« ՀԻՍՈՒՍԸ ՊԱՐԶԵՑ ԻՐ ՁԵՌՔԸ ԵՎ ՀՊՎԵՑ ՆՐԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍԸ ՊԱՐԶԵՑ ԻՐ ՁԵՌՔԸ ԵՎ ՀՊՎԵՑ ՆՐԱՆ »

Սբ. Հովհաննես Խաչի (1542-1591) « Սիրո Կենդանի Բոցը » աշխատությունից, տող 2.
 
 
 
[...] Ո՜վ Կյանք աստվածային, Դու մահ ես տալիս՝ միմիայն կյանք տալու համար, խոցում ես՝ միմիայն բժշկելու համար։ Խոցեցիր ինձ՝ ինձ բժշկելու համար, ո՜վ Ձեռքդ աստվածային։ Սպանեցիր իմ մեջ այն, ինչը որ ինձ պահում էր մահվան մեջ։ Այդ ժամանակ զուրկ էի Աստծո կյանքից, որի մեջ, մինչդեռ, այժմ գտնվում եմ և ապրում։ Այս բարենպաստ պարգևի համար պարտական եմ Քո վեհանձն շնորհի առատաձեռնությանը իմ հանդեպ, երբ ինձ զգալ տվեցիր հպումը Նրա, Ով «փառքիդ ճառագայթումն է և բուն պատկերը Քո էության» (Եբր 1, 3), այսինքն՝ Քո Միածին Որդին, հանձինս Որի, որպես Քո Իմաստության, Դու հպվում ես «երկրի մի ծայրից մինչև մյուսին Քո մաքրության զորությամբ» (հմմտ. Իմս 8, 1)։
 
Ո՜վ մեղմ հպում, ո՜վ Բան(*), Որդի Աստծո, որ Քո Աստվածային Էությանդ նրբանկատությամբ քնքշորեն ներթափանցում ես հոգուս գոյացության մեջ և, նրան ամբողջովին հպվելով մեղմորեն, անմնացորդ կերպով քաշում ես նրան Քո մեջ և լիովին աստվածային միջոցներ ես գործի դնում ՝ նրան այնպիսի անուշությամբ լիացնելու համար, ինչպիսին «երբեք չի լսվել Քանանի երկրում, ո՛չ էլ երբևէ տեսնվել է Թեմանում» (Բրք 3, 22)։ Ո՜վ մեղմ հպում, աստվածորե՛ն մեղմ հպում Բանի, որ է՛լ ավելի մեղմ ու նրբանկատ ես իմ մեջ, քան երբ – մինչ ցնցում էիր սարերը և փշրում էիր ժայռերը Քորեբ լեռան վրա՝ զորությանդ և ուժիդ ստվերով, որ ընթանում էր նրանից առաջ – ձայնդ լսել տվեցիր մարգարեին «զեփյուռի մեղմ փչման մեջ» (3Թգ 19, 11-12)։
 
Ո՜վ մեղմ զեփյուռ, որ այդքա՜ն մեղմ ես ու նուրբ, ասա՛ ինձ. ինչպե՞ս ես կարողանում հպվել այսքա՜ն նրբությամբ ու մեղմորեն, ո՜վ Բան, Որդի Աստծո, այսքա՜ն ահարկու և հզոր լինելով հանդերձ։ Օ՜հ երջանիկ, հազար անգամ երջանիկ է հոգիս, Տեր իմ, որին հպվում ես այսքա՜ն նրբությամբ ու քաղցրորեն։ [...] «Այս հոգիներին Դու թաքցնում ես Դեմքիդ գաղտնարաններում, որը Քո Աստվածային Որդին է, մարդկանց դավերից հեռու» (հմմտ. Սղմ 30, 21)։ [...]

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։