« ԱՅԴ ԲԱՆԵՐԻՆ Ի ՏԵՍ ԿՓԱՅԼԵՍ ԼՈՒՅՍՈՎ » (Ես 60, 5)
- 01
- 02
- 03
- 04
Սբ. Գերթրյուդ Հելֆթացի (1256-1301). « Հոգևոր Վարժանքներ », 7 (SC 127).
[...] Ինչպիսի՜ն է լինելու բերկրանքը, Աստված իմ, ինչպիսի՜ն՝ ցնծությունը, ինչպիսի՜ն՝ խնդությունը, երբ կքողազերծես իմ առաջ պայծառ շողարձակումը Քո Աստվածության, և հոգիս կտեսնի քեզ դեմ առ դեմ։ [...]
Այնժամ, հոգի իմ, «կտեսնես և առատության մեջ կլինես, հիացմունքով կդիտի ու կընդարձակվի սիրտդ, երբ քո վրա կհեղվի բազմությունը հարստությունների», վայելքների ու մեծվայելչության՝ Երրորդության այն անծայրածիր «ծովի» փառքի, որն արժանի է անվերջ պաշտամունքի. երբ «քեզ կգա ազգերի զորությունը», որն «արքաների Արքան ու տերերի Տերը» (Ես 60, 5; 1Տմ 6, 15), Իր ուժեղ աջով, Իր համար փրկագնեց թշնամու ձեռքից. երբ կընկղմվես աստվածային հորդառատ ողորմության ու սիրո մեջ։ [...]
Այնժամ կտրվի քեզ տեսության գավաթը և կարբեցնի քեզ (Սղմ 22, 5 ըստ Վուլգաթայի) Աստվածային Դեմքի փառքի արբեցնող ու վսեմ գավաթը։ Ծարավդ կհագեցնես «աստվածային վայելքների գետակից» (Սղմ 36, 9), երբ Լույսի Ակունքն ինքնին կհագեցնի քեզ Իր լիությամբ ի հավիտյան։
Այնժամ կտեսնես երկինքներն Աստծո փառքով լիուլի լցված, – Աստծո, որ բնակվում է դրանց մեջ, – և այն կուսական Աստղին, ով, Աստծուց հետո, երկինքն ամբողջ լուսավորում է իր մաքրագույն լույսով(1), և նրանց, ովքեր Աստծո մատների զարմանահրաշ գործերն են(2), և «առավոտյան աստղերին», որ բազում բերկրանքով միշտ կանգնած են Աստծո ներկայությանը և ծառայում են Նրան(3)։
Ո՜վ իմ սրտի Աստված և իմ նախասիրյալ ժառանգություն (հմմտ. Սղմ 73, 26), ա՜հ, մինչև ե՞րբ է պապակ մնալու հոգուս իղձը՝ Քո քաղցրագույն Դեմքի ներկայության։ [...] Այնպես արա՛, որ շուտով կարողանամ հասնել Քեզ, ո՜վ Աստված, «աղբյուր կենդանի» (Սղմ 36, 10), որպեսզի կարողանամ Քո մեջ ընդմիշտ հագենալ(4) հավիտենական կյանքով։ «Շուտո՜վ շողացրու Դեմքդ իմ վրա» (Սղմ 31, 17), որպեսզի կարողանամ ուրախությամբ տեսնել Քեզ դեմ առ դեմ։ Շուտո՜վ, շուտո՜վ տեսնել տուր Քեզ ինձ, որպեսզի երջանիկ՝ վայելեմ Քեզ ընդմիշտ։ [...]