ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ

1946 թվականի Փետրվարի 18-ին Սրբազան Պապ Պիուս 12րդը նոր կարդինալների ընտրության մի հիշարժան ժողով հրավիրեց, որին ներկա էին 32 ապագա Կարդինալներ՝ Եկեղեցու Իշխաններ, որոնք մեծ մասամբ օտարերկրացիներ էին և ներկայացնում էին տարբեր մայրցամաքները։ Սրբազան Քահանայապետը կամեցավ, որ Կարդինալների Սրբազան Ժողովում «հնարավորինս մեծ թվով ներկայացված լինեն ազգերն ու ժողովուրդները, և հետևաբար՝ Եկեղեցու ընդհանրականության կենդանի պատկերը տրվի։ Եկեղեցին մայր է, մայրը բոլոր ազգերի և բոլոր ժողովուրդների, ո՛չ նվազ՝ որքան յուրաքանչյուր անհատ մարդկանց, և ճի՛շտ որովհետև մայր է, չի պատկանում, չի կարող պատկանել բացառապես այս կամ այն ժողովրդին։ Ո՛չ էլ կարող է օտար լինել որևէ վայրում. Եկեղեցին ապրում է բոլոր ժողովուրդների մեջ»։ Այս ապագա ծիրանավորների մեջ ընտրեց Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյանին, նշանակելով նրան Հռոմեական Սուրբ Եկեղեցու Կարդինալ, «Կղզիում գտնվող Սուրբ Բարթողոմեոս» եկեղեցու տիտղոսով։

 

 

« ԱՆՃԱՌԵԼԻ ԲԵՐԿՐԱՆՔԻ ՄԻ ԶԳԱՑՈՒՄ ՀԵՂԵՂՈՒՄ Է ՀՈԳԻՍ »

 

1946 թվականի Փետրվարի 20-ին, Ժողովից երկու օր անց, Կարդինալ Առաջանյանը Ն.Ս. Պիուս 12րդ Պապին հղեց երախտագիտության այս խոսքերը.

«Գերերանաշնորհ Հայր, խորապես շփոթված եմ այն մեծագույն պատվի համար, որ վերապահվել է ինձ՝ առաքյալների մեջ նվազագույնիս, լինելու, Ձերդ Սրբության Օգոստափառ Գահի առաջ, մեկնաբանը ամենավառ ու որդիական մեծարանքի ու երախտագիտության զգացումների, որոնցով բաբախում են սրտերը Հովիվների ու Նվիրապետների այս ընտրյալ դասի, որոնց Դուք, Գերերանաշնորհ Հայր, բարեհաճեցիք Ինքնիշխան բարյացակամությամբ կանչել մասնակցելու Սուրբ Եկեղեցու Գերագույն Ավագանուն։ Միաժամանակ, սակայն, անճառելի բերկրանքի ու անսահմանափակ վստահության մի զգացում հեղեղում է իմ հոգին. բերկրանքն ու վստահությունը որդու՝ ամենասիրելի Հոր առաջ, որի մեջ մարմնանում են Աստծո ընդհանրական ու անմիջական Հայրությունն ու Բարությունը։ Սրբազան Պապը։ Հավատացյալների Ընդհանուր Հայրը, որի վերաբերյալ լիովին հնարավոր է և հարկավոր է կիրառել Տերտուղիանոսի խոսքերը. ''Ոչ ոք այդքան Հայր չէ, ոչ ոք այդքան Ողորմած չէ'' («Tam Pater nemo, tam Pius nemo». De poenitentia, 8)։ Գերերանաշնորհ Հայր, Առաքելական Գահին Ձերդ Սրբության ուրախալի ընտրությունից հետո, սա նոր Կարդինալների ընտրական առաջին Ժողովն է, որով որոշեցիք նոր Կարդինալներ ընտրել Հռոմեական Սուրբ Եկեղեցու համար։ Այն յուրահատուկ կարևորության նկարագիր է ձեռքբերում, որը Դուք Ինքներդ, Սրբազնագույն Հայր, բարեհաճեցիք լուսաբանել Սուրբ Ծննդյան Ձեր վերջին հիանալի Պատգամի մեջ, և որն իր վրա հրավիրեց աշխարհի ուշադրությունն ու կարծիքների հայտնումը։ Ընտրական այս Ժողովը յուրահատուկ կերպով կարևոր է նորընտիր Ծիրանավոր Հայրերի և՛ քանակի, և՛ ծագման առումով, որոնց կամեցաք ընտրել հինգ աշխարհամասերից, ներկայացնելու համար ''Եկեղեցու ընդհանրականության կենդանի պատկերը'', որն իր կենտրոնն ունի Հռոմում, ''Հավիտենական Քաղաքում'', – սա Ձեզ հաճելի էր ընդգծել սիրով, – ''Ընդհանրական Քաղաքում, Քրիստոսի Փոխանորդի Քաղաքում, դեպի որն են ուղղվում հայացքները ողջ կաթողիկե աշխարհի'' (1945թ.ի Սուրբ Ծննդյան Պատգամից)։ Այս հանդիսավոր ու տպավորիչ ժամին, ուստի, երբ առաջին անգամ լինելով տեսնում ենք մեզ հավաքված Ձեր սրբազան ու գերհարգելի Անձի շուրջը, Հովիվներ ու Նվիրապետներ, եկած՝ ի պատասխան Ձեր կանչի, գրեթե բոլորը ամենահեռավոր ու տարբեր աշխարհամասերից, խորը ցավով անցնելուց հետո երկրների, քաղաքների ու գյուղերի միջով, մի ժամանակ ծաղկուն, այժմ ավերակների տխուր կույտերի վերածված, արտահայտելուց առաջ մեր խորին երախտագիտությունը այն բարձրագույն արժանապատվության համար, որին մեզ կոչել եք, կամենում ենք, Սրբազնագույն Հայր, Ձեր ամենամոտիկ զավակների հետ միասին արտահայտել մեր ամենաջերմեռանդ ու անսահման երախտագիտությունը այն ամեն ինչի համար, որ արել եք հարատևությամբ ու տոկունությամբ – Աստծուց ու մարդկանցից օրհնված – վերապահելու համար այս Ոգեղեն Քաղաքը՝ քաղաքների Մայրը, ավերումից, որի վտանգին այն ենթակա էր։ Պատերազմի տխրագույն տարիներին, լույսի հետ, որ սփռվում էր Ձեր լուսավոր խոսքից՝ Ճառերի, Կոնդակների, Սուրբ Ծննդյան Պատգամների միջոցով, փարատելու համար կրքերի պատճառով կուտակված խավարը. սիրո բոցի հետ, որ ժայթքում էր Ձեր սրտից՝ բարոյական և նյութական մխիթարության մարդասիրական գործերի շնորհիվ, առանց ազգության կամ կրոնի որևէ խտրականության, շրջապատված եղբայրասպան ատելությամբ, որ քանդում է ամեն բան, նաև ամենասրբազան բաները, մեզ հստակ կերպով հասնում էին նաև կոչերը Ձերդ Սրբության, որպեսզի Հռոմը հարգված լիներ, որպեսզի մեր սերնդից հեռու վանվեր անջնջելի պիտակը՝ մարդկային և քրիստոնեական Քաղաքակրթության Օրրանը կործանողների։ ... Ինչ վերաբերվում է անձամբ մեզ, բարձրագույն արժանապատվությունը, որ մեզ այսքա՜ն մտերիմ կերպով միավորում է – Եկեղեցու դիմաց – Քրիստոսի Փոխանորդի Սրբազան Անձին և Առաքելական Աթոռին, – որին ամբողջ Եկեղեցին պետք է միանա, – այն մեզ առավել քան երբեք պատրաստ գտնի՝ որևէ աշխատանքի ու հոգնության, որևէ հսկողության ու զոհողության, մինչև սեփական արյան հեղումը, պաշտպանելու համար Առաքելական Աթոռի իրավունքներն ու պատիվը, իրավունքներ և պատիվ, որ նույնն են, ինչ Քրիստոսինը՝ Տիրոջը, ժողովուրդների Թագավորինը, և որոնք, հարգված ու պահված լինելու դեպքում, ամրագույն, անփոխարինելի հիմքն են մարդկության արժանապատիվ ու խաղաղ համակեցության համար։ ...

... Օրհնեցե՜ք մեզ Թեմերը, մեր ազգերը, մեր ժողովուրդներին, ողջ Եկեղեցին՝ Արևմուտքն ու Արևելքը, մինչ այժմ և միշտ մի հզոր աղոթք բխում է մեր սրտերից և բարձրանում է դեպի երկինք, որպեսզի Տերը պահի Ձերդ Սրբությանը երկար ու փառավոր տարիներ Իր Եկեղեցու կառավարման մեջ, որպես ընդհանրական ու շատ սիրելի Հայր և Հովիվ, կրկին խաղաղություն գտած և Աստծո մոտ վերադարձած աշխարհում»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։