
« ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԵՐԿՐԱՆՔ ՏԻՐՈՋ ՄԵՋ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
Սբ. Գերթրյուդ Հելֆթացի (1256-1301). « Աստվածային սիրո մունետիկը », Գիրք 5 (SC 255).
[...] Ինչպես Ավետարանում կարդում ենք երանելի Մարիամ Մագդաղենացու մասին. «Կքվեց դեպի գերեզմանը և երկու հրեշտակների տեսավ» և այլն, Գերթրուդը ասաց Տիրոջը. «Որտե՞ղ է գտնվում, ո՜վ Տեր, գերեզմանը, որից ներս պետք է նայեմ՝ մխիթարություն և բերկրանք գտնելու համար»։
Այդ ժամանակ Տերը նրան ցույց տվեց [Իր] կողի վերքը։ Եվ հազիվ թե նա կքվեց [նայելու] դեպի ներս, երկու հրեշտակներ [տեսնելու] փոխարեն, լսեց երկու խոսք, որոնցից առաջինը սա էր. «Երբեք չես կարող բաժանված լինել իմ հաղորդությունից»։ Եվ մյուսը. «Քո բոլոր գործերը հաճելի են ինձ ամբողջովին կատարյալ կերպով»։
Նա ապշած մնաց և, կասկածներով լի, ինքն իրեն հարցնում էր, թե ինչպե՞ս կարող էր դա կատարվել. ինքն, իրականում, այնքա՜ն անկատար էր յուրաքանչյուր մանրամասնության մեջ, որ իր գործերի ամբողջությունը հաճելի չէր լինի աշխարհում ոչ ոքի, այն ծածուկ թերությունների պատճառով, որոնք ինքը բացահայտում էր դրանց մեջ։ Ուստի, ինչպե՞ս կարող էին դրանք հաճելի լինել անսահմանորեն լուսեղեն ճանաչողությանը, որն, այսպես ասած, հազարավոր թերություններ է գտնում այնտեղ, որտեղ կույր մարդու համաձայն ա՛յլ թերություններ չկան, քան ընդամենը մեկը։
Տերը նրան պատասխանեց. «Ենթադրենք, որ ձեռքումդ ինչ որ մի բան ես բռնած պահում [և] կարող ես հեշտությամբ բարելավել այն, եթե կամենաս, և այդպիսով կարողությունն ունես այն հաճելի դարձնելու բոլորին։ Կերկմտեի՞ր անելու դա։ Նույնն է կատարվում իմ դեպքում. քանի որ դու սովորությունն ունես հաճախակի ինձ հանձնելու և վստահելու քո գործերը, ես դրանք պահում եմ, այսպես ասած, իմ ձեռքում, և, քանի որ իմ ամենակարողությունը ինձ տալիս է այդ իշխանությունը, իսկ իմ անճառելի իմաստությունը՝ կարողությունը, բարությանս համաձայն՝ հաճելի է ինձ բարելավել քո բոլոր գործերը, այնպես՝ որ կարող եմ իրավացիորեն հաճույք ստանալ դրանցից, ես և Երկնքի բոլոր բնակիչները»։ [...]