1886 թվականի Սուրբ Ծննդյան շնորհը – Գրադարան – Mashtoz.org

1886 թվականի Սուրբ Ծննդյան շնորհը

132. Բայց եթե Երկինքն ինձ ճոխացնում էր շնորհներով, ես ինքս շա՜տ հեռու էի դրանց արժանի լինելուց, դեռ այնքա՜ն անկատար էի: Առաքինություններ գործադրելու մեծ կամք ունեի, ճի՛շտ է, բայց կատարում էի դրանք մի խեղաթյուր կերպով, ահա՛ մի օրինակ. քանի որ ընտանիքի փոքրն էի, վարժված չէի ինքս ինձ ծառայելու, Սելինը կարգուկանոնի էր բերում մեր ննջասենյակը, և ես չէի զբաղվում տնային ոչ մի գործով: Մարիայի Կարմեղոս մտնելուց հետո երբեմն պատահում էր, որ Աստծուն հաճույք պատճառելու համար հավաքում էի անկողինս, կամ, Սելինի բացակայության դեպքում, երեկոյան ներս էի բերում իր ծաղկամանները: Ինչպես ասացի, միմիայն Աստծո համար է, որ կատարում էի այդ գործերը, հետևաբար՝ չպետք է սպասեի արարածների շնորհակալությանը: Ավա՜ղ: Իրականում ճիշտ հակառակն էր ստացվում. եթե հանկարծ Սելինը երջանիկ ու զարմացած տեսք չէր ունենում իմ փոքրիկ ծառայությունների դիմաց, գոհ չէի լինում, և դժգոհությունս արտահայտում էի արցունքներով: Իրոք անտանելի էի՝ չափազանց զգացմունքայնությանս պատճառով: Այդպիսով, եթե ինձ պատահում էր ակամա տհաճություն պատճառել որևէ մեկին, ում սիրում էի, սկսում էի լալ ինչպես մի Մագդաղենացի, իսկ երբ փորձում էի մխիթարել ինքս ինձ ու համոզել, որ կատարվածը կամովին չէր, լալիս էի արտասված լինելուս համար: Բոլոր մտածումներն ապարդյուն էին և չէի կարողանում ուղղել այդ տձև թերությունս:

 

133. Չգիտեմ, թե ինչպե՛ս էի կարողանում Կարմեղոս շուտով մտնելու հույսը փայփայել, երբ դեռ մանկական օրորոցի մեջ էի տեսնում ինձ։ Պետք է Աստված մի փոքրիկ հրաշք կատարեր, ինձ մեկ րոպեում մեծացնելու համար, և այդ հրաշքը Նա կատարեց Սուրբ Ծննդյան անմոռանալի օրը[1]. այդ լուսավոր գիշերվա ընթացքում, որ կազմում է Ամենասուրբ Երրորդության բերկրանքը, Հիսուսը՝ մեկժամյա այդ փոքրիկ Մանկիկը, իմ հոգու խավարը նույնպես լուսանյութ հեղեղի վերածեց։ Այն գիշերը, որում Ինքը տկար ու տառապանքներին ենթակա դարձավ իմ սիրո համար, ինձ հզոր ու քաջարի դարձրեց, ինձ Իր իսկ զենքերով զինեց, և այդ օրհնյալ գիշերից հետո չպարտվեցի այլևս ոչ մի պատերազմում, ավելին՝ առաջ ընթացա հաղթանակ առ հաղթանակ, և սկսեցի – այսպես ասած – «հսկային վայել ընթացք»[2]: Արցունքներիս աղբյուրը չորացավ ու այլևս չբացվեց, եթե ո՛չ միայն՝ շա՜տ հազվադեպ ու մեծ դժվարությամբ, և այդպիսով արդարացավ այն խոսքը, որ ասել էին ինձ․ «Այնքան շատ ես արտասվում մանկությանդ տարիներին, որ հետագայում թափելիք արցունքներ այլևս չես ունենալու»։

1886ի Դեկտեմբերի 25ին էր, որ ստացա մանկությունից դուրս գալու շնորհը, մի խոսքով՝ կատարյալ դարձիս շնորհը։ Վերադառնում էինք կեսգիշերի Պատարագից, որի ընթացքում հաղորդվել էի հզոր ու ամենակարող Աստծուն։ Բուիսոնե հասնելով՝ ուրախանում էի, որովհետև քիչ անց մոտենալու էի վառարանին և ծխնելույզից դուրս էի հանելու քաղցրեղեններով լի կոշիկներս: Այդ ավանդական զվարճանքն այնքա՜ն ուրախություններ էր պարգևել մեզ մեր մանկության տարիներին, որ Սելինը կամենում էր դեռ պահպանել այն, իմ համար, որ ընտանիքի փոքրն էի: Հայրիկին հաճելի էր ինձ երջանիկ տեսնելը, ուրախությանս աղաղակները լսելը, մինչ հերթով նորանոր անակնկալներ էի դուրս քաշում իմ «կախարդական կոշիկներից», և սիրելի թագավորիս բերկրանքն է՛լ ավելի էր մեծացնում գոհունակությունս: Բայց Հիսուսը, կամենալով ցույց տալ, որ պարտավոր էի այլևս ազատվել մանկական թերություններից, հեռացրեց ինձնից դրա անմեղ զվարճություններն անգամ: Թույլատրեց, որ Հայրիկը, կեսգիշերի Պատարագից հոգնած, մի տեսակ ձանձրույթ զգա՝ տեսնելով կոշիկներս վառարանում կախված, և ասի խոսքեր, որոնք ցավագին խոցեցին սիրտս. «Հուսա՜նք վերջին տարին լինի»: Այդ պահին ես աստիճաններով վեր էի բարձրանում, սենյակս գնալու համար: Սելինը, ճանաչելով զգացմունքայնությունս և արցունքներ նշմարելով աչքերիս մեջ, իր արտասուքները նույնպես խառնեց իմոնց, որովհետև ինձ շատ էր սիրում և լավ հասկանում էր զգացածս տհաճութունը: «Ա՜հ, Թերեզա», ասաց, «իսկույն վար մի՛ իջիր, շատ կարտասվես՝ կոշիկներդ անմիջապես տեսնելով»: Բայց Թերեզան այլևս նույնը չէր, Հիսուսը փոխել էր նրա սիրտը: Արցունքներս զսպելով, իսկույն վար իջա և սրտիս բաբախումները ճնշելով՝ վերցրեցի կոշիկները, նստեցի Հայրիկի դիմաց և սկսեցի ուրա՜խ ուրա՜խ դուրս հանել բոլոր առարկաները. տեսքով կարծես երանելի թագուհի լինեի: Հայրիկը ծիծաղում էր, կրկին զվարթացել էր, իսկ Սելինն իրեն երազում էր կարծում: Բարեբախտաբար, քաղցր իրականություն էր. փոքրիկ Թերեզան վերագտել էր հոգու զորությունը, որ կորցրել էր չորսուկես տարեկան հասակում և որն այդուհետև պահպանելու էր ընդմիշտ:

 

[1] 1886ի Դեկտեմբերի 24 լույս 25ի գիշերը, ուրբաթ։

[2] Սղմ 18, 6

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։