« ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՔԱՆՉԵԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎԻՏՆԵՐՈՒՄ ՉՔԱՆՈՒՄ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՔԱՆՉԵԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎԻՏՆԵՐՈՒՄ ՉՔԱՆՈՒՄ Է »

ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ, Քարոզներ վանականների մասին, 3-4 (Lamy IV, coll. 149-151).
 
 
[...] Նրա համար, ով փնտրում է Աստծո փառքը, անապատը շա՜տ ավելի լավ է, քան բնակեցված վայրերը. և նրա համար, ով ճանաչում է իրեն տրված շնորհը, լեռները շա՜տ ավելի նախընտրելի են, քան քաղաքները:
Ուշադրություն դարձրու փոքրիկ բաներին: Անապատի կենդանիները ենթարկված չեն մտրակին և լեռների քարայծները խուզողներից չեն բռնվում: Տե՛ս վայրի ավանակն անապատում. ոչ ոք չի հեծնում նրա մեջքին: Տե՛ս այծյամը անապատում. չի կորցնում իր ազատությունը: Տե՛ս եղջերուներն ապառաժներում. լուծ չեն կրում: Ուշադրություն դարձրու վայրի կենդանիներին. նրանց սնունդը չափված չէ: [...]
Եթե արծիվն իր բույնը տան կտուրին է շինում, ծուխը կուրացնում է իր աչքերը: Ցիռն ու այծյամը, եթե հովիտ են իջնում, սարսափով են պատվում: Ահարկու գազաններն անգամ, եթե մոտենում են [քաղաքի] պարիսպներին, այդտեղ են թողնում իրենց մորթին: Եղջերուն, որ իջնում է հովիտ, կորցնում է իր թագը: Լեռնայծը, շների հարձակմանը ենթարկված, հազիվ է փախչում բզկտված բրդով: [...] Վայրի կենդանիների սքանչելի գեղեցկությունը հովիտներում չքանում է: Ամենահուժկու առյուծներն հաղթվում են, զսպվում, վանդակը նետվում:
Նայի՛ր, ուրեմն, կենդանիներին, ո՜վ այրդ լեռների, և փախի՛ր բնակավայրերից, և մի՛ նահանջիր: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։