ԻՐ ՍԵՐԸ ՀԻԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԻՐ ՍԵՐԸ ՀԻԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ

Մանիլայից մեկնելով դեպի Հոնգ Կոնգ, Կարդինալ Աղաջանյանը, մտորման նյութ քաղելով Հոնգ Կոնգի օդանավակայանի թռիչքուղուց, որն ամբողջովին կառուցված է ծովի վրա, այսպիսի եզրակացության էր հանգում. «Երբ թռիչքուղին պատրաստված է, անձնակազմը միայն մի բան ունի սպասելու. մեկնումի հրամանին։ Օվկիանիայի կղզիներում սփռված այս թռիչքուղիներից, Միսսիոներները սպասում են հրամանի՝ նետվելու և նորանոր աշխարհներ նվաճելու Քրիստոնեության համար։ Ժամը դեռ չի հնչել. բայց թերևս շատ չի մնացել սպասելու. ունկնդրող Միսսիոներները սպասում են զանգի հնչմանը, որով կավետվի Աստծո այս ժամը։ ... Գիշերային Հոնգ Կոնգը, ամենաբարձր կետից նայված, որ կոչվում է ''Գագաթ'', հարուստ՝ առանձնատներով ու շքեղ շինություններով, կարծես նավաբեկվում է լույսի մի ծովի մեջ. հեռվում նշմարվում են երկու վիթխարի նավ-խորտկարանները, մինչ լողում են ծովի վրա. հազիվ ուրվագծվում են փոքրիկ նավակների առագաստները ... ։ Ի տես այդքա՜ն լույսի, բնական է մտածելը Քրիստոսի մասին, Ով ''ճշմարիտ Լույսն է, որ լուսավորում է աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու'', և ինքնաբերաբար աղոթք է ծնվում սրտում. ''Թող որ վերջապես Ավետարանական Լույսը շողա ու հաղթանակի քուլա քուլա խտացած խավարի դեմ, որ կուտակվել է եղեգյա խորհրդավոր վարագույրից այն կողմ, որտեղ ավելի քան կես միլիարդ հոգիներ բռնադատվում են Աստծուն ուրացող բռնապետական վարչակարգի կողմից. Աստծուն, Ով ո՛չ պատնեշներ է ճանաչում, ո՛չ էլ վարագույրներ, այլ՝ միայն սերն ու լույսն են Իր սահմանները»։

Հավատացյալների մի վիթխարի բազմություն կատարյալ կարգապահությամբ սպասում էր Աղաջանյանի ժամանմանը, և նրանց մեջ աչքի էին ընկնում չին երեխաների խուռն երամներ, որ պապական գույներով դրոշակներ էին ծածանում՝ հուզիչ հյուրընկալության մթնոլորտ ստեղծելով։ Հոնգ Կոնգում անցկացված օրերը իսկապես առաքելական օրեր եղան, որոնց վրա կնիքի վրա դրվում էր Կարդինալ Աղաջանյանի լուսավոր ու հայրական ժպիտը, ով հայրական սրտով սկիզբ էր տալիս իր աշխատատար ծրագրին։

Իր բոլոր ճամփորդությունները կատարվում էին առանց որևէ պատահարի, հակառակ այն բանի, որ որոշ տեղերում Կարդինալը ենթարկվում էր որոշակի ռիսկերի, ճեպընթաց տեղափոխվում էր մի վայրից մյուսը, անշահախնդիր համագործակցություն ստանալով յուրաքանչյուր Պետության քաղաքական ու զինվորական Իշխանությունների կողմից։ Հատկապես երբ այցելության գնաց Թայվանի Պեսկադորես կղզիներում գործող Քամիլիան բժիշկ-միսսիոներներին, քրիստոնեական այդ քաջարի առաքելավայրը, որ գտնվում էր մի վայրում, ուր ամեն օր ապրում էին կարմիր սպառնալիքի մղձավանջը՝ Մաո Ցե-թունգի թնդանոթների պատճառով։ Ուտթար Պռադեշի քաղաքներից Ագռայում, հյուսիսային Հնդկաստանում, հանդիպեց նախկինում Հավատքի Տարածման Ժողովում աշխատած երկու քահանաների, որոնք նաև իր ուսանողական ընկերներից էին եղել Վարժարանում, արցունքներ հեղելու չափ հուզվեց և գրկեց նրանց։

 

 

ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵԿԵՂԵՑԻ ՎԻԵՏՆԱՄԻ ՍԱՀՄԱՆԻՆ

 

Հյուսիսային և Հարավային Վիետնամների միջև տարածվող արևադարձային անտառի սրտում գտնվում էր Աստվածածնին նվիրված մի եկեղեցի։ Այն գտնվում էր հնամենի Հուէից՝ Վիետնամի վաղեմի մայրաքաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա, Լավանգ կոչվող մի վայրում։ Սայգոնում տեղի ունեցած Մարեմական Համաժողովի ժամանակ էր, որին ներկա էր նաև Կարդինալ Աղաջանյանը, որ Վիետնամի Եպիսկոպոսները որոշեցին մի Համազգային Սրբավայր կառուցել ի պատիվ Տիրամոր, և ընտրությունը կանգ առավ Լավանգի վրա։

Գերհ. Պեկոռառոն դեպի Հեռավոր Արևելք կատարված ճամփորդության ժամանակ ուղեկցում էր Կարդինալ Աղաջանյանին, մեկնաբանելով իրադարձությունները։ Նրա կողմից տրված տեղեկությունների հիման վրա, այսպիսի խոսքեր հրապարակեց Սուրբ Աթոռի «Osservatore Romano» օրաթերթը. «Սայգոնում 1959 թվականի Փետրվարին տեղի ունեցած Մարեմական Համաժողովի մեծաշուք հանդիսությունները առիթ հանդիսացան Հավատքի Տարածման Ժողովի Նախագահ Ն.Գ. Կարդինալ Աղաջանյանի համար՝ մասնակցելու որպես Սրբազան Պապի Ներկայացուցիչ, համոզվելու վիետնամ ժողովրդի հոգևոր բարձր մակարդակին և հիանալու բազմաթիվ ու արդյունավետ կազմակերպություններով, որ գործում են այնտեղի մի քանի Առաքելական Փոխանորդություններում»։

300.000-ից ավելի մարդ մասնակցեց Վիետնամի Մարեմական Համաժողովի փակման թափորին։ Թափորին ավարտին Կարդինալ Աղաջանյանը, որպես Սրբազան Պապի Դեսպան, ներկաներին տվեց Ամենասուրբ Հաղորդությամբ Օրհնությունը և նվիրաբերեց Վիետնամը Մարիամի Անարատ Սրտին։ Սայգոնի կենտրոնական հրապարակում դրվել էր Խաղաղության Թագուհու մի գեղեցիկ արձան, Քառռառայի մարմարից քանդակված, որ բերվել էր Համաժողովի նախօրեին։ «Կաթողիկե Եկեղեցին», – ընդգծեց Աղաջանյանը իր անմոռանալի ճառի ընթացքում, ուղղված՝ վիթխարի հրապարակը բերնեբերան լցրած ժողովրդին, – «ընդհանրական է ինչպես արևը, որ լուսավորում է աշխարհի երկրները։ Եկեղեցին բոլոր ազգերին հավաքում է Աստծո հայրության ներքո՝ իրենց ժողովուրդների բարիքի համար»։

 

 

«ՄԵԾ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՀՈԳԵՎՈՐ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ»

 

Առաքելական ճամփորդությունները Աղաջանյանի կողմից կատարվում էին այն գիտակցությամբ ու համոզմամբ, որ գոյություն ունի մեծ ուժ ունեցող մի հոգևոր եղբայրություն։ Իր խոսքերով ասած. «Ապրում ենք պատմության մեջ, առաքելությունները հյուսվում են գաղութացման հետ, Եկեղեցու տարածումը կարծես ընդգծում էր նրա արևմտականությունն ավելի, քան ընդհանրականությունը։ Բայց պատմությունը փոխվում է։ Մինչ փոխվում է, կարող է նաև բացասական թվալ, ճգնաժամեր բերող, ինչպես ապագաղութացման վերջին տարիներին։ Մինչդեռ, ահա՛, այսօրվա ճգնաժամի մեջ վերագտնում ենք մի հին մոտեցում, հին՝ որքան տիեզերական Եկեղեցին»։

Կենտրոնական դերը պատկանում է Ամենասուրբ Հաղորդությանը. «Ամենասուրբ Հաղորդությունը, խորհուրդներից ամենամեծն ու ազնվագույնը, Աստծո հետ միության Խորհուրդն է, բայց նաև Խորհուրդն է մեր նմանների հետ միության։ Սա մեծ ուժ ունեցող հոգևոր եղբայրություն է։ Արտաքին ո՛չ մի տարբերություն՝ ցեղի, մշակույթի և նյութական չափանիշների, չի խոչընդոտում նրա գործադրմանը։ Դառնում ենք զավակները միևնույն ընտանիքի, մերձենալով միևնույն սեղանին և ուտելով մեր ընդհանուր կերակուրը, կյանքի ու սիրո միևնույն աղբյուրից։ Իմ թանկագին ընկերներ, կարծում եմ բոլորդ համաձայն կլինեք, երբ ասում եմ, որ աշխարհը, այս խեղճ աշխարհը՝ բաժանված ու հակադիր դաշտերի մեջ կազմակերպված, այսօր հուսահատ կարիքն ունի քրիստոնեական եղբայրության այս գաղափարականի»։

 

 

ՍԻՐՈ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Ավետարանի Ճամփորդը» անվանը արժանացած լինելով, Կարդինալ Աղաջանյանը յուրաքանչյուր ծիսակատարությունից կամ հանդիսակատարումից առաջ կազմակերպում էր «սիրո այցելություններ», ինչը որ նշանակում էր հանդիպել վատառողջներին հիվանդանոցներում, այցելել որբանոցներ, բորոտանոցներ, բանտեր և կույրերի խնամքով զբաղվող հաստատություններ։ Տառապող մերձավորը ներկայացնում էր այն դեմառդեմ հանդիպումը Քրիստոսի հետ, ինչը որ Կարդինալ Աղաջանյանը սիրում էր բացատրել հետևյալ խոսքերով. «Եղե՛ք Քրիստոսի ձեռքերը և Քրիստոսի ոտքերը, բայց հատկապես՝ եղե՛ք Քրիստոսի սիրտը։ Եղե՛ք Քրիստոսի կարեկցանքը»։

 

 

ՄԻ ՓՇԵ ՊՍԱԿ

 

1959 թվականի Աստվածահայտնության տոնի օրը, Հռոմում, Հավատքի Տարածման Ժողովի Քահանայապետական Վարժարանի մատուռում, դիվանագետ Յօ Վուն Սուքը՝ Կորեական Պատվիրակության առաջին քարտուղարը, դարձի եկավ Կաթողիկե Քրիստոնեության։ Դա մեծ նշանակություն բովանդակող իրադարձություն էր, որ նախորդեց Կարդինալ Առաջանյանի դեպի Հարավային Կորեա կատարելիք առաքելական ճամփորդությանը։ Յօ Վուն Սուքը ազգությամբ կորեացի առաջին դիվանագետն էր, որ կաթողիկեության էր դարձի գալիս իր պետական պաշտոնի կատարման ընթացքում։

Երկու ամիս անց, 1959 թվականի Մարտի 5-ին, Աղաջանյանը վայրէջք կատարեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Դա մի միանշանակ ազդակ եղավ ժողովրդին ու միսսիոներներին, որպեսզի երկիրը կարողանար վայելել խաղաղությունն ու ազատությունը. զգացումներ, որոնք Ն.Գ. Ծիրանավորը շատ լավ էր ճանաչում։

Հայ Ժողովրդի ցավալի պատմությունը նրան հնարավորություն տվեց հասկանալու և դիմագրավելու այն փշե պսակը, որ չորս կողմից շրջապատում էր Կորեային։ Կորեա և Վիետնամ կատարած իր առաքելական այցելությունները նշանակում էին այցելություններ կոմունիստական Չինաստանի հետ սահմանակից երկրներ, իսկ Չինաստակը ձգտում էր տարածել իր տիրապետությունը ողջ Հեռավոր Արևելքի վրա։ «Եթե դիտում ենք Չինաստանը, մեր աչքերը լցվում են տրտմությամբ ... ։ Մի ավետյաց երկիր, որ դարձել է փշերի վատնում։ Եկեղեցու դեմ հալածանքներ հարուցողի ձեռքը։ Սուրբ Հոգու գալուստը Միության զոդն է. Իր Աստվածային Շնորհի ներգործությամբ՝ բոլոր մարդիկ դառնում են մեկ ընտանիք։ Բերկրանք և պատիվ է մասնակցել Եկեղեցու միսսիոներական մեծ առաքելությանը». այս խոսքերով էր նա հորդորում բարի կամքի տեր մարդկանց՝ ապրելու Ավետարանի Լույսը։

Մյեոնգդոնգի «Անարատ Հղության Մեր Տիրուհի» Մայր Տաճարում Կարդինալ Աղաջանյանը հանդիսավոր Սուրբ Պատարագ մատուցեց հազարավոր կորեացի կաթողիկեների համար, որոնց բաղձանքը խաղաղությունն ու հաշտությունն էր։ Ասիական այդ երկրում իր կեցության ընթացքում Ն.Գ. Ծիրանավորը նամակ ստացավ Գերհ. Դիոնիջի Պայկից, ով Սեուլի Եպիսկոպոս Ա.Տ. Պոլ Մարի Կինամ Ռոհի քարտուղարն էր, և նրա անձնական ներկայացուցիչը՝ Հռոմի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների գծով։

Գերհ. Պայկի նամակը խոսում էր նրա զգացումների մասին. « ... Այս պահին մտածում եմ, որ առաջին իսկ պահից սկսած, ինչ Ձերդ Գերազանցությունը ժամանել է Կորեա, Դուք ամբողջովին յուրահատուկ տպավորություն պետք է որ ստացաք լինեք Կորեայի վերաբերյալ, ուզում եմ ասել՝ նյութական և (ցավոք) բարոյական աղքատության ու խեղճության մասին, որոնք այժմ տիրում են իմ ցավատանջ երկրում։ Եվ Դուք պետք է որ արդեն նկատած լինեք, թե Կորեան որքան է տարբերվում մյուս երկրներից, որոնք Դուք արդեն այցելել եք կամ այցելելու եք. բոլոր իմաստներով հասկացված մեծ աղքատությունը, կորեացի ժողովրդի հոգու տագնապը, ժողովուրդ, որին ցավոք ուժասպառ են արել պատերազմի երկարատև արհավիրքները և Կորեայի ճակատագրական ու արհեստական բաժանումը երկու մասի, մի բան, որը կորեացի ողջ ժողովրդին մղում է մի անբացատրելի մտահոգության ու կյանքի տվայտալի անձկության։ ... Այս տխուր իրականությունների դիմաց, Դուք ներկայացնում եք Տիրոջ հզոր Աջը և Սրբազնագույն Հոր՝ Հովհաննես 23րդի Օգոստափառ Անձը. որպես Հավատքի Տարածման Ժողովի Բարձրագույն Նախագահ՝ օրհնեցե՜ք կորեացի ողջ ժողովուրդն ընդհանուր առմամբ, և ի մասնավորի՝ կաթողիկե ժողովրդին, որպեսզի բոլոր բարիքների ու անսահման ողորմության Տերը շուտով պարգևի նրանց վաղուց ի վեր բաղձացված քրիստոնեական խաղաղությունը, և որ դա լինի Քրիստոսի ճշմարիտ ու տևական խաղաղությունը, որը Նա ավանդել էր Առաքյալներին՝ նրանց առաքելության ուղարկելուց առաջ։ ... Արդարև, միշտ բաղձացել եմ և այն տպավորությունն եմ ունեցել, որ Ձերդ Գերազանցության այս այցելությունը Կորեա, որն առաջինն է Հավատքի Տարածման Ժողովի պատմության մեջ, ինձ գրեթե թվում է Անձամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի այցելությունը։ Ձեր պարզ Օրհնությունը, Ձեր հայրական խոսքերը, Ձեր պարզ ժեստերն ու պարզ հայացքը, և Ձեր յուրաքանչյուր հանդիպումը Եկեղեցու, Պետության և հասարակական որևէ դասակարգի մարդկանց հետ, թող որ փոխակերպի բոլորին ու ամեն ինչ՝ Հիսուս Քրիստոսի սիրո մեջ, որպեսզի կորեացի ողջ ժողովուրդը սրտանց զգա Հիսուս Քրիստոսի անսահման սերը, և որ բոլորը շուտով մեկ դառնան Քրիստոս Հիսուսի մեջ։ Եվ հատկապես օրհնեցե՜ք Հյուսիսի անարդարացի կերպով ճնշված խեղճերին, և ամբողջովին յուրահատուկ կերպով՝ այն խեղճ Կաթողիկեներին (մոտ 50.000 հոգի), որոնք 8 տարի է արդեն, ինչ չեն կարողանում այլևս քահանաներ ունենալ և, հետևաբար, որպես դրա տրամաբանական հետևանք, ո՛չ Սուրբ Պատարագ, ո՛չ Խոստովանանք, ո՛չ Սուրբ Հաղորդություն, որովհետև Դուք թերևս շատ լավ գիտեք, որ Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակն ամենասարսափելին է աշխարհի մյուս բոլոր կոմունիստական երկրների շարքին, այն պատճառով, որ ոչ մի քահանա (և ո՛չ իսկ մեկը) կարող է մնալ (ո՛չ իսկ ծածուկ կերպով) Հյուսիսային Կորեայում։ Եվ ուստի, այդ Կաթողիկեներն առավել հրատապ կարիքն ունեն Տիրոջ ողորմության ու մխիթարության»։

Այս նամակ-վկայությունը ողորմության ու մխիթարության մի հրատապ կոչ էր բոլոր այն երկրների անունից, որոնք բռնատիրության ու ճնշվածության պայմաններում էին գտնվում։ Բացահայտում է հոգին և վկայում է հանձնառությանը Ն.Գ. Ծիրանավորի, ով կամեցավ ու կարողացավ այցելել այդ մոռացված վայրերն ու այդ հալածված ժողովուրդներին։ Թեև չափազանց հոգնում էր երկարատև ու շարունակական ճամփորդությունների պատճառով, Կարդինալ Աղաջանյանն այդուհանդերձ կարողացավ հասցնել նրանց Քրիստոսի խաղաղությունը։

 

 

ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՍԵՐԸ

 

1959 թվականի Օգոստոսի 23-ին, Խաղաղօվկիանոսյան աշխարհամասերը դարձան Կարդինալ Աղաջանյանի առաքելական ճամփորդությունների հիմնական հանգրվաններից մեկը։

Ավստրալիայում քաջությամբ արտահայտեց իր մտահոգությունը՝ կոմունիզմի պատճառով։ Հարավային Ավստրալիայում Ադելաիդե քաղաքն այցելելուց հետո, Կարդինալ Աղաջանյանն ուղղվեց դեպի արևմտյան ափ և Պեռթ քաղաքում արտասանեց մի հիշարժան ճառ՝ Սուրբ Մարիամ Մայր Տաճարում. «Աշխարհում ոչ մի պետություն չի կարող իրեն ապահով զգալ կոմունիզմի վտանգի դիմաց։ Ով վայելում է այս ազատությունը, պարտավոր է մի միտք, մի աղոթք այն կաթողիկեների համար, որ տառապում են ... ։ Ցավ ենք ապրում, որովհետև մեր կաթողիկե եղբայրներն ու քույրերը հալածվում են բոլոր վայրերում, ուր գտնվում են։ Հալածանքներ ու մտքի աթեիզմ դպրոցներում, բոլոր հրապարակներում, մարդկանց մտքերից ու սրտերից ջնջելու համար հավատքը ... ։ Քահանաներ, որ ենթարկվում են մտային ու ֆիզիկական կտտանքների, բանտարկության ու մահվան ... ։ Պետք է բոցավառ քրիստոնյաներ լինենք, անձնական խորարմատ սեր տածենք մեր Աստվածային Որդու՝ մեր Փրկչի հանդեպ, միսսիոներական հավատք ապրենք՝ լիովին քրիստոնեական, Սուրբ Կույս Մարիամի դրոշի ներքո»։

Բայց է՛լ ավելի փայլուն եղավ իր ժամանումը Սիդնեյ, ուր մարգարեաբար հաստատեց. «Լռության Եկեղեցին», – մոռացված մարտիրոսությունը, – «որն այս պահին հալածանք է կրում չարի ուժերի ձեռքով, Եկեղեցին, որի անդամները ենթարկվում են մտային ու ֆիզիկական կտտանքների, բանտարկության և մինչև իսկ մահվան, մեղադրվում են կեղծ հանցանքների մեջ, ենթարկվում են բռնի աքսորի, Եպիսկոպոսներին արգելվում է կատարել իրենց հովվական պարտականությունները, կրոնավորուհիները բանտարկվում են և հարկադիր աշխատանքների դատապարտվում, կաթողիկե գրականությունն արգելվում է, առաքելական մարդասիրական կազմակերպությունները լուծարվում են և նրանց անդամներից շատերն իրենց կյանքն են կորցնում, որովհետև հրաժարվում են ուրանալ Հիսուս Քրիստոսին։

Ոչ մի ծառա ավելին չէ, քան իր ուսուցիչը, բայց յուրաքանչյուր աշակերտ լավ պատրաստված պետք է լինի, ինչպես իր ուսուցիչը. հարատևություն հավատքի մեջ և վերադարձ կրոնական ազատության ... ։ Հավատում ենք, որ մի օր Ռուսաստանը դարձի կգա, և մենք՝ քահանաներս, պաշտոնյաներս ու հավատացյալներս պետք է ջանանք արագացնել այդ օրը. հավատում ենք, որ Ռուսաստանում էլ կան բազմաթիվ անձինք՝ ծարավի Աստծուն, հավատարիմ՝ իրենց նախնիների քրիստոնեական ավանդույթներին ու վսեմափայլ Աստվածածնի մեծարանքին»։

Քուինսլենդ նահանգի Բռիսբան քաղաքում գովաբանության խոսքեր արտասանեց Ավստրալիայի հասցեին, ազատորեն ընծայված արյան՝ չհրաժարվելու համար ազատությունից և գրավել կարողանալու համար սեփական տեղը պատմության մեջ. «Սիրո մի հրաշք», – ընդգծեց Կարդինալը, – «երբ Եվրոպայի մեծամասնությունը ավերված էր, երբ միլիոնավոր անտուն մնացած անձինք թափառում էին, երիտասարդ Ավստրալիան օգնության ձեռք էր երկարում ... ։ Մի աշխարհում, ուր փոփոխությունները շարունակական ու անակնկալ են, անհրաժեշտ կարիքը կա անձանց, որոնք գնահատում են Աստծուն, ճշմարտությունը և անհատի ազատությունը։ Այս երկիրը Աստծուց իրեն տրված պատասխանատվություն ունի»։

Ապա այցելեց հարավ-արևելյան Ավստրալիան, Մելբուռն և Քանբեռռա քաղաքները։ Թասմանիայում, մի հուզիչ ճառ արտասանեց Հոբարթի Մայր Տաճարում. «Քրիստոսին եմ ներկայացնում յուրաքանչյուր մարդու բեռը ... ։ Քրիստոսի Մարմինը Եկեղեցին է։ ''Ազատորեն ստացել ես, ձրիորեն պարգևիր'', քո հերթն է այդ նույն ճանաչողությունը տանել մարդկանց մտքերին, և հատկապես՝ նրանց փոքրիկներին, երիտասարդ մտքերին և աշխարհի չարիքից տակավին անարատ մնացած սրտերին»։

Իսկ վերջում այցելեց Օքքլանդ, Նոր Զելանդիայում։

Կարդինալ Աղաջանյանի ճամփորդությունները միշտ ներառում էին կանգառ Բեյրութում, ուր գտնվում էր Հայ Կաթողիկե Պատրիարքարանը։ Իր սիրելի ժողովրդին և իր Նվիրապետությանը անբաժանելի կերպով կապված, Կարդինալ Աղաջանյանը սիրում էր Սուրբ Պատարագ մատուցել Հայկական Ծեսով։

1960 թվականին Բոստոնում, Մասսաչուսսեթսի Նահանգում (ԱՄՆ), հայածես Սուրբ Պատարագ մատուցեց, տեսաձայնագրված, այդպիսով նոր էջ բացելով Հայ Կաթողիկե Եկեղեցու պատմության մեջ։ Միացյալ Նահանգներում առաջին անգամ լինելով՝ Քահանայական Ձեռնադրություն կատարեց հայկական ծեսով։

Պատմություն գրել՝ նշանակում է ապրել այդ պատմությունը. Եկեղեցու այս Իշխանը գիտակցում էր, որ Աստված ներկա էր տառապող մարդկության պատմության մեջ, և որ հարկավոր էր «հարմարացնել գործելաոճերը ժամանակվա կարիքներին, առանց երբևէ տեսադաշտից կորցնելու ավանդությունն ու հարատևությունը». սա պետք է հասկանա յուրաքանչյուր Առաքյալ, որ դառնում է Եկեղեցու նախասիրյալ որդին։ Նա այս կերպ էր արտահայտում քահանայության իմաստն ու նշանակությունը. «Քահանայության գերադրական աստիճանն է աղոթել, աշխատել, զոհաբերել և զոհաբերվել։ Խորհրդի մեջ ներկա Հիսուսը Արևն է, ամեն բան պտտվում է Նրա շուրջը. ֆիզիկական արևը լուսավորում է երկրագնդի բոլոր վայրերը, նպաստում է կյանքի զարգացմանը, բերկրանքով ու բանաստեղծությամբ է լցնում մարդկանց սրտերը՝ իր քաղցր ջերմությամբ և լույսերի անհաշվելի աստիճանավորումներով։ Այսպես, Խորհրդի մեջ ներկա Հիսուսը կարող է լուսավորել, ջերմացնել, կենագործել Եկեղեցին, զարգացնել գերբնական կյանքը նրա բոլոր զավակների մեջ. հերոսներ, որ կոչվում են առաքյալներ, որ կոչվում են սրբեր։ Նախ սրբեր, ապա միսսիոներներ»։

 

 

ԹԵՈՏՈՆԻՈՒՍ ԱՄԱԼ ԳԱՆԳՈՒԼԻ

 

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում, 1960 թվականի Հոկտեմբերի 7-ին, Կարդինալ Աղաջանյանը ձեռնադրեց և օծեց բենգալացի առաջին Եպիսկոպոսին՝ Հայր Թեոտոնիուս Ամալ Գանգուլիին, որպես Դաքքայի Օժանդակ Եպիսկոպոս։ Դա Աստծո այրերից մեկն էր, ով պայքարել էր Բանգլադեշի ազատության համար, և մեծապես սիրված էր և՛ քրիստոնյաների, և՛ ոչ-քրիստոնյաների կողմից։

Գանգուլիի եպիսկոպոսական ձեռնադրությունը արտակարգ իրադարձություն դարձավ Բանգլադեշում կաթողիկե համայնքի պատմության մեջ և հույսի առիթ հանդիսացավ հավատքի բոլոր դավանանքների հավատացյալներից յուրաքանչյուրի համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։