
« ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՔՈ ԳԱՆՁՆ Է, ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՔՈ ՍԻՐՏԸ » (Մտթ 6, 21)
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
Սբ. Գերթրյուդ Հելֆթացի (1256-1301). « Աստվածային Սիրո մունետիկը », Գիրք 3 (SC 143).
[...] Մի օր, փորձելով հասկանալ, թե ի՛նչ ծրագրի համաձայն է տեղի ունենում, որ ոմանք Պաշտամունքի ժամանակ հոգևոր առատ սնունդ են ստանում, մինչդեռ ուրիշներ մնում են [հոգու] ցամաքության մեջ, Գերթրյուդը Աստծուց այս լույսը ստացավ.
«Սիրտն Աստծո կողմից ստեղծվել է հոգևոր բերկրանքը պարունակելու համար, ինչպես որ սափորն է պարունակում ջուրը։ Բայց եթե սափորի պատերի վրա [անգամ] աննշան ճեղքեր կան, որոնց միջով ջուրը դուրս է հոսում, վերջում կարող է ամբողջ պարունակությունը կորցնել և ամբողջովին դատարկ մնալ։
Մարդկային սրտի մեջ նույնն է պատահում հոգևոր բերկրանքի հետ, եթե անցնում է մարմնական զգայարանների` տեսողության, լսողության և մյուս զգայարանների միջով, թողնվելով, որ ազատորեն գործեն ըստ իրենց քմահաճույքի. վերջիվերջո, հոգևոր բերկրանքը ցրվում է և սիրտը դատարկվում է Աստծո մեջ զգացվող որևէ բերկրանքից։
Ամեն ոք կարող է դրա փորձառությունն ունենալ։ Եթե ցանկությունը սերում է մի հայացքից, կամ մի անօգուտ կամ նվազ օգտակարություն ունեցող խոսքից, և հոգին [համաձայնվելով] ընկնում է դրա մեջ, հոգևոր բերկրանքը, անհոգաբար անտեսվելով, դուրս է հոսում ջրի նման։ Ընդհակառակը, եթե հոգին ջանք է գործադրում, որպեսզի ժուժկալ մնա ի սեր Աստծո, բերկրանքը աճում է իր սրտի մեջ այնքան, որ նա հազիվ է կարողանում դիմանալ դրա ազդեցությանը։
Այսպիսով, երբ անձը սովորում է տիրապետել իրեն նման իրավիճակներում, աստվածային բերկրանքն իր համար ընտանի է դառնում, և որքան ավելի մեծ է եղած լինում իր կանոնակարգման ջանքը, այնքան ավելի անուշահամ են լինում վայելքները, որոնք բացահայտում է Աստծո մեջ»։ [...]