արդարացնելու համար – եթե անշուշտ դրա կարիքը կա – հիշեցնում ենք, որ Ավետարանում նույնպես Մարիամին տրամադրված տարածքը փոքրագույն է. նրա ասելու և գործելու կերպերը, նրա կյանքն ամբողջ, անհավատալիորեն պարուրված են մի խորհրդավոր քողով: Եվ սակայն, ամբողջ Աստվածաշունչը խոսում է Մարիամի մասին, գիտի Մարիամի մասին ամեն բան: Այս գիրքը նույնպես, շարունակ, առանց դադարի խոսում է Մարիամի մասին, չնշելով պարզապես անունը, այո՛, որովհետև յուրաքանչյուր էջը լի է նրա համեստ, աղոթանվեր ու սիրալի հոգիով, նրա կողմից գերադասված պարզ առաքինությունների գովասանքով, ինչպիսիք են պարզունակ կենսաձև վարելը, լինելը ծածկված, անփառասեր, աշխատասեր, ապրելը աստվածային ներկայության գիտակցությամբ, և այլն: Գրքի ձայներանգն, այս առումով, բացարձակապես մարեմական է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։