ՀԱՎԱՏՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԱՏՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Աղաջանյանը գիտակից էր, որ Աստված իր ժողովրդի պատմության մեջ ներկա էր՝ այդ ժողովրդին փրկելու համար։ Բայց Աստված կամեցավ նրան վստահել մի է՛լ ավելի մեծ ժողովուրդ։ Հայ Եկեղեցու Իշխանը, Մերձավոր Արևելքի այդ լեռների լանջին ծնված, նշանակվեց Հավատքի Տարածման Սուրբ Ժողովի Նախագահ, 1958-ից մինչև 1970 թվականը։ Պիուս 12րդ Պապի մահից քիչ անց, 1958 թվականի Հոկտեմբերի 9-ին, հայազգի Ծիրանավորը պապական Ընտրության Ժողովի կանչվեց այդ նույն տարվա Հոկտեմբերի 25-ին։ Այդ առիթով, Կարդինալ Չելսո Կոստանտինին, հիվանդության պատճառով բացակայելով և անկողնում մահամերձ պառկած, չկարողանալով իր քվեով նպաստել, գրությամբ արտահայտեց իր նախընտրությունը, հռչակելով. «Հանձինս Աղաջանյանի կտրվի Եկեղեցուն մի արևելքցի Պապ, որ կկարողանա, այս իսկ պատճառով, հասնել Քրիստոնեական ողջ Աշխարհին։ Աղաջանյանը հոգով-սրտով միսսիոներ է, տեսական ու գործնական մի պատրաստվածությամբ, որի նմանը դժվար թե կարելի է գտնել մի ուրիշ Կարդինալի դեպքում, տիրապետում է բազմաթիվ լեզուների, մարդամոտ է, բոլորի կողմից սիրված ու հարգված։ Ինչպես նաև՝ կորովի տարիքում է։ Ի հավելումն, նա մարմնավորում է սրբազան զոդը Լատին Եկեղեցու և Արևելյան Եկեղեցու միջև։ Ուստի, եզրակացնելով, իմ քվեն. Սրբազնագույն Քահանայապետի ընտրության համար առաջարկում եմ Հայ Կարդինալ Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյանին։ Նա է թեկնածուն, որ համապատասխանում է մեր ժամանակվա անհետաձգելի պահանջներին»։

Ընտրվեց, սակայն, Վենետիկի Պատրիարք Անջելո Ռոնքալլին՝ Հովհաննես 23րդը, ով 1959 թվականի Փետրվարի 1-ին, Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանում արտասանված ճառի ժամանակ ասաց. «Գիտե՞ք, որ ձեր Կարդինալը և ես զույգ էինք կազմել անցյալ Հոկտեմբերի ընտրական ժողովի ժամանակ։ Մեր անունները փոխնիփոխ վեր ու վար էին ցատկոտում, ինչպես սիսեռի հատիկները եռացող ջրում»։

Դա Սրբազան Քահանայապետի հետ միության մի արտակարգ իրադարձություն էր, որն Առաջանյանին հնարավորություն տվեց արիաբար սկսելու իր միսսիոներական գործունեությունը։

 

 

ՄԻ ԱՆԽՈՆՋ ԱՌԱՔՅԱԼ

 

1958 թվականի Նոյեմբերի 22-ից մինչև 1959 թվականի Փետրվարի վերջը, Առաջանյան Կարդինալը կատարեց իր առաջին ճամփորդությունը որպես Հավատքի Տարածման Ժողովի Նախագահ։ Նպատակակետերն էին Աֆրիկայում, Ասիայում և Օվկիանիայում գտնվող առաքելավայրերը։ Մինչ այդ ոչ մի ՀՏԺ-ի Նախագահ երբևէ չէր այցելել այդ առաքելավայրերը անձամբ։

1959 թվականին, Բոստոնի Արքեպիսկոպոս Կարդինալ Քաշինգը, Աղաջանյան Կարդինալի գործունեության մասին խոսելիս՝ այսպես նկարագրեց նրա աշխատանքը. «Դա Եկեղեցու կողմից գործադրված մի համաշխարհային ջանք է, ամեն օր հանդիպում է մի միսսիոների հետ, աշխարհի բոլոր անկյուններից ժամանած Եպիսկոպոսների հետ։ Նրանց կյանքերը՝ բարեպաշտության ու զոհողության, ներշնչանքի աղբյուր են, նրանք թիկունք են դարձրել անձնական իրողություններին՝ Հավատքը ուրիշների տանելու նպատակով։ ... Կարդինալ Աղաջանյանը Առաքելությունների Գլուխը չէ պարզապես, այլ՝ ինքն իսկ մի անխոնջ առաքյալ է, որն հեռավորությունները չափում է միմիայն հոգիների կարիքների համաձայն»։

Այս մտքից մեկնելով էլ՝ Կարդինալը հրավիրում էր ճիշտ թիրախավորել առաքյալի կերպարը. «Հոգիները առաքելավայրերում սպասում են ձեզ։ Իմ աչքերը լցված են հոգիների այդ տեսությամբ։ ... Որ սպասում են ... ։ Եվ մեր հարատևությունը կարող է բազմաթիվ հոգիների փրկության պատճառ հանդիսանալ։ Կյանքն անցնում է և մնում է միայն ծառայած լինելը, սիրած լինելը և մեր Տիրոջ և հոգիների համար ինչ որ մի բան կրած լինելը»։

Քաջարի հովիվը, որ իր Հայ Ժողովրդի համար եկեղեցիներ էր կառուցել ի Փառս Աստծո, հոգևոր ճշմարաններ էր կառուցել՝ Տիրոջ խաղողի այգում աշխատող մշակներ պատրաստելու համար, դպրոցներ ու որբանոցներ՝ ընտանիքներին ու լքվածներին ցիրուցան լինել չթույլատրելու համար, գնաց օծելու նաև Մանիլայի նոր Մայր Տաճարը, որն հինգերորդ անգամ հարություն էր առնում պատերազմի ավերակների վրա, 1959 թվականին։ Ապա այցելություն տվեց Ֆիլիպպիններում գտնվող Բագույոյի Առաքելական Փոխանորդությանը. դա կլիմայական առումով մի գեղեցկագույն վայրում գտնվող առաքելություն էր, որը տակավին բնակեցված էր բնիկ ցեղախմբերով։ Ճիշտ այդ գյուղում Աղաջանյան Կարդինալն ուրախությունն ունեցավ օրհնելու բնիկ յոթ Քույրերի, որոնք այդ նույն օրը կատարեցին իրենց կրոնավորական ուխտադրությունը։

Բոմբեյում (այժմ Մումբայ), Հնդկաստանում, հրահանգներ տվեց՝ ընդլայնելու Քարաչիի, Բանգալորի, Ռանգունի ու Ռանքիի հոգևոր ճեմարանները, և առաջին քարը դրեց՝ Մադրասի ու Քանդիի ճեմարանների մեծացման համար։

Յուեն-Լոնգ թաղամասում, Հոնգ Կոնգի Նոր Տարածքներում, բացումը կատարեց մի դպրոցի՝ ապաստանյալների համար, կոմունիստական Չինաստանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, «եղեգյա վարագույրից» այս կողմ։ Հոնգ Կոնգի արվարձաններից մեկում՝ Սթենլիյում, սկիզբ տվեց մի նոր եկեղեցու և մի նոր դպրոցի, ինչպես նաև Կարմեղական Քույրերի վանքի կառուցմանը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։