ՀԵՌԱՎՈՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾ ՄԻ ՏՈՒՆԿ – Գրադարան – Mashtoz.org

ՀԵՌԱՎՈՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾ ՄԻ ՏՈՒՆԿ

Սրբերից յուրաքանչյուրի դեմքին հայելանում է Աստծո անսահման կատարելության ճառագայթներից մեկը։ Քանդակող մուրճի ճշգրիտ հարվածներով՝ Աստված ստեղծում է կատարելությանը հասնելուն ընդունակ մի գործ, որի մեջ անդրադառնում է Իր սեփական լույսը, որպես մի աստղ՝ երկնակամարի վրա, որը, մյուսների հետ միասին, ներկայացնում է աստվածային բոլոր կատարելությունների հարստագույն ներկապնակը։

Սրբերից յուրաքանչյուրն իր կյանքում, իր գոյության վիճակի ու պարագաների մեջ, իր միջավայրում իրականացրել է այն, ինչ ասել է Պողոս Առաքյալը. «Այլևս ես չեմ, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ»։ Աստծո այդ այրերից մեկն է Ղազարոս Աղաջանյանը, ով աշխարհին հայտնի է Կարդինալ Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյան անվամբ։ Հայ զարմից, Հարություն և Իսկուհի Աղաջանյանների որդին ծնվել է 1895 թվականի Սեպտեմբերի 18-ին, այժմյան Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող մի փոքրիկ քաղաքում՝ Ախալցխայում։ Քաղաքն այդ ժամանակ մաս էր կազմում Ռուսական Կայսրության Թիֆլիսի Նահանգին, այժմյան Սամցխե-Ջավախեթի մարզում։

Ծնողները, որ խորը հավատքի տեր անձինք էին, պատկանում էին Ջավախքի Հայերի կաթողիկե փոքրամասնությանը։ Իր ամենավաղ մանկության տարիներից սկսած, փոքրիկ Ղազարոսը զգաց Տիրոջ կանչը՝ դառնալու քահանա, և սիրալիր ծնողների հավանությամբ՝ սկսեց հաճախել Ռուս Օրթոդոքս Եկեղեցու Վրաստանի Թեմին պատկանող Թիֆլիսի Աստվածաբանական Ճեմարանը։ Հայ պատանին 1906 թվականի Հուլիսի 19-ին արդեն պատրաստ էր մեկնելու Հռոմ, ուր ընդունվելու էր Հավատքի Տարածման Ժողովին պատկանող Ուրբանյան Վարժարանը։ Իր ճամփորդությանը ուղեկցեցին հայրական խոսքերը Գերապատիվ Հայր Սարգիս Տեր Աբրահամյանի (ով պատանի Ղազարոսին քնքշանքով անվանում էր «Հեռավոր լեռներում բուսած տունկ»). խոսքեր, որոնք ամփոփվել էին Ուրբանյան Պապական Վարժարանի Տեսուչին՝ Գերհարգելի Բարթոլոմեո Գատտանեոյին, և Հավատքի Տարածման Ժողովի Նախագահին՝ Ն.Գ. Կարդինալ Ջիրոլամո Մարիա Գոտտիին ուղղված նամակի մեջ։ Տեր Աբրահամյանն, ի մասնավորի, գրում է. «Կարդալ և գրել գիտի իտալերեն և լատիներեն։ Մի քիչ լատիներեն քերականություն է սովորել և հոլովումները։ Վստահ եմ, որ քիչ ժամանակում գերազանց առաջընթաց կապահովի, որովհետև շատ ընդունակ է։ Փոքրիկ Աղաջանյանը աչքի է ընկնում հանճարով, և մի մարմնեղեն հրեշտակ է»։

Մատղաշ պատանին, ծնված՝ Մերձավոր Արևելքի այն մի խուրձ լեռների լանջին, որոնք միասին կազմում են Կովկասյան Լեռնաշղթան, ենթարկվում է երկարատև ճամփորդության։ Արևախանձ դաշտերը չեն կարողանում կղզիացնել իր սիրտը, և Հայ Կաթողիկե Եկեղեցու ապագա Իշխանը, քայլ առ քայլ կարողանում է հաղթահարել այդ պատնեշներն ու այդ դժվարությունները, դառնալով կապող կամուրջ Ասիայի ու Եվրոպայի միջև։

Իր ամենաթանկագին անձանցից բաժանված, իր ծննդավայրից արմատախիլ եղած, Ղազարոս Աղաջանյանը մայրական սիրո բացակայությունը փոխարինում է Եկեղեցու հանդեպ խորը ու լիակատար սիրով, ինքնին Եկեղեցին դարձնելով իր Տապանակը, վայրը, ուր իր քահանայական հոգին, հեզ ու սիրալիր, կարողանում է իրականացած տեսնել Աստծո հետ միության իր ամենաբացահայտ փափաքը, Նրա հոտի հավատարիմ Հովիվը լինել Հայ Կաթողիկե Եկեղեցու համար, և խոնարհ սպասավոր՝ Տիեզերական Եկեղեցու համար, նվիրված՝ տարածելու մարդկանց մեջ Հիսուս Քրիստոսի Ճշմարտությունն ու Շնորհը։

Իր հավատքն իրեն ուժ կտա՝ մագլցելու կյանքի լեռներն ի վեր, ճամփորդելով փոքրուց սկսած և մինչև իր վերջին շունչը՝ որպես Առաքյալների ճշմարիտ հետնորդ, Պողոս Տարսոնացուն՝ Հեթանոսաց Առաքյալին նմանվող։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։