ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀՌՈՄՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀՌՈՄՈՒՄ

1906 թվականին պատանի Աղաջանյանը հասավ Հռոմ։ Հավատքի Տարածման Ժողովին պատկանող Ուրբանյան Վարժարան իր մուտքը նկարագրվել է Հերպ. Լյուդովիկոս Ռայնոլդի կողմից, ով 1958 թվականին գրել է. «Ամենայն Սրբոց տոնի առավոտյան ներկայացա Տեսուչին՝ Գերհարգելի Հայր Բոնձանոյին։ Այդ առիթով առաջին անգամ հանդիպեցի պատանի ու շատ համակրելի վերջին ժամանածին՝ Աղաջանյանին, ով ընդամենը 11 տարեկան էր, բայց իսկույն իր վրա հրավիրեց Կարդինալ Գոտտիի ուշադրությունը, ով Հավատքի Տարածման Ժողովի Նախագահն էր, մի բավական վերապահ անձնավորություն, ով կարդինալական ծիրանի զգեստի ներքո պահում էր իր վանական միաբանության ողջ խստությունը ... ։ Եվ տակավին, 1907 թվականի Փետրվարի 2-ին, որը մի անմոռանալի օր եղավ Վարժարանի բոլոր ուսանողների համար, Ընդունելություն տրվեց մեզ Նորին Սրբություն Պիուս 10րդ Սրբազան Պապի կողմից, ով, մեծագույն սիրալիրությամբ, մեզնից յուրաքանչյուրից հարցրեց, թե ո՛ր երկրից էինք սերում, և համառոտ տեղեկություններ այն թեմի մասին, որին պատկանում էինք։ Երկար շարքի վերջինը, Տեսուչի կողմից, կանգնած էր Վարժարանի նախասիրյալ սանը՝ փոքրիկ Աղաջանյանը, ճի՛շտ իր պատանի տարիքի համար։ Եվ Սրբազան Քահանայապետն իր գիրկն առավ ամենափոքր աշակերտին և ասաց. ''Իսկ որտե՞ղ է մնացել քո մայրիկը։ ... Ա՜հ, փոքրիկ Հայորդին մի օր մեծ առաքելություն է կատարելու Եկեղեցու գրկում''։ Դա մի մեծ Սրբի մարգարեությունն էր»։

Սրբազան Պապը, խոսքը աշակերտներին ուղղելով, նրանց մաղթում էր, որ բոլորը կարողանային Քահանաներ ու Եպիսկոպոսներ դառնալ։ «Եվ քանի որ փոքրիկ Աղաջանյանն ի լուր նման մաղթանքի ժպտում էր, Երանաշնորհ Քահանայապետը նկատեց նրա դիրքորոշումը և, խոսքը նրան ուղղելով, ասաց. ''Դուք ժպտո՞ւմ եք։ Շա՜տ լավ։ Ուրեմն մաղթում եմ Ձեզ դառնալ ո՛չ միայն Եպիսկոպոս, այլ նաև՝ Պատրիարք''»։ Դա իրոք մարգարեություն էր։

Այդ նույն տարվա ընթացքում կատարվեց Բազմալեզու Ակադեմիայի բացումը։ Աստվածահայտնության տոնի օրը, Գերպ. Ռայնոլդը հիշում է. «Իբրև միակ գերմանացի աշակերտ, ներկայացրեցի մի աշխատանք, որի թեման էր. ''Երեք Սուրբ Մոգերի ուխտագնացությունը Երուսաղեմից Քյոլն, Կոստանդնուպոլսի, Հռոմի ու Միլանի ճանապարհով''։ Երիտասարդ Հայորդին եզակի հետաքրքրություն ցուցաբերեց գերմաներեն լեզվով գրված այդ նյութի հանդեպ, և ինձ խնդրեց մի օրինակ տալ իրեն։ Ամենանշանակալի պահը եղավ, երբ Աղաջանյանը խոսք վերցրեց իտալերեն լեզվով. ''Ես էլ, Կովկասի ցրտաշունչ լեռներից եկած, իմ հարգանքի հավաստիքն եմ ուզում ընծայել միսսիոներական Եկեղեցու մեծապատիվ Ծիրանավորին''։ Խանդավառ ծափահարությունները պատասխանեցին այդ ողջույնին, որ բխում էր նրա սրտից, և է՛լ ավելի՝ երկու Մայրցամաքների հատման կետից, արտասանված՝ Արևելյան Եկեղեցու այս պատանի ներկայացուցչի շուրթերով»։

Երիտասարդ Աղաջանյանը օրինակելի ուսանող եղավ. երկրորդական և բարձրագույն ուսումներից հետո՝ ստացավ Փիլիսոփայության, Աստվածաբանության և Եկեղեցական Իրավունքի բնագավառներում Դոկտորական աստիճանի առաջին մրցանակները։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։