
« ՍԵՐ ԻՄ, ԱՍՏՎԱԾ ԻՄ ԿՅԱՆՔԻ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
Սբ. Գերթրյուդ Հելֆթացի (1256-1301). « Վարժանքներ », 4 (SC 127).
[...] Ո՞վ եմ ես, Աստվա՜ծ իմ, ո՜վ սեր իմ սրտի։ Ավա՜ղ, ավա՜ղ, որքա՜ն տարբեր եմ ես Քեզնից։ Ահա՛, ես Քո բարության մի նվազագույն կաթիլն եմ փոքրիկ, իսկ Դու օվկիանոսն ես՝ ամեն քաղցրությամբ լի։
Ո՜վ սեր, սե՜ր, իմ՝ այսքա՜ն փոքրիկիս վրա հեղի՜ր(1) հորձանքները Քո բարության. իմ վրա բխե՜լ տուր բոլոր հոսանքները Քո անչափորեն սիրալի հայրության. իմ վրա հոսե՜լ տուր բոլոր աղբյուրները Քո անսահման ողորմության անդնդի։
Թող որ ինձ կլանի՜ անհատակ վիհը Քո սիրո։ Թող որ ես ընկղմվեմ անդնդի ու օվկիանոսի մեջ Քո ողորմած բարության։ Թող որ ես անհետանամ ջրհեղեղի մեջ Քո կենդանի սիրո, այնպես՝ ինչպես անհետանում է ջրի կաթիլը ծովի մեջ, նրա անսահմանության խորություններում։
Թող որ ես մեռնեմ, մեռնե՜մ հորձանքի մեջ Քո անծայրածիր գթության, այնպես՝ ինչպես մեռնում է կրակի կայծը գետի հորդառատ հոսանքի մեջ։
Թող որ ինձ պարուրի ցողը Քո սիրո։ Քո սիրո գրկախառնումը թող որ խլի ինձնից շունչս(2)։ Քո ամենիմաստուն սիրո ծրագիրը ծածուկ, թող որ գործի և իմ մեջ իրականացնի սիրո ձեռամբ տրված մահը փառավոր, այն սիրո, որ պարգևում է կյանքը։
Այնտեղ կկորցնեմ իմ կյանքը Քո մեջ. այնտեղ, ուր Դու ապրում ես հավիտենապես, սե՜ր իմ, Աստվա՜ծ իմ կյանքի։
Ամեն։