«ԵԿԵՂԵՑԻՆ ... , ԻՄ ՄԱՅՐԸ» – Գրադարան – Mashtoz.org

«ԵԿԵՂԵՑԻՆ ... , ԻՄ ՄԱՅՐԸ»

Կյանքի ժապավենն իր ամբողջացմանն էր հասնում Աղաջանյանի համար։ 1971 թվականի Հունվարի 29-ին, իր հոգևոր կտակի մեջ նա գրում է. «Ուզում եմ մեռնել այնպես, ինչպես որ միշտ ջանացել եմ ապրել. որպես հնազանդ որդին իմ Մոր՝ Սուրբ Կաթողիկե Եկեղեցու, նրա տեսանելի Գլխի և Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Փոխանորդի՝ Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ կատարյալ միության մեջ, դավանելով այն, ինչ ինքը դավանում է։ Ինչպես նաև Սուրբ Կույս Մարիամի՝ Ողորմության Մոր հետ, ով մայրաբար հսկեց իմ վրա, որի բարեխոսությամբ՝ հաստատուն վստահությունն ունեմ, որ Տերը ներել է իմ մեղքերը. մեկնում եմ, սիրտս բերկրանքով լի, միանալու իր զավակների հավաքին ... »։

Կովկասյան ցրտաշունչ լեռների լանջերին ծնված պատանին դարձել էր Սուրբ Մայր Եկեղեցու հնազանդ որդին, ուստի նաև հոգատար հայր՝ և՛ իր Հայ Կաթողիկե զավակների, և՛ աշխարհասփյուռ կաթողիկեների համար։

Իր հայկական արմատներին է ուղղում երախտագիտության այս խոսքը. «Հայ Կաթողիկե Նվիրապետությանը, կղերին ու հավատացյալներին, ինչպես նաև իմ թանկագին Հայ Ազգի բոլոր զավակներին մաղթում եմ, մեր բազմահազար Մարտիրոսների բարեխոսությամբ, հոգևոր ու երկրային ամեն բարիք, և հատկապես՝ քրիստոնեական հավատքի պահպանումն ու ամրապնդումը, Քրիստոսի միակ Եկեղեցու հետ միության մեջ։ Սրանք են զգացմունքները, որոնցով լի է իմ հոգին, մինչ իր ավարտին է մոտենում իմ երկրային կյանքը, և մինչ հրաժեշտ եմ տալիս բոլոր ինձ թանկագին անձանց, որոնց հետ կապված եմ մտերիմ ընկերությամբ ի Քրիստոս. նրանց խնդրում եմ հիշել ինձ իրենց աղոթքներում՝ Տիրոջ խորանի առաջ, որպեսզի Նա բարեհաճությամբ ընդունի ինձ Իր երկնային Օթևաններում, շնորհելով ինձ երջանկությունը Իր երանավետ տեսության»։

1971 թվականի սկզբներին, քաղցկեղի պատճառով, որով ծանորեն հիվանդ էր, քաշվեց լռության մեջ։ Իր կյանքի վերջին ամիսններին, հիվանդության պատճառով սպառված, կուրացած մնաց, և այդ խավարն իր համար եղավ ամենամեծ տառապանքը։ Եվ սակայն, խոսքը իրեն օգնող կրոնավորուհուն ուղղելով՝ ասել է. «Ես տեսել եմ բոլոր գեղեցկությունները, որ Տերը ստեղծել է, տեսել եմ Նիագարայի ջրվեժները և աշխարհի ուրիշ շատ հրաշալիքներ։ Թող որ միշտ գովաբանված լինի Տերը. երախտագիտություն Նրան, որ ստեղծել է այս ամենը, և թող որ միշտ կատարվի Իր Սուրբ Կամքը։ Ես կույր եմ, այլևս ոչինչ չեմ տեսնում, այլևս ոչինչ չարժեմ, բայց երբ աչքերս կփակեմ ընդմիշտ, ահա՛ այդ ժամանակ է, որ կկարողանամ օգնել ձեզ»։

1971 թվականի Մայիսի 16-ին, ժամը 22։45-ին, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք, Հռոմեական Սուրբ Եկեղեցու Կարդինալ Գրիգոր Պետրոս 15րդը՝ Ղազարոս Աղաջանյանը ննջեց ի Տեր։ Նորին Գերազանցության մահվան լուրը հազիվ ստացած, Ն.Ս. Պողոս 6րդ Պապը ամփոփվեց աղոթքի մեջ։ Վշտի մի արձագանք տարածվեց ամբողջ աշխարհով մեկ, և բազմամիլիոնավոր անձին անկեղծորեն ողբացին Հայ Կաթողիկե Պատրիարքի մահը. բոլոր Պետությունների օրաթերթերն իրենց առաջին էջերի վրա խոսեցին նրա մասին, սահմանելով նրան « ... ծայր աստիճան աստվածասեր հոգի, անմնացորդ նվիրված աղոթքի, իրողությունների գերբնական տեսությանը, խոնարհությանն ու ամփոփմանը»։ Նրա աճյունը դրվեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանի «Սբ. Նիկողայոս Թոլենտինացի» եկեղեցում պատրաստված գերեզմանում, Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող մատուռի մեջ։

Հավատքի Տարածման Ժողովի առաջին հայազգի Նախագահի կյանքը արտակարգ ու զարմանահրաշ եղավ։ 1971 թվականի Մայիսի 26-ին, Ն.Ս. Պողոս 6րդ Պապն այս խոսքերով արտահայտվեց. «Պատմությունը կասի, թէ ի՛նչ են պարտական նրան քրիստոնյա Հայաստանը, կաթողիկե Առաքելությունները, Սուրբ Աթոռը և ողջ Եկեղեցին»։

2020 թվականի Փետրվարի 4-ին, Հռոմի Թեմի համար Պապական Ընդհանուր Փոխանորդ, Կարդինալ Անջելո Դե Դոնատիսը հրապարակեց Հռչակագիր, որով սկիզբ տրվեց Աստծո Ծառա Կարդինալ Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյանի Երանացման ու Սրբադասման Դատին, նրա քրիստոնեական առաքինությունների հերոսական գործադրման ուսումնասիրությանը։

Կուզենայինք ավարտել Կարդինալ Աղաջանյանի իսկ խոսքերով, որոնք նա արտասանել է «Ամենասուրբ Հաղորդության» Իտալական Համաժողովի ժամանակ, 1956թ.ի Մայիսի 5-ին, Լեչչեում, և որոնք ընդգծում են յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ամենախորին ու ամենավավերական իմաստը. «Բանն Աստված եկավ 19 դար առաջ՝ բնակվելու մեր մեջ, դառնալու մարդկության կենտրոնը, հավաքելու և Իր մեջ միավորելու մարդկանց։ Նրանք, ովքեր նախորդել էին Նրան, նահապետները, մարգարեներն ու թագավորները, նայում էին առաջ. Նրանից հետո եկած մարդիկ նայում են ետ. Քրիստոսը՝ Բանն Աստված, գտնվում է մարդկության ու դարերի կենտրոնում, ճշմարտության ու կյանքի կենտրոնն է բոլորի համար։ ...

Աստծո Որդին, մեր միևնույն մարդկային բնությունը ստանձնելով, մարդկանց ընծայեց Իր հետ հանդիպման ու միության վայրը։ Եվ երբ թվում էր, թե Իր ներկայությունն աշխարհում, մարդկանց մեջ, պետք է ավարտվեր, Նա, թաքնվելով, գրեթե կասեի՝ Մարմնացումը ընդարձակեց ժամանակի ու տարածքի մեջ, բազմապատկեց Իր ներկայությունը բոլոր դարերի ընթացքում, բոլոր վայրերում և բոլոր սրտերի մեջ, այնպես՝ որ Ամենասուրբ Հաղորդությունը դարձավ Մարդացած Բանն Աստծո հետ միության վայրը։ ...

Մենք և ողջ աշխարհով մեկ ցրված բոլոր հավատացյալները միևնույն ճակատագիրն ունենք։ Մի հեռավոր օր, մեր կյանքի արշալույսին, Հիսուսը մեր սրտերի մեջ մտավ՝ ընդունելու համար մեր առաջին խոստումները, տիրանալու համար մեր հոգիներին։ Եվ այդ օրվանից սկսած, քանի՜ անգամներ է եկել։ Ուրախության պահերին և ցավի պահերին ... , ասելու համար մեզ խոսքեր ներման, հույսի և մխիթարության։ Այնպես, որ մեր կյանքը հոսում է այս երկու հանդիպումների միջև. Առաջին Հաղորդությունը և Վերջին Հաղորդությունը։ ...

Այնժամ Հիսուսի կյանքը դառնում է մեր կյանքը, կամ ավելի ճիշտը՝ մեր կյանքը փոխակերպվում է, վեհանում է, դառնում է Հիսուս Քրիստոսի կյանքը։ Այնժամ կազդուրվում, զորանում ու աճում են հոգևոր կյանքի բոլոր ուժերը։ Այնժամ իրագործվում է ամենասերտ միությունը Քրիստոսի հետ. և Քրիստոսի մեջ՝ Աստծո հետ և մարդկանց հետ. միություն կյանքի, միություն սիրո ... »։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։