ՔԵՍԱԲ ԳՅՈՒՂԸ – Գրադարան – Mashtoz.org

ՔԵՍԱԲ ԳՅՈՒՂԸ

1939 թվականին երիտասարդ Պատրիարքը կարևորագույն դեր խաղաց՝ Սիրիայի սահմանների մեջ պահելու համար հայաբնակ Քեսաբ գյուղը։

Մի զինվորական գործողությամբ, ֆրանսիական իշխանությունների հետ համաձայնությամբ, թուրքական զորքը մտավ Սանժաքի մարզ։ Քեսաբ գյուղը գտնվում էր հյուսիս-արևմտյան մասում։ Մարզը վերանվանվեց Հաթայի Պետություն, որը մի քանի ամսվա կյանք ունեցավ։ Աղաջանյան Պատրիարքի և Փարիզի հայ համայնքի ջանքերի շնորհիվ, Քեսաբի հողերի մեծ մասը ազատագրվեց թուրքական գրավումից։

Խորը ցավ ապրող Պատրիարքը նամակներ հղեց Կարդինալ Էուժեն Տիսսերանին, ով այդ ժամանակ Արևելյան Եկեղեցիների Ժողովի Նախագահն էր, նկարագրելով իրավիճակը և այն խորը մտահոգությունը, որ ապրում էր այդ գյուղում բնակվող հայերի համար. «1922 թվականին, Մեծ Պատերազմի ավարտից ընդամենը երեք տարի անց, – պատերազմ, որի ժամանակ չլսված տեղահանություններ ու անասելի ջարդեր գործադրվեցին թուրք հրոսակների կողմից ընդդեմ Հայերի, – ամբողջովին դատարկվեց Կիլիկիան և վերադարձվեց Թուրքիային։ Սկսվեց մի երկրորդ անգամ, ֆիզիկական ու բարոյական տառապանքներով լի մի գաղթ, մոտ 120.000 հայերի, որոնք հազիվ էին այնտեղ վերադարձել տարբեր վայրերից. գաղթ, որը Հայերի այդ կորիզը ցիրուցան արեց Սիրիայով, Լիբանանով, Հունաստանով, Բուլգարիայով և Եվրոպայի տարբեր երկրներով մեկ։ Մինչ այդ տխրագույն տեղահանության հետևանքները տևում են մինչև այսօր, տեղահանվածներից շատերը բնակվում են խղճուկ խրճիթներում, ամենասարսափելի թշվառության մեջ։ Եվ ահա՛ լուր ենք ստանում, թե շուտով մի նոր տեղահանություն կլինի ի նպաստ Թուրքիայի, ... մոտ 35.000 մարդու։ Հետևաբար, մի նոր անխուսափելի ավարտ, նոր բախումներ և նոր ամբոխներ՝ իրենց օջախներից արմատախիլ արված։

Տագնապահար սրտով՝ ի տես այն դաժան տառապանքների, որ պատրաստվում են այդ խեղճ հոգիների համար, աղերսում եմ Ձերդ Գերազանցությանը, Սրբազան Հոր համաձայնությամբ, որ կամենաք խրախուսել միջամտությունը բոլոր նրանց, ովքեր որևիցէ կերպ կարող են կանգնեցնել այդ տխուր որոշումը և որևիցէ դարման գտնել»։

Աղաջանյանն ապա առավել հստակեցրեց նախապես արտահայտված պատգամը, կանգ առնելով հուսահատության վրա, որն ապրում էր իր ժողովուրդը աթեիստական բռնապետության պատճառով, և հանձնվելով Աստվածային Նախախնամությանը, որ միակն է, որ ի զորու է օգնել. « ... թույլ չտալ, որ այսքա՜ն բազմաթիվ և դաժան փորձությունների ենթարկված քրիստոնյաների տառապանքներն ու արյունը կորչեն, քանի որ դրանք ավետարանական թթխմոր են՝ անծայրածիր աշխարհամասերից ներս Քրիստոնեական Հավատքի ներթափանցման համար։ ... Բոլորի Հոր համար տագնապներով ու ցավերով այսքա՜ն լի այս ժամին, ի տես եղբայրասպան ընդհարումների, թափվող արյան, հոգևոր ու նյութական ավերածությունների, որ կուտակվում են բազմաթիվ աշխարհամասերում ... »։

Հայ Կաթողիկե Եկեղեցու երիտասարդ Պատրիարքի կողմից ձեռնարկված փրկության ու ավետարանացման գործը հետագա տարիների ընթացքում կոնկրետ օգնություններ ապահովեց։ Նա իր ժողովրդին հորդորում էր «շարունակել աղոթել, աշխատել վերանորոգ ուժով, Տիրոջից հայցելով ավելի լավ ժամանակներ ու պարագաներ՝ մարդկանց այս տառապյալ բազմության համար, որն», ինչպես ինքն իսկ ընդգծում է, «արժանի է ամեն տեսակ սիրո և ուշադրության»։ Այստեղից էր ծնվում Աղաջանյանի հրավերը՝ հրաժարվելու սխալից և հռչակելու ճշմարտությունը, շարունակելով սիրել՝ հանուն մեր Տիրոջ աստվածային ծրագրի իրագործման. ունենալու «Մեկ Հովիվ և մեկ հոտ»։

Շատ չէր անցել Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ավարտից, և աշխարհը կանգ էր առել՝ դիմագրավելու համար բարոյական վերակառուցումը հետպատերազմյան շրջանում, կոմունիստական բռնապետության կողմից ներկայացված վախը և Հավատքի տարածման դիմաց վեր բարձրացված խոչընդոտները։ Բայց Աղաջանյանի դիրքորոշումը իր հոտի ու տառապողների հանդեպ՝ կայանում էր Պողոս Առաքյալի այս խոսքերն ընդգծելու մեջ. «Հավատքը մեր փրկության սկիզբն է»։

Հավատքը, բացատրում է Աղաջանյանը, «կաթողիկեի վահանն է և խարիսխը, սա՛ է մեր հաղթանակը, մեր նվաճումը։ ... Ամենասուրբ Հաղորդությունը մեր հոգիների աստվածային սնունդն է, որ հենց սա՛ է իրականացնում։ Մեզ աճել է տալիս սիրո և շնորհի մեջ, մեզ պատրաստում է Քրիստոսի հետ մնայուն միության կյանքի, և Նրա միջոցով՝ մեզ առաջնորդում է Ամենասուրբ Երրորդության հետ միությանը»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։