
« ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԼԻ ՍՐՏՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
Սբ. Գերթրյուդ Հելֆթացի (1256-1301). « Աստվածային սիրո մունետիկը », Գիրք 4 (SC 255).
[...] Մինչ Ավետարանում կարդում էր, որ Տերը Սուրբ Հոգին Առաքյալներին ավանդեց նրանց վրա փչելով (հմմտ. Հվհ 20, 22), Գերթրյուդը ջերմեռանդորեն աղոթեց Տիրոջը, խնդրելով իրեն էլ հաղորդել այդ քաղցրալի Հոգին։
Տերը նրան պատասխանեց. «Եթե ցանկանում ես ստանալ Սուրբ Հոգին, պետք է աշակերտների նման դիպչես իմ կողին և իմ ձեռքերին» (հմմտ. Հվհ 20, 27)։
Ի լուր այդ խոսքերի նա հասկացավ, որ նա, ով ունի Սուրբ Հոգու բաղձանքը, պետք է դիպչի Տիրոջ կողին, այսինքն` երախտագիտությամբ ի նկատի առնի Աստծո Սրտի սերը. այն սերը, որով Նա, ամբողջ հավիտենությունից ի վեր, նախասահմանել է մեզ` լինելու Իր զավակներն ու ժառանգները. այն սերը, որով մեզ լիացնում է անսահման բարիքներով, չնայած մեր անարժանությանն ու ապերախտությանը։ Հարկավոր է նաև դիպչել Տիրոջ ձեռքերին, այսինքն` երախտագիտությամբ հիշել այն ամենը, որ Նա այդքա՜ն սիրով արել է մեր փրկության համար` Իր կյանքի երեսուներեք տարիների ընթացքում, և հատկապես` Իր Չարչարանքներով և Իր Մահվամբ։
Երբ մարդը, այդ բաները հիշելով, զգում է իրեն եռանդով բոցավառված, թող որ ընծայի իր սիրտը, պատրաստ՝ կատարելու Աստծո կամքը, միությամբ այն սիրույն, որով Տերն ասաց. «Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, այդպես էլ ես ուղարկում եմ ձեզ» (Հվհ 20, 21)։ Նա չպետք է ցանկանա, ո՛չ էլ կամենա որևիցէ մի բան աստվածային կամքից դուրս, պատրաստ՝ կրելու այն ամենը, որ Աստված կպատվիրի։ Նա, ով կունենա այս սուրբ տրամադրվածությունները, կստանա Սուրբ Հոգին, այն նույն զգացմունքներով, որ ունեցան աշակերտները, երբ իրենց հաղորդվեց Աստծո Որդու շունչը։ [...]