ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՃԱՆԱՉՈՂ ՍԻՐՈ ԱՅՐ – Գրադարան – Mashtoz.org

ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՃԱՆԱՉՈՂ ՍԻՐՈ ԱՅՐ

Հեռավոր Արևելք կատարած իր չորրորդ ճամփորդության ավարտին, Աղաջանյանն այցելեց Հնդկաստան, Պակիստան, Սեյլոն և Բիրմանիա։ Նա միշտ մեծ ուրախությամբ էր ընդունվում տեղի բնակչության կողմից, որն ամեն գնով ցանկանում էր տեսնել նրան կամ հպվել նրա զգեստի փեշերին։ Այսպես էր մեկնաբանում Գերհ. Պեկոռառոն. «Եվ նա թույլ էր տալիս անել դա, և գոհ էր, որ այդպիսով գոհացնում էր իրեն հանդիպելու եկող մարդկանց, որպեսզի իսկույն, առանց հոգնածությունից նեղվելու, թռիչք առնելու դեպի ա՛յլ քաղաքներ՝ հանդիպելու համար ա՛յլ մարդկանց, տալու համար իր օրհնությունը, արտասանելու համար բարության և հույսի խոսքեր։ Ով բախտավորությունն է ունեցել ընկերակցելու Նորին Գերազանցությանը իր ճամփորդությունների ժամանակ, գիտի, թե ինչպիսի՜ զոհողություններով և ինչպիսի՜ ինքնամերժումով էր նա դիմագրավում ամեն տեսակի անհարմարությունները՝ ներկա գտնվելու համար համաժողովների, կատարելու համար ծիսական արարողություններ, ընդառաջելու համար բոլորի խնդրանքներին»։

Այդ ժամանակ է, որ Կարդինալ Աղաջանյանին տրվեց «Սահմաններ չճանաչող սիրո այր» անունը. նա աշխարհի քաղաքացի էր խոսքի աստվածաշնչյան իմաստով. նա որևէ սահմանից այն կողմ էր, ցեղային ու գավառային որևէ արժեքից ավելի վեր։ Նա կարողացավ ներկայացնել միսսիոներական Եկեղեցու սիրտը՝ կառուցելով ու վերակառուցելով դպրոցներ, հիվանդանոցներ ու ամենատարբեր տեսակի ընկերակցություններ՝ ամենահեռավոր ու ամենաաղքատ առաքելավայրերում։

Հավատքի Տարածման Ժողովի քարտուղար Գերհ. Սեռջո Պինյեդոլին Կարդինալ Աղաջանյանի սիրո մասին ասել է. «Կարդինալ Նախագահի գեղեցկագույն հատկություններից մեկը նրան դարձնում է – մեր՝ բոլոր իր հետ աշխատողներիս համար – սիրալիր բարությամբ և բաց մտքով օժտված մի Հայր, ով արտակարգ կերպով հեշտացնում է համագործակցությունը և այն ավելի արգասավոր է դարձնում Քրիստոսի սիրո մեջ։ Նա միշտ պատասխանում է կոնկրետ ու դրական կերպով։ Աստվածային Նախախնամությունն է, որ նրան դրեց միսսիոներական Եկեղեցու սրտի կենտրոնում, կառավարելու համար 801 Թեմ (որոնք 730-ն էին, երբ նա ստանձնեց Հավատքի Տարածման Ժողովի Նախագահությունը). նրան ճամփորդել տվեց ողջ աշխարհով մեկ. նրան մի սիրտ տվեց՝ «ընդարձակ ինչպես ծովի մարտադաշտը». նրան լեզուների հազվադեպ հմտություն պարգևեց. և մի արտակարգ կարողություն՝ բարության ու հանդիպումի ... ։ Մենք վայելում ենք սիրո այս պարգևները, և դրանց համար խոնարհաբար շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը, որից են բխում բոլոր պարգևները»։

 

 

ՍՔԱՆՉԵԼԻ ԸՆԹԱՑՔ՝ ՏԱՌԱՊԱՆՔՈՎ ՀԱՆԴԵՐՁ

 

1961 թվականի Սեպտեմբերին Աղաջանյանը որոշեց մեկնել աֆրիկյան մայրցամաքի արևելյան ափ՝ Մադագասկար։ Նշվում էր կաթողիկե առաքելությունների հարյուրամյակը այդ կղզում։ Ժամանելով Նաիրոբի (Քենիա), ի վիճակի չեղավ շարունակելու ճամփորդությունը և հարկադրված թույլատրեց, որ իրեն հիվանդանոց տանեն։ Սա առաջին նշանը եղավ այն հիվանդության, որն իր մահվան պատճառը հանդիսացավ 11 տարի հետո։ «Իր ծանր հիվանդության ժամանակ», – գրել է Գերպ. Պաթանյանը, – «հիվանդություն, որը նա կրում էր հերոսական համբերությամբ ու գերմարդկային սիրով, ... Կարդինալ Աղաջանյանի կողմից մեզ տրված առաքինությունների զմայլելի օրինակները, իր կյանքի ընթացքում և մահվան մահճից, հանձինս նրա բացահայտեցին մի հոգի, ով սերտորեն ապրում էր Քրիստոսի հետ, Քրիստոսի մեջ և Քրիստոսի համար»։

Կարդինալ Աղաջանյանն ինքը ասել է. «Երախտագիտություն եմ հայտնում Աստծուն, որ ինձ թույլատրեց ապրել ֆիզիկական ցավի փորձառությունը»։ Մտահոգությունների մի արձագանք տարածվեց աշխարհասփյուռ Հայ Կաթողիկե թեմերում. բազմահազար որդիական նամակներ ու աղոթքներ ուղղվեցին Աստծո այս անխոնջ Ծառային։ Մի ավստրալիացի քահանայի դիմելով, Առաջանյանը մի օր ասել էր. «Կգա պահը, երբ կլսես, որ հեռացել եմ այս կյանքից։ Չմոռանաս մի աղոթք ասել իմ համար»։ Այս խոսքերը դորշմված մնացին այդ քահանայի սրտում, ով նկարագրելով «Աղաջանյանի սրբակենցաղ կյանքը, ավելի տրամաբանական էր գտնում, որ նա աղոթի մեր համար, քան թե մենք՝ իր»։

 

 

ՎԱՏԻԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐԵԻՆ

 

1962 թվականի Սեպտեմբերին, Նաիրոբիից հազիվ մեկ տարի անց, մի փակ ընդունելության ժամանակ Ն.Ս. Հովհաննես 23րդ Պապը նշանակեց «Առաքելությունների հարցերով զբաղվող» նախապատրաստական Հանձնախմբի գլխավոր անդամներին, որոնցից մեկն էր Կարդինալ Աղաջանյանը։

1962 թվականի Հոկտեմբերի 11-ին Հռոմում սկիզբ առավ Վատիկանյան Երկրորդ Տիեզերական Ժողովը, որ հրավիրվեց Ն.Ս. Հովհաննես 23րդ Պապի կողմից, և ավարտվեց 1965 թվականի Դեկտեմբերի 8-ին, նրա Հաջորդի՝ Ն.Ս. Պողոս 6րդ Պապի օրոք։

Կարդինալ Ջաքոմո Լեռքառոն գրել է. «Եվ ահա՛ այսպես սկսվում է Ժողովը, Եկեղեցին ասում է աշխարհին. ''Ես աշխարհում եմ, կիսում եմ ձեր հույսերը, ձեր ուրախությունները, ձեր վախերն ու ձեր հոգնությունները։ Ես չեմ կարող լուծել ձեր բոլոր խնդիրները, բայց այն բոլոր պարգևները, որ ստացել եմ Աստծուց, պարգևները ճշմարտության ու շնորհի, ես այստեղ եմ՝ դրանք ձեր տրամադրության տակ դնելու՝ աշխարհը փոթորկող խնդիրների լուծման համար»։ Լեռքառոյի հետ միասին, Կարդինալ Աղաջանյանը եղավ Վատիկանյան Երկրորդ Տիեզերական Ժողովի չորս Վարիչներից մեկը, Առաքելությունների հարցերով զբաղվող Հանձնախմբի Նախագահը։ Ժողովի կողմից վավերացված վճռագրերից վերջինը եղավ «Ad gentes» - «Ժողովուրդներին» կոչվող Վճռագիրը, որը բոլորի կողմից որակավորվել էր որպես ամենադժվարինը։ Հանրահայտ դարձավ Աղաջանյանի բացականչությունը Ժողովական 2.399 Հայրերի առաջ, դժվարին քվեարկության ավարտին. «Սուրբ Հոգին իրո՛ք այստեղ է»։ «Ad gentes» - «Ժողովուրդներին» Վճռագիրը դրական ամենաշատ քվեները հավաքած փաստաթուղթը եղավ։

 

 

ԱՇԽԱՐՀԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՈՉ-ԻՏԱԼԱՑԻ ՊԱՊ ՈՒՆԵՆԱԼՈՒ

 

Մի ցավալի դեպք որոշ ժամանակով ընդմիջեց ժողովական աշխատանքները. Ն.Ս. Հովհաննես 23րդ Պապի մահը, 1963թ.ի Հունիսի 3-ին։

Այդ նույն տարվա Հունիսի 19-ին գումարվեց Պապական Ընտրական Ժողովը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր հայազգի Կարդինալ Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյանը։ Կաթողիկե Եկեղեցին կրկին հայտնվեց հայ Պապ ունենալու շեմին։ Բայց այս երկրորդ անգամ էլ ընտրվեց Կարդինալ Ջովաննի Բատտիստա Մոնթինին, ով իր համար ընտրեց Պողոս Վեցերորդ անունը։ Հայազգի Կարդինալը գիտեր, որ միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակում, որի մեջ այդ պահին ընկղմված էր աշխարհը, այդ նույն «աշխարհը տակավին պատրաստ չէր ոչ-իտալացի Պապ ունենալուն»։

 

 

ՄԵԾ ՄԱՅՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ

 

1964թ.ի Նոյեմբերի 28-ին Աղաջանյանը մեկնեց Հնկաստան, որպես Ն.Ս. Պողոս 6րդ Պապի Քահանայապետական Ներկայացուցիչ, մասնակցելու համար Բոմբեյի «Ամենասուրբ Հաղորդության» Համաժողովին, որի նշանաբան-թեման էր «Ամենասուրբ Հաղորդությունը և նոր մարդը»։

Դեկտեմբերի 6-ին համանախագահեց ավարտական Սուրբ Պատարագին։ «Արարողության ավարտին ճանապարհ ընկավ Ամենասուրբ Հաղորդության թափորը, որի կենտրոնական մասում էր գտնվում Քրիստոսի Մարմինը կրող հաղթական կառքը։ Քրիստոսի Մարմինը կրող Ճաճանչի առաջ, ծունկի եկած, աղոթում էր Քահանայապետական Ներկայացուցիչ Կարդինալը։ Առանց զինվորական շքախմբերի, առանց մետաղական պատնեշների կամ զինվորական պահակախմբերի, մի անհավատալի կարգուկանոնով՝ ավելի քան 200.000 հավատացյալներից կազմված թափորն ուղղվեց դեպի Հնդկաստանի Դարպասը, այդ քարեղեն մեծղի հաղթական կամարը, որ 1911 թվականին կառուցվել էր Բոմբեյի նավահանգստում՝ Գևորգ 5րդ թագավորի ընդունելության համար։

Երբ Քահանայապետական Ներկայացուցիչ Կարդինալը, ''Հնդկաստանի Դարպասի'' շքեղ կամարի ներքո, Ճաճանչը վեր բարձրացրեց ծունկի իջած ամբոխի գլխավերևում՝ օրհնելու համար, վիթխարի լռության մեջ լսվում էր հանդարտ ծփանքը Օվկիանոսի ալիքների, որ բախվում էին վեհաշուք շինության հիմքին, որն այդ առիթով դարձել էր Ամենասուրբ Հաղորդության պատվո ամպհովանին»։

Այդքա՜ն հեռավոր այդ աշխարհամասը Կարդինալ Աղաջանյանի համար, ևս մեկ անգամ, ներկայանում էր որպես հանդիպում Քրիստոսի հետ. «Մենք ուրախանում ենք հոգևոր հնամենի ժառանգություն ունեցող Մայր Հնդկաստանի այս մեծ գրկախառնության մեջ, որի հանձնառությունը՝ Աստծուն վերաբերվող հարցերում, տակավին կենսունակ է մնում և կարող՝ կերտելու ապագա»։

 

 

ՄԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

1965 թվականին Կամպալա կատարած այցելությունը (Ուգանդա, արևելյան Աֆրիկայում) արտակարգ կարևորության իրադարձություն դարձավ։ Ուգանդացի մարտիրոսների երանացման հանդիսությունների կապակցությամբ, արարողության վայրը հանդիսացող Կամպալայի մարզադաշտ գնալուց առաջ՝ Կարդինալ Աղաջանյանն այցելելու գանաց ուգանդացի բողոքական մարտիրոսների սրբավայրը Նամիրեմբեյի Մայր Տաճարում։ Հանդիսավոր արարողության ժամանակ նա իր խոսքն ուղղեց Քահանայապետական Առաքելությունների ներկայացուցիչներին, ասելով. «Հաստատուն առաջադրանք՝ Եպիսկոպոսների, տարբեր ազգությունների տրամադրության ներքո դնել հնարավորությունները, որոնք իրենց ծառայությունը կարող է ընծայել միսսիոներական հարաճուն համագործակցությանը, որի բնորոշ հատկությունն է ընդհանրականությունը և որն ամբողջովին ուղղված է արագացնելու Ավետարանի ճշմարտության և Քրիստոսի Շնորհի գերագույն բարիքի տարածվելը ողջ աշխարհով մեկ»։

1969 թվականի Օգոստոսի 2-ին Ն.Ս. Պողոս 6րդ Պապը նույն քայլը կատարեց Նամուգոնգոյի մարտիրոսների Սրբավայրում (Ուգանդա)։ Աֆրիկա կատարած այցելության ժամանակ նրան ընկերակցում էր Կարդինալ Աղաջանյանը։ Այնտեղ Սրբազնագույն Պապը հանդիպեց բողոքական համայնքի ներկայացուցիչների հետ։

Սրբազան Քահանայապետի պատգամը հստակ էր. «Բոլորդ իմացեք, որ ձեզ ներկա ենք պահում մեր աղոթքի մեջ, այս սրբազան ծիսակատարության ընթացքում։ Որովհետև ամբողջ Աֆրիկան է, որ մենք կամենում ենք ընծայել Քրիստոսին, նրա բարօրության, նրա խաղաղության, նրա փրկության համար»։ Դեպի Հռոմ վերադարձի թռիչքի ժամանակ Սրբազան Քահանայապետը սկսեց զրուցել նրանց հետ, ովքեր իր հետ գտնվում էին օդանավում։ Հավատքի Տարածման Ժողովի Նախագահ Կարդինալին դիմելով, ասաց. «Մեծապես երախտագետ ենք Ձերդ Գերազանցությանը, որ համաձայնվեցիք ընկերակցել Մեզ դեպի Աֆրիկա կատարված այս ճամփորդության մեջ, ուր հենց Դուք եղաք Մեր նախակարապետը»։

Կարդինալ Աղաջանյանը, ով արդեն մոտ էր այս աշխարհից հեռանալուն, ցավերը զսպելով ոտքի կանգնեց և պատասխանեց. «Սրբազնագույն Հայր, Ձեզ մեծապես երախտագետ եմ այս ճամփորդության համար, որը, որոշակի առումով, իմ միսսիոներական կյանքի թագադրումն է։ Ձերդ Սրբությունն ինձ ավելի մեծ մխիթարություն չէր կարող տալ՝ որպես Հավատքի Տարածման Ժողովի Նախագահ իմ առաքելության ավարտին»։

 

 

Ն.Ս. ՊՈՂՈՍ 6ՐԴԻ ՆԱՄԱԿԸ ԿԱՐԴԻՆԱԼ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1970)

 

«Ծանրագույն իրադարձություններ ու խորը փոխակերպումներ աշխարհում միմյանց հաջորդեցին այս վերջին ժամանակներում, առանց խնայելու աշխարհամասերը, ուր Եկեղեցին մտադիր է գործադրել իր միսսիոներական մանդատը։ Եթե այսօր ուրախանում ենք՝ այդ աշխարհամասերում քրիստոնեական միշտ ավելի կենսունակ ու ժրաջան ներկայությամբ, եթե հիանում ենք միսսիոներական աշխատանքի հարաճուն կենսունակությամբ, դա մեծավ մասամբ պարտական ենք այն արդյունավետ ու իմաստուն ցուցմունքներին, որ տրվել են Մեր այդքա՜ն վաստակաշատ Հավատքի Տարածման Ժողովի կողմից։ Եվ պարտական ենք, ի մասնավորի, հեռատեսությանը նրա, ով մինչև օրս ղեկավարել է այդ կառույցի գործունեությունը, – կամենում ենք ընդգծել սա, թեև գիտենք, որ խոցում ենք Ձեր քաջ հայտնի համեստությունը, – այն, որ այս Սուրբ Ժողովն այսօր, վերանորոգ հոգիով, դիմագրավում է ո՛չ սակավաթիվ և դժվարին առաջադրանքները, որոնք այս Հետ-ժողովական ժամանակներում պարտադրվում են Եկեղեցու միսսիոներական գործունեությանը։ Բարիքի այդքա՜ն հարստությունը, որ ծլարձակել է Ձեր բոցավառ ջերմեռանդությունից, փաստում է, թե որքա՜ն են Աստծուց օրհնված եղել Իր լավ ու հավատարիմ ծառայի ջանքերը։ Եվ Մենք էլ սրտանց մաղթում ենք Ձեզ, որ դա կարողանա փոխակերպվել սփոփանքի և սուրբ հոգեզվարթության մշտնջենավոր աղբյուրի՝ ապագայի համար»։

 

 

«ԻՄ ՇՆՈՐՀԱԿԱԼ ՍԻՐՏԸ ...»

 

«Պատրաստ եմ։ Կուզենայի, որ Տերն ինձ հենց հիմա կանչեր։ Այդքա՜ն տարիներ աշխատեցի առաքելությունների համար, և շուտով, երբ կտոնեմ իմ 75րդ տարին, կավարտեմ այդ աշխատանքը»։ 1970 թվականի Հոկտեմբերի 19-ին, Կարդինալ Աղաջանյանը հրաժարվեց Ժողովուրդների Ավետարանացման Սուրբ Ժողովի Նախագահի պաշտոնից։ «Դա անում եմ բարեպաշտ հպատակության ոգով, այժմ էլ կրկնելով այն, ինչ ասել եմ Ձերդ Սրբությանը, որ պատրաստ եմ Ձեր Ձեռքերին հանձնել իմ հրաժարական նամակը՝ առողջական վիճակիս վատթարացման պատճառով։ Ինձ թվում է, առնվազն մեկ անգամ, որ պատշաճ կլիներ ընտրել երկու Նվիրապետներ այն մայրցամաքներից, որտեղ գտնվում են Միսսիոներական Թեմերի մեծամասնությունը. Ասիան և Աֆրիկան»։ Երկիրը, մինչդեռ, որտեղից ընտրվեց Հավատքի Տարածման Ժողովի հաջորդ Նախագահը, եղավ Բրազիլիան, հանձինս բրազիլիացի Կարդինալ և Արքեպիսկոպոս Անյելո Ռոսսիի։

Մի արտասովոր քայլք էր եղել Կարդինալ Աղաջանյանի կյանքը, որի վրա հետք էին թողել պայքարները, հալածանքները, բայց նաև ավետարանական զմայլելի հաստատումները։ Մի պատմություն, որ առաջ է շարժվել լույսերի ու ստվերների միահյուսմամբ։

Եվ սակայն, Աստված չի հեռանում պատմության թատերաբեմից. «Տիրոջ միստիկ Այգու մշակները», – ընդգծել է Գերհ. Պեկոռառոն, – «հերոսությանը վկայություն տվեցին մինչև իրենց արյան հեղումը. ճանաչեցին տեղահանություն և աքսոր, համակենտրոնացման ճամբարներ, հոտի ցիրուցան լինել, բարեգործական բազմաթիվ կառույցների քանդում. ատելության հաղթանակը տեսան այնտեղ, ուր իրենք լիքը բռերով ցանել էին Քրիստոսի սերը։ Բայց Աստծո արտը հարություն է առնում»։

Աստծո հարություն առած այդ արտը Աղաջանյանը շատ լավ էր ճանաչում. այն հենց ինքն էր լիքը բռերով ցանել՝ ջանքով ու սիրով։ Սիրով ու կարեկցանքով լի իր ձեռքերը անցան բանտերի խավարի միջով, հասան միայնությանն ու հուսահատությանը այն հոգիների, որոնք փափագում էին միմիայն Քրիստոսի սերը։ 1972 թվականին Կարդինալ Անիելո Ռոսսին կամեցավ նկարագրել Կարդինալ Աղաջանյանի ամենաանձնական գործերը, այն գործերը, որոնք նա կատարում էր փոքրիկ ժեստերով. «Նրա սիրտը աղքատների մոտ էր, և բազմաթիվ առիթներով նրա սերը լռելյայն գործի էր անցնում Հռոմի արվարձանների աղքատ թաղամասերում։ Աղաջանյանը. մի փայլուն քահանա։ Առանց կարդինալական որևէ տարբերանշան կրելու, նրան հաճախ կարելի էր արևածագից առաջ արդեն գտնել քաղաքի եկեղեցիներից մեկի մի մութ անկյունում, աղոթքի մեջ ամփոփված։ Սրբազան Պապի Աֆրիկա կատարած ճամփորդության ժամանակ, Կարդինալ Աղաջանյանը, Սրբազնագույն Հոր փափագներին համահունչ կերպով, Սուրբ Պատարագ մատուցեց Ուգանդայում Կաթողիկե Եկեղեցու նստավայրը հանդիսացող Ջինջայի արվարձաններում գտնվող մի եկեղեցում։ Այնտեղ, այդ աղքատագույն անձանցով շրջապատված, Նորին Գերազանցությունը ժամեր անցկացրեց՝ նրանց հետ զրուցելով, և ապա այցելեց Ուգանդայի ամենամեծ բորոտանոցը։ Հիվանդների մեջ բազմաթիվ երեխաներ էլ կային և Նորին Գերազանցությունը խոսում էր նրանցից յուրաքանչյուրի հետ և յուրաքանչյուրին տալիս էր իր անձնական նվերը»։

1964 թվականի Մարտին, հավելում է Անիելո Ռոսսին, Աղաջանյանը հանդիպեց Աֆրիկայից արտաքսված Եպիսկոպոսների ու միսսիոներների հետ. «Առավոտ կանուխ Հռոմի օդանավակայան գնաց և այնտեղ իր ուղջույնով ու քաջալերանքի իր խոսքերով մխիթարեց նրանց։ ... Չնայած իր ֆիզիկական ծանր տառապանքների, 1970 թվականին Հռոմում հանդիպեց ամերիկացի Եպիսկոպոս Ջեյմս Էդուարդ Ուոլշին, ով տուն էր վերադառնում Չինաստանում կրած տասներկու տարվա բանտարկությունից հետո։ Վերադարձած տարագրի մասին խոսելով, Կարդինալն ասաց. ''Հավատքի հերոս վկա է''»։ Տերը Ուոլշին երկար կյանք պարգևեց. մահացավ 1981 թվականի Հուլիսի 29-ին, 90 տարեկան հասակում, Նյու Յորք նահանգի Օսսինինգ ավանում։

Աղաջանյանի համար՝ «հավատքի վկա» լինել նշանակում էր Տիրոջ մեջ համոզված Առաքյալ լինել. արտակարգ ու հերոսական կերպով ապրել սեփական Քրիստոնեությունը։ Դա մի կոչում է՝ լույսի և սիրո, որի միակ մտահոգությունն է՝ Աստծո պատգամի կրողը լինել։ Աղաջանյանը հստակ էր. «Ամեն բան Քրիստոսինն է։ ... Սա նշանակում է, որ պետք է աշխատես՝ Քրիստոսին աշխարհի մեջ տանելու համար, և տանելու համար աշխարհը Քրիստոսին»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։