5. Իր հավիտենականություն մուտք գործելուց հետո խոստանում է ... – Գրադարան – Mashtoz.org

5. Իր հավիտենականություն մուտք գործելուց հետո խոստանում է ...

5. Իր հավիտենականություն մուտք գործելուց հետո խոստանում է նրան եղբայրական այնպիսի՜ մտերմություն, որ հմայք կպատճառի հրեշտակներին անգամ: Իսկ մինչ այդ, հրավիրում է նրան հետևելու իրեն՝ առ Աստված որդիական սիրո ճանապարհում: Պատասխանելով իր հոգևոր եղբոր հարցերից մեկին, կարճառոտ կերպով պատմում է նրան իր ընտանիքի պատմությունը:

 
 
26 Հուլիս 1897թ.
Հ.Մ.Հ.Թ.
Հիսուս ✝
 
Իմ սիրելի եղբայր,
ի՜նչ մեծ հաճույք պատճառեց ինձ Ձեր նամակը: Եթե Հիսուսն ընդունեց Ձեր աղոթքները և դրանց պատասխանելով երկարաձգվեց աքսորս, պետք է ասեմ, որ Նա ըստ Իր ողորմած սիրո ունկնդրեց նաև իմ աղոթքները, որովհետև Դուք – ինչպես եզրակացնում եմ Ձեր նամակի վրա հիմնվելով – համակամվել եք կորցնելու «իմ  տեսանելի ներկայությունն ու ներգործությունը»: Ա՜հ, Եղբայր իմ, Աստված շա՜տ ավելի քաղցր անակնկալներ է պատրաստում Ձեր համար: Դուք «այնքան էլ վարժ չեք գերբնական իրողություններին», Ձեր իսկ խոսքերի համաձայն, և ես, որ առանց որևէ պատճառի չէ, որ Ձեր քույրն եմ, խոստանում եմ Ձեզ հնարավորությունը տալ ճաշակելու, դեպի հավիտենություն մուտք գործելուցս հետո, այն երջանկությունը, որ բխում է մեր կողքին մի բարեկամ անձի ներկայության զգացումից: Այլևս չի խոսվի նամակագրական կապի մասին, ինչպիսին ներկան է, առավել կամ նվազ հաճախակի, բայց միշտ էլ՝ շատ անկատար (ինչի համար թվում է, թե տրտնջում եք), այլ՝ եղբայրական մտերիմ զրույցի, որ հիացում կպատճառի հրեշտակներին անգամ: Մի բարեկամություն, որն արարածները չեն կարողանա այպանել, որովհետև ծածկված կմնա նրանց հայացքից:
Ա՜հ, իմ համար քանի՜ցս գրավիչ է այս մահկանացու մարմնից ազատվելու հեռանկարը. այս մարմնից, որը, եթե մի անհնարին ենթադրության համաձայն՝ գտնվեի Եղբորս հետ միասին նաև ա՛յլ անձանց ներկայությամբ, կհարկադրեր ինձ դիտել նրան իբրև օտարական, իբրև որևիցե մի անծանոթ:
Բայց խնդրում եմ Ձեզ, Եղբայր իմ, մի՛ նմանվեք հրեաներին, որոնք կարոտով էին հիշում «Եգիպտոսի սոխերը»[1]: Այն օրից ի վեր, ինչ սկսել եմ գրել Ձեզ, միայն հագեցրել եմ Ձեզ այդօրինակ բույսերով, որ ստիպում են արտասվել, եթե աչքերին են մոտեցվում անեփ վիճակում: Մինչդեռ այժմ երազանքս է Ձեր հետ կիսել այն «թաքնված մանանան»[2], որն Ամենակարողը խոստացել է հաղթողներին միայն:
Միմիայն իր թաքցված լինելու պարագայի համար է, որ այս երկնային մանանան նվազ հրապուրիչ է, քան «Եգիպտոսի սոխերը», բայց անկասկած, երբ այլևս հնարավորությունը կունենամ մատուցելու Ձեզ զուտ հոգևոր կերակուրներ, չեք շարունակի ողբալ այն, ինչը որ կկարողանայի պարգևել, եթե դեռ երկար օրեր մնացած լինեի երկրի վրա:
Ա՜հ, Ձեր հոգին բավական մեծ է և չի կարող կապնվել այստեղի մխիթարություններին: Պարտավոր եք սկսել ապրել Երկնքում, ահա ա՛յս վայրկյանից ի վեր, որովհետև գրված է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ կլինեն նաև ձեր սրտերը»[3]: Մի՞թե Հիսուսը չէ Ձեր միակ գանձը: Իսկ քանի որ Նա Երկնքում է, այնտեղ պետք է բնակվի նաև Ձեր սիրտը: Ձեզ սա ասում եմ ամենայն պարզությամբ, Եղբայր իմ. Ձեր համար ավելի հեշտ կլինի ապրել Հիսուսի հետ, երբ ես այլևս ընդմիշտ Իր մոտ կլինեմ:
Իրոք, պետք է որ շատ վատ ճանաչեք ինձ՝ վախի զգացումներ ունենալ կարողանալու համար, թե Ձեր թերություններին մանրամասն տեղեկանալը կարող է նվազեցնել այն գորովը, որ ունեմ Ձեր հանդեպ: Ա՜հ, Եղբայր իմ, վստահ եղեք նաև, որ կարիքը չեմ ունենա «ձեռքս Հիսուսի բերանին դնելու»՝ այդ թերությունների թվարկումը դադարեցնելու համար: Նա մոռացության է մատնել Ձեր բոլոր անհավատարմությունները. Նրա առջև ներկա են կատարելության ձգտող Ձեր իղձերը միայն, իսկ այս վերջինները զվարթության ակունք են Իր սրտի համար:
Աղաչում եմ Ձեզ, այլևս «մի՛ տարածվեք Նրա ոտքերի առաջ», այլ՝ հետևեք այն «առաջին ազդակին, որը Ձեզ մղում է դեպի Իր հայրական գիրկը»: Սա՛ է Ձեր տեղը, և ես մեկից ավելի անգամներ փաստեր եմ գտել Ձեր նամակներում, որ Ձեզ արգելված է դեպի երկինք քայլել մի ա՛յլ ճանապարհով, տարբեր՝ Ձեր խեղճ փոքրիկ քրոջ ուղուց:
Բացարձակ կերպով համաձայն եմ Ձեր հետ. «Աստվածային Սիրտն ավելի է տրտմում Իր բարեկամների հազարավոր փոքրիկ անփափկանկատությունների, քան աշխարհում կորած հոգիների նույնիսկ ծանր հանցանքների համար»: Եվ սակայն, իմ փոքրիկ սիրելի Եղբայր, ինձ թվում է, թե դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ Իրենները չեն նկատում, չեն անդրադառնում իրենց տևական պակասություններին, երբ դրանք սովորության են վերածում և ներում անգամ չեն խնդրում դրանց համար: Ահա՛ այդպիսի դեպքերում է, որ Հիսուսն արտասանում է այն հուզիչ խոսքերը, որոնք Եկեղեցին հանուն Իր կրկնում է Ավագ Շաբաթվա ընթացքում. «Այս վերքերը, որ տեսնում եք ձեռքերիս վրա, ստացա նրանց տանը, ովքեր սիրում էին ինձ»[4]: Բայց նրանց պարագային, որոնք ոչ միայն սիրում էին, այլ՝ շարունակում են սիրել Իրեն և գալիս են, յուրաքանչյուր ակամա անհավատարմությունից հետո, խնդրելու Իրենից ներում, փարվելով Իրեն այո՛ ամաչելով, բայց նաև վստահությամբ, Հիսուսը ցնծում է ուրախությունից: Նա ասում է Իր հրեշտակներին. «Կրկին հագցրեք նրան իր նախկին պատմուճանը, մատանին նրա ձեռքը տվեք, ուրախանանք բոլորս»[5]: Ա՜հ, Եղբայր իմ, որքա՜ն քիչ են ճանաչված Հիսուսի բարությունն ու ողորմած սերը:
Ճիշտ է, Նրա գանձերը վայելելու համար հարկավոր է խոնարհվել, համոզվել մեր անձի ոչնչությանը. հենց սա՛ է, որ շա՜տ ու շա՜տ հոգիներ չեն կամենում անել: Բայց Դուք վերջիններիս նման չեք վարվում, Եղբայր իմ, և այս փաստի վրա հիմնվելով եզրակացնում եմ, որ պարզ ու սիրալի վստահության ուղին ստեղծված է ճիշտ Ձեր համար: Կուզենայի, որ պարզ լինեիք մարդասերն Աստծո հետ, բայց նաև ... իմ հետ: Զարմանո՞ւմ եք արտահայտությանս համար: Տեսե՛ք, Եղբայր իմ, Դուք ինձնից ներողություն եք խնդրում Ձեր «անքաղաքավարության» համար, որ կայանում է այն հարցի մեջ, թե արդյոք «Ժընըվիև՞» է եղել Ձեր քրոջ անունը: Նմանօրինակ հարցադրումն իմ համար ամբողջովին բնական է, և դա Ձեզ փաստելու համար՝ այստեղ կուրվագծեմ ընտանիքիս վերաբերվող որոշ մանրամասներ, որոնց շուրջ մինչ այժմ ճշգրիտ տեղեկություններ չեք ունեցել:
Մարդասերն Աստված հարմար նկատեց պարգևել ինձ ավելի Երկնքին, քան թե երկրին արժանի Հայր և Մայր: Նրանք Տիրոջից խնդրեցին բազմաթիվ որդիներ պարգևել իրենց, որպեսզի կարողանային նրանց բոլորին էլ Իրեն վերընծայել: Այդ խնդրանքն ընդունվեց Երկնքի կողմից: Չորս փոքրիկ հրեշտակները ճախրեցին դեպի Երկինք, իսկ մրցասպարեզում մնացած մյուս հինգ դստրերը նախընտրեցին իրենց կրծքին կրել Հիսուսի զինանշանը: Հերոսական աննկուն քաջություն ցուցաբերեց Հայրս, որն, իբրև նորոգ Աբրահամ, երեք անգամ բարձրացավ Կարմեղոսի լեռը՝ այնտեղ Աստծուն զոհելու համար այն, ինչը որ իր սրտի գանձերից ամենաթանկագինն էր այս երկրի վրա: Նախևառաջ ընծայվեցին երկու մեծերը: Ապա նրա դստրերից երրորդը, իր հոգևոր առաջնորդի խորհրդի համաձայն, և ինչպես միշտ՝ ուղեկցված մեր սիրելի Հոր կողմից, կրոնավորության մի փորձ կատարեց Այցելության Միաբանության վանքերից մեկում: (Մարդասերն Աստված, սակայն, բարի կամքով միայն գոհացավ: Ավելի ուշ, նա վերադարձավ աշխարհ, ուր ապրեց փակարանի միևնույն կյանքը): Աստվածային ընտրության համար մնում էին միայն երկու դստրեր, որոնցից մեկը տասնութ տարեկան էր, մյուսը՝ տասնչորս: Այս վերջինը՝ «փոքրիկ Թերեզան», նրանից խնդրեց արձակել իր կապերը, որպեսզի կարողանար թռիչք անել դեպի Կարմեղոս: Մի բան, որ նա ստացավ իր զմայլելի Հորից առանց որևէ դժվարության: Այդ Հոր սիրավառ սիրտն առաջնորդեց նրան նախ Բեյեո, ապա նաև Հռոմ, իրեն որպես նպատակ ունենալով հարթումն այն խոչընդոտների, որոնք երկարաձգում էին ողջակիզումը նրա, ում ինքն անվանում էր «իմ թագուհի»: Երբ այս մեկին նույնպես հասցրեց նավահանգիստ, ասաց իր մոտ մնացած միակ դստերը. «Եթե կամենում ես հետևել քույրերիդ օրինակին, քեզ տալիս եմ իմ համաձայնությունը. դու ինձնով մի՛ մտահոգվիր»:
Հրեշտակը, սակայն, որ պարտավոր էր նեցուկ կանգնել նմանօրինակ սրբի ծերությանը, պատասխանեց, որ նրա Երկինք մեկնելուց հետո միայն կսլանա փակարան. դա բերկրանքով լցրեց սիրտը նրա, ով ապրում էր միմիայն Աստծո համար:
Այսքա՜ն գեղեցիկ կյանքը, սակայն, պետք է որ պսակվեր այդպիսի առաքինություններին պատշաճ փորձությամբ: Վանք մտնելուցս քիչ ժամանակ անց Հայրս, որին մենք սիրում էինք և որն իսկապես արժանի էր մեր սիրույն, կրեց մի քանի կաթվածահարումներ, որոնք անդամալուծեցին իր ոտքերը. բայց մարտիրոսությունը չէր կարող կանգ առնել այդտեղ: Այդ դեպքում չափազանց նուրբ կլիներ փորձությունը, որովհետև պետք է հաշվի առնենք, որ վեհանձն նահապետն իրեն Աստծուն էր ընծայել որպես զոհ: Այդպիսով, փոխելով իր ուղղությունը, կաթվածը հարվածեց մեծափառ զոհի գլխին. զոհ, որն ընդունելի էր եղել Տիրոջ կողմից: Թուղթս վերջանում է և այլևս տեղ չունեմ հուզիչ մանրամասները պատմելու համար: Ուզում եմ միայն ասել, որ անհրաժեշտ եղավ խմել դառը բաժակը մինչև վերջին կաթիլը և երեք տարով բաժանվել մեր սիրելի Հորից, վստահելով նրան այո՛ աստվածավախ ու բարերար, բայց միշտ՝ օտար ձեռքերի:
Նա սիրով ընդունեց այդ փորձությունը, ըմբռնելով հանդերձ դրա պատճառած ողջ նվաստացումը, և այնքա՜ն առաջադիմեց իր հերոսության մեջ, որ չկամեցավ, որ աղոթեն իր բժշկման համար:
Մինչ նոր տեսություն Աստծո մոտ, իմ փոքրիկ թանկագին Եղբայր. հուսամ, թե դեռ կկարողանամ գրել Ձեզ, եթե անշուշտ չսաստկանա ձեռքերիս դողը, որը ստիպեց ինձ գրել այս նամակը զանազան ընդմիջումներով:
 
 
Ձեր փոքրիկ քույր, ո՛չ Ժընըվիև, այլ՝
Թերեզա Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի
անարժանաբար՝ կարմեղական միանձնուհի

[1] Թց 11, 5

[2] Հյտ 2, 17

[3] Մտթ 6, 21; Ղկս 12, 34

[4] Զքր 13, 6

[5] Հմմտ. Ղկս 15, 22-23

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։